Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐՇԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՆԱՐԵԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐՇԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՆԱՐԵԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-459 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-45)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 45 | ՎԱՐՇԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՆԱՐԵԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 9 սեպտեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Վարշամ Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վարշամ Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արմինե Ավետիսյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը 2025 թվականի օգոստոսի 27-ին Սահմանադրական դատարանին է ներկայացվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով և Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի օգոստոսի 28-ին)՝ խնդրելով.

«1․ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունը, 35.1 հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 35.2 հոդվածի 3-րդ և 7-րդ մասերը, 35.4 հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10, 11, 59, 60, 75, 78 հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/40117/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.4-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերով սահմանված, «(...) այն է՝ «գույքը հանձնելու մասին» գործարքը, չի կարող համարվել հրապարակային սակարկության հիման վրա կնքված գործարք: Մասնավորապես, «գույքը հանձնելու մասին» պայմանագիրը, որը կնքված է այն անձի հետ, որը չի հանդիսանում սակարկության մասնակից, այսինքն՝ անձի հետ, որը չի հայտնել աճուրդին մասնակցելու ցանկություն, չի վճարել լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով նախավճար, աճուրդի ընթացքում չի առաջարկել ամենաբարձր գինը, չի կարող համարվել հրապարակային սակարկությունների հիման վրա կնքված»:

Դիմողը նշում է նաև, որ իր կողմից ներկայացված հայցի հիման վրա «(...) թիվ ԵԴ/40117/02/22 քաղաքացիական գործով Դատարանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից սույն դիմումով վիճարկվող նորմերին տրված սխալ և վերոգրյալ սահմանադրական նորմ-սկզբունքներին հակասող մեկնաբանության արդյունքում (...), իրավական որոշակիության բացակայության և բացառապես օրենքով հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը սահմանելու սկզբունքների խախտման հետևանքով, խախտվում է Դիմողի սնանկության կառավարչի կողմից կանխատեսելի և իրավաչափ վարքագիծ դրսևորելու իրավական հնարավորությունը և իր իրավազորությունների իրացման հնարավորությունը, ինչի արդյունքում նաև՝ Պարտապանի և Պարտատերերի սեփականության և արդար դատաքննության իրավունքները՝ բացառելով սնանկության կառավարչի կողմից՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով ամրագրված իրավազորությունների շրջանակում սնանկ պարտապանի և դրա արդյունքում պարտատերերի իրավունքների պատշաճ պաշտպանության մեխանիզմի գործարկումը»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(...) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (...)»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում, ըստ էության, վիճարկում է «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 2 և 3-րդ պարբերությունների, 35.1-ին հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 35.2-րդ հոդվածի 3 և 7-րդ մասերի, 35.4-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի՝ Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներին համապատասխանությունը, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է.

Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների հակասությունը Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներով երաշխավորված՝ տնտեսական գործունեության ազատության և սեփականության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր համապատասխան հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար՝ նաև տվյալ փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 10 և 11-րդ հոդվածների առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դրանք ամրագրված են Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում, մինչդեռ նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման:

Անդրադառնալով նաև Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածների համապատասխանության հարցին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության սահմանափակման լույսի ներքո: Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ իր որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 75-րդ և 78-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում: Այսպիսով՝ սույն դիմումով չի հիմնավորվում «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 2 և 3-րդ պարբերությունների, 35.1-ին հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 35.2-րդ հոդվածի 3 և 7-րդ մասերի, 35.4-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և/կամ ազատությանը, հետևաբար և՝ Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին։

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 2 և 3-րդ պարբերությունների, 35.1-ին հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 35.2-րդ հոդվածի 3 և 7-րդ մասերի, 35.4-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է նաև, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/40117/02/22 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների, 35.1-ին հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 35.2-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի, 35.4-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Այսպիսով, սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1․ Բավարարել Վարշամ Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը։

2․ Վարշամ Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

9 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-45

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-45
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել