ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-89)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 դեկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 89 | ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 դեկտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Տիգրան Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Տիգրան Հարությունյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի նոյեմբերի 30-ին) խնդրել է հետևյալը. «Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով այդ նորմով աճուրդն անվավեր ճանաչելու հիմքերի մեջ նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասով ու 252-րդ հոդվածով երաշխավորված գրավատուի իրավունքների խախտումը»։
2. Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթով խախտվել են իր իրավունքները գրավադրված գույքի մասով, մասնավորապես դատարանների կողմից այն կիրառվելով այնքանով, որքանով նշված դրույթով աճուրդն անվավեր ճանաչելու հիմք չի հանդիսացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 252-րդ հոդվածով սահմանված և երաշխավորված գույքի սեփականատեր հանդիսացող գրավատուի իրավունքների ապահովմանն ուղղված ընթացակարգի խախտումը, այդ իրավունքից զրկումը, ինչպես նաև խախտված իրավունքի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, քանի որ վիճարկվող նորմի առկայությունը գրավադրված գույքն աճուրդով իրացվելու դեպքում ձևական է դարձնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 252-րդ հոդվածով սահմանված գրավատուի իրավունքների խախտման հիմքով աճուրդն անվավեր ճանաչելու մասին դատական գործը կանխորոշելով դրա ելքը։ Դիմողը նշում է, որ դատարանների մեկնաբանությունը հանգում է նրան, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը սահմանել է գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու մի ընթացակարգ, երբ այդ օրենքի հիման վրա իրականացվող գրավադրված գույքի աճուրդի դեպքում անհրաժեշտ չէ ապահովել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 252-րդ հոդվածով սահմանված և երաշխավորված գույքի սեփականատեր հանդիսացող գրավատուի իրավունքները, քանի որ այդ իրավունքների չապահովումը, համաձայն նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի, աճուրդն անվավեր ճանաչելու հիմք չէ։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի ներկայացրած հիմնավորումները, ըստ էության, հանգում են նրան, որ դիմողի իրավունքները խախտվել են վիճարկվող դրույթով, մասնավորապես դատարանների կողմից նշված դրույթը կիրառելիս աճուրդն անվավեր ճանաչելու հիմք չի հանդիսացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 252-րդ հոդվածով սահմանված և երաշխավորված գույքի սեփականատեր հանդիսացող գրավատուի իրավունքների խախտումը։ Ելնելով դիմումով ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործով դիմողն ըստ էության վիճարկում է դատարանների կողմից կայացված դատական ակտերի և կատարված գործողությունների իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Վերոգրյալից բխում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, իսկ այդպիսի դիմումներով գործերի քննությունը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա է մերժման։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի սահմանադրականության հարց, այլ նորմի կիրառման իրավաչափության հարց, որը Սահմանադրական դատարանի քննության առարկա չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Տիգրան Հարությունյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
21 դեկտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-89
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 դեկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-89
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
