Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՐԱՇՔ ԱՊԱԳԱ» ՍՊԸ-Ի, «ՂԱԶՈՒՄՅԱՆ ԳՈՒԳԱՐ» ՍՊԸ-Ի, ԿԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԲԵՐՏ ՇԱՄԻՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՐԱՇՔ ԱՊԱԳԱ» ՍՊԸ-Ի, «ՂԱԶՈՒՄՅԱՆ ԳՈՒԳԱՐ» ՍՊԸ-Ի, ԿԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԲԵՐՏ ՇԱՄԻՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2615 նոյեմբերի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 նոյեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 26 | «ՀՐԱՇՔ ԱՊԱԳԱ» ՍՊԸ-Ի, «ՂԱԶՈՒՄՅԱՆ ԳՈՒԳԱՐ» ՍՊԸ-Ի, ԿԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԲԵՐՏ ՇԱՄԻՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

15 նոյեմբերի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի, «Ղազումյան Գուգար» ՍՊԸ-ի, Կարինե Օհանյանի և Ալբերտ Շամիրյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ն, «Ղազումյան Գուգար» ՍՊԸ-ն, Կարինե Օհանյանը և Ալբերտ Շամիրյանը 01.11.2017թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 60, 61, 63, 78, 79 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը: Կամ

Բացահայտել ՀՀ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի, «Ղազումյան Գուգար» ՍՊԸ-ի, Կարինե Օհանյանի և Ալբերտ Շամիրյանի գումարի բռնագանձման պահանջի մասին գործով կայացրել է վճիռ, որով հաստատել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը: «Յունիբանկ» ԲԲԸ-ն միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան կատարողական թերթ տրամադրելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջով, որը բավարարվել է մասնակի կատարողական թերթ տալու մասով: «Յունիբանկ» ԲԲԸ- ն կրկին միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան կատարողական թերթն առաջին անգամ հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և վերականգնելու պահանջի մասին, որը մերժվել է դատարանի որոշմամբ: «Յունիբանկ» ԲԲԸ-ն ներկայացրել է վերաքննիչ բողոք ընդդեմ այդ որոշման, որը բավարարվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ: Դիմումատուները վճռաբեկ բողոք են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որի ընդունումը վարույթ մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ:

3. Դիմողների` վիճարկվող դրույթների ենթադրյալ

հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները հանգում են հետևյալին: Դիմողները գտնում են, որ վիճարկվող դրույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն չի նախատեսում կատարողական թերթի տրամադրման համար բաց թողնված ժամկետի վերականգնման որևէ չափորոշիչ` հարցի լուծումը թողնելով իրավակիրառողի` «կամայականության հասնող» հայեցողությանը` որոշելու, թե արդյոք ժամկետի բացթողումը «հարգելի է», թե ոչ:

Դիմողների կարծիքով` վեճի առարկա դրույթում առկա իրավական անորոշությունն իրավակիրառողին տալիս է սուբյեկտիվ մեկնաբանության անսահման շրջանակ, բացակայում են չափորոշիչներ, սկզբունքներ, որոնք իրավակիրառողին և քաղաքացիներին հնարավորություն կտան կանխատեսելի դարձնել տվյալ նորմի կիրառությունը:

Ըստ դիմողների` վիճարկվող դրույթն ստեղծել է անորոշ մի իրավիճակ, երբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնման «հարգելի» պատճառներն անկանխատեսելի են պարտապանի համար:

4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ սահմանադրական դատարանը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ 2013 թվականի սեպտեմբերի 24-ի ՍԴՈ-1115 որոշմամբ արձանագրել է, որ «... «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «քաղաքացի- պահանջատիրոջ» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանել և կիրառել ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը համահունչ` հաշվի առնելով, որ այն վերաբերում է նաև իրավաբանական անձանց, քանի որ այն իր էությամբ կիրառելի է վերջիններիս նկատմամբ...»: Միաժամանակ, հիշյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև սույն գործի շրջանակներում դիմողների կողմից բաձրացված հարցին առ այն, որ «...այն չի նախատեսում կատարողական թերթի տրամադրման համար բաց թողնված ժամկետի վերականգնման որևէ չափորոշիչ` հարցի լուծումը թողնելով իրավակիրառողի հայեցողությանը...»` արձանագրելով, մասնավորապես, որ «...սահմանադրական դատարանը կարևորում է այն հարցի պարզաբանումը, թե արդյո՞ք դատարանի իրավունքն է ոչ միայն կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի պատճառները հարգելի ճանաչելու հանգամանքի հաստատումը, այլև բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պարագայում նաև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը: Այսպես, օրենքը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավունքը տվել է դատարանին, ինչն իրավաչափ է: Դատարանը, քննելով դիմումը, անդրադառնում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչելու նպատակով պահանջատիրոջ ներկայացրած պատճառների հիմնավորվածությանը: Այսինքն` դատական նիստ հրավիրելու մասին օրենքի պահանջի տրամաբանությունը պահանջատիրոջ կողմից դատարան ներկայացված պատճառները հարգելի լինելու հանգամանքի մասին դատարանի կողմից պատճառաբանված գնահատական տալն է: Հետևաբար, այն պարագայում, երբ դատարանը հարգելի է համարում ներկայացված պատճառները, ապա վերականգնում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը»: Վերոշարադրյալ դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմողների կողմից բարձրացված սահմանադրաիրավական հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի նշյալ որոշումը, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի, անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու հիմք է:

Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է նաև, որ դիմողների համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողներն ընդամենը բարձրացնում են դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն ներկայացնել որպես խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկում: Մասնավորապես, գործով ներկայացված ՀՀ վերաքննիչ դատարանի 2017 թվականի մարտի 16-ի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարար է համարել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ներկայացված հիմքերը, առանձնացրել է որոշակի փաստեր, որոնք հիմնավորում են բաց թողնված ժամկետը հարգելի համարելը, որոնք, ըստ Վերաքննիչ դատարանի գնահատման, պատշաճ ուշադրության չեն արժանացել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ (ՍԴՈ-1115) որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշմամբ Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմողներն ընդամենը բարձրացնում են վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի, «Ղազումյան Գուգար» ՍՊԸ-ի, Կարինե Օհանյանի և Ալբերտ Շամիրյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

15 նոյեմբերի 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՍԴԴԿՈ/2-26

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 նոյեմբերի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-26
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել