«ՕԱԶԻՍ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 սեպտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 49 | «ՕԱԶԻՍ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 23 սեպտեմբերի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով «ՕԱԶԻՍ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՕԱԶԻՍ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչներ՝ փաստաբան Խ. Մաթևոսյան, Վ. Պետրոսյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի սեպտեմբերի 13-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) Որոշել ՀՀ հարկային օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ «Ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից» դրույթի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին համապատասխանությունը այնքանով, որքանով վիճարկվող դրույթով սահմանվող հարկային հսկողության արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու օրվանից հասցեատիրոջը հանձնված համարելն առանց վերջինիս կողմից այդ ակտը փաստացի ստանալու մասին հավաստման ոտնահարում է հարկ վճարողների՝ արդարադատության մատչելիության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները՝ հանգեցնելով նշված իրավունքների իրացման համար անհրաժեշտ և արդյունավետ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանման պահանջների խախտմանը»:
2. Դիմողը, մասնավորապես, գտնում է, որ հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին հասցեագրված վարչական ակտը հանձնված համարելը՝ առանց հարկ վճարողի կողմից այդ փաստաթուղթը ստանալու վերաբերյալ հավաստման, չի կարող դիտարկվել որպես վարչական ակտի վերաբերյալ պատշաճ ծանուցում: Դիմողը նշում է, որ դատարանի մատչելիության իրավունքի տրամաբանությունից բխում է, որ անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող վարչական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա, իսկ համապատասխան ակտի մասին իրազեկված չլինելու պայմաններում գործնականում անհնարին է այդ ակտի վիճարկումը։
Դիմողը պնդում է, որ «(...) հարկային հսկողության արդյունքում ընդունված վարչական ակտի՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրումը համարելը այդ ակտը հարկ վճարողին հանձնված չի կարող դիտվել որպես արդարադատության մատչելիության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման արդյունավետ միջոց, առանց այդ ակտի ստացման մասին հավաստման։
(...)
(...) հարկային օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված Ակտը (նախագիծը) հանձնված համարվելու մասին դրույթը, այն մասով, որով հնարավոր է դառնում հարկ վճարողներին՝ իրենց վերաբերյալ վարչական ակտերը հանձնելը սահմանափակել լոկ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի վերջինիս անձնական էջում տեղադրելով, հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված արդարադատության մատչելիության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին՝ միաժամանակ հանգեցնելով Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված իրավունքների իրացման համար անհրաժեշտ և արդյունավետ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանման պահանջների խախտմանը»:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկում է ՀՀ հարկային օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրության 50, 61, 63 և 75-րդ հոդվածներին: Այդ առնչությամբ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի հակասությունը Սահմանադրության 50, 61 և 63-րդ հոդվածներով ամրագրված՝ համապատասխանաբար՝ պատշաճ վարչարարության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության վերոնշյալ հոդվածներով ամրագրված որևէ հիմնական իրավունքի խախտման, հետևաբար՝ համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ։ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության 50, 61 և 63-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդումների սոսկ վկայակոչմամբ:
Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75-րդ հոդվածի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դրա բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթի՝ իր որևէ հիմնական իրավունքի խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննարկումը դրա՝ Սահմանադրության նաև 75-րդ հոդվածին հնարավոր հակասության հարցի համատեքստում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, և գործի քննությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՕԱԶԻՍ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
23 սեպտեմբերի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-49
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-49
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
