Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-12712 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-127)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 հուլիսի 2022թ. ՍԴԱՈ - 127 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2022 թվականի հունիսի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև դիմող) դիմումը: Վերաքննիչ քրեական դատարանը թիվ 21/32/1175-21 գործով և թիվ 21/32/130-22 գործով («Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2022 թվականի հունիս 7-ի որոշում) որոշել է. «Պաշտպան Մնացական Մարուքյանի թիվ 21/32/1175-21 գործով, ինչպես նաև պաշտպան Արսեն Մկրտչյանի թիվ 21/32/130-22 գործով ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա, վերոնշյալ գործերի լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված դիմել ՀՀ Սահմանադրական դատարան խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 479-ի 3-րդ մասով նախատեսված իրավանորմի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության հոդվածներ 162-ի, 163-ի և 172-ի պահանջներին»:

2. Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 5, 6, 162, 163, 168, 169 և 172-րդ հոդվածները, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ և 27-րդ հոդվածները, գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 01.07.2022 թ.) 479-րդ հոդվածի 3-րդ մասի հակասահմանադրականության առնչությամբ: Մասնավորապես, ըստ դիմողի վիճարկվող նորմով վերաքննիչ դատարանին վերապահվել է Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չնախատեսված լիազորություն, որը հանգեցրել է առաջին ատյանի դատարանի դատական ակտի բացակայության պայմաններում վերաքննիչ քրեական դատարանի կողմից սահմանադրական գործառույթի իրականացման, ինչն իրավասությունների սահմանազանցում է (էքսցես): Այս առիթով դիմողը մատնանշում է նաև Սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 և 2016 թվականի հոկտեմբերի 11-ի ՍԴՈ-1314 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները: Դիմողի գնահատմամբ վիճարկվող նորմի սահմանադրականության ապահովման դիտանկյունից առավել արդյունավետ է, եթե գլխավոր դատախազի հանձման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ և ՀՀ արդարադատության նախարարի հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները բողոքարկվեն առաջին ատյանի դատարան: Բացի դրանից, ըստ դիմողի դատական պաշտպանության և դատական բողոքարկման իրավունքն իրացնելիս առաջին ատյանի դատարանի բացառումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությանը խաթարելով օրենսգրքի ներքին ամբողջականությունը, դատական պաշտպանության շարունակականությունը և փուլային բնույթը: Այս փաստարկի հիմնավորմամբ դիմողը գտնում է, որ անձը զրկվում է դատական բոլոր ատյաններում իր բողոքը ներկայացնելու հնարավորությունից, ինչը խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Բացի դրանից, դիմողը նշում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով շարունակվում է պահպանվել վիճարկվող նորմը, ուստի այս առնչությամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը կարևորվում է օրենսդրության զարգացման տեսանկյունից: Ամփոփելով իր փաստարկներն ու դիրքորոշումները դիմողը գտնում է, որ պետք է պարզել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 01.07.2022 թ.) 479-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրությանը:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրված է նաև Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Օրենքի հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Սահմանադրական դատարանը շեշտում է, որ դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Սահմանադիրը, իբրև սահմանադրականության հաստատման և սահմանադրական իրավակարգի ամրապնդման հիմնարար երաշխիք, Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով դատարանին վերապահել է Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն միաժամանակ հստակ ուրվագծելով սույն իրավասության իրացման շրջանակները, այն է

1. դատարանն իր այս իրավասությունն իրացնում է բացառապես իր վարույթում գտնվող կոնկրետ գործով, այսինքն տվյալ գործը ոչ միայն դատավարական (ֆորմալ) առումով գտնվում է դատարանի վարույթում, այլև գործի/նյութի (վեճի) լուծումը գտնվում է դատարանի իրավազորության տիրույթում,

2. այն պարագայում, երբ դատարանը հիմնավոր կասկած ունի տվյալ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ, և

3. տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, փաստում է, որ վերոթվարկյալ բոլոր պայմանների համաժամանակյա առկայությունը հավաստիքն է առ այն, որ անհնարին է դատական գործի հետագա քննությունը մինչև կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը» (03.05.2022թ. ՍԴԱՈ-81): Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից չի պահպանվել «իր վարույթում գտնվող կոնկրետ գործով» Սահմանադրական դատարան դիմելու պահանջը, քանզի դիմողն իր որոշմամբ անդրադարձել է մեկից ավելի գործերի և իր մտահոգությունը ներկայացրել է մեկից ավելի գործերի առնչությամբ: Սահմանադրական դատարանն այս համատեքստում անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողությանը, մասնավորապես, բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա: Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը (ՍԴՈ-751, 15.04.2008թ.): Դատարանի որպես Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտի, Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն անմիջականորեն կապված է իր վարույթում գտնվող կոնկրետ գործով անձի նկատմամբ կիրառման ենթակա նորմի սահմանադրականությունը պարզելու հետ, այսինքն դատարանները կարող են դիմել Սահմանադրական դատարան բացառապես կոնկրետ վերահսկողության շրջանակներում: Մինչդեռ վերացական վերահսկողության նպատակն ապագա իրավահարաբերություններին ուղղված մեկից ավելի գործերով անձանց նկատմամբ կիրառելի որոշման ելքով սահմանադրական արդարադատության իրականացումն է: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը դուրս է եկել Սահմանադրությամբ և Օրենքով իրեն վերապահված կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրականությունը պարզելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրացման թույլատրելի սահմաններից և Սահմանադրական դատարան է դիմել մեկից ավելի գործերին առնչվող հարցադրման կապակցությամբ արդյունքում վերածվելով վերացական վերահսկողության շրջանակներում Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտի, ինչի իրավասությունը Սահմանադրությամբ և Օրենքով չունի: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

12 հուլիսի 2022 թվականի

ՍԴԱՈ-127

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-127
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել