«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-67)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 ապրիլի 2021թ. ՍԴԱՈ - 67 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2021 թվականի մարտի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դատարան) դիմումը, որով ներկայացվել է թիվ ԵԴ/1289/02/20 քաղաքացիական գործով «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» 09.03.2021 թ. որոշումը: Վերոնշյալ որոշմամբ Դատարանը խնդրել է հետևյալը. «(…) որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 29-րդ և 75-րդ հոդվածներին այնքանով, որքանով խտրականության արգելքի խախտման դեպքում չի սահմանում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն»։
2. Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործող կարգավորումները բացառում են ոչ նյութական վնասի հատուցման հնարավորությունը խտրականության սահմանադրական արգելքի խախտման դեպքում մասնավոր իրավահարաբերությունների մասնակիցների միջև, ինչը չի կարող բխել արդարության շահերից, ինչպես նաև ապահովել վնասի հատուցման ինստիտուտի կանխարգելիչ բնույթը և տուժողներին պատճառված վնասի ամբողջական հատուցումը։ Միաժամանակ նշել է, որ նման օրենսդրական բացի հաղթահարման իրավական որևէ երաշխիք առկա չէ։
3. Ելնելով դիմումի ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը, ուստի նշված գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Նշված սահմանադրական նորմն իր ամբողջական ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում։ Վերոնշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումում դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Ինչպես ուղղակիորեն բխում է վերոնշյալ դրույթների բովանդակությունից, դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները
1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և
2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): Դիմողը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Սահմանադրությանն այնքանով, որքանով խտրականության արգելքի խախտման դեպքում չի սահմանում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն մասնավոր իրավահարաբերությունների մասնակիցների միջև։ Նշվածից հետևում է, որ դիմողի բարձրացրած խնդիրը կապված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով խտրականության արգելքի խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն չնախատեսելու հետ մասնավոր իրավահարաբերությունների մասնակիցների համար։ Մինչդեռ, վիճարկվող հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այլ հոդվածների ուսումնասիրությունից հետևում է, որ վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասն ընդամենը սահմանում է, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում, ուստի վիճարկվող հոդվածը չի կարող դիտարկվել որպես օրենսդրական բաց պարունակող հոդված, քանի որ ոչ նյութական վնասի հատուցման օրենքով նախատեսված դեպքերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման շրջանակից դուրս են։ Ավելին դիմողի կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, թե ինչու օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում պետք է ներառեր խտրականության արգելքի խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորությունը։ Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի կողմից դիմումում ներկայացված հիմնավորումները կապված չեն վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության հարցի հետ, հետևաբար` դիմողը չի ներկայացրել բավարար հիմնավորումներ վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, որի պարագայում դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան։ Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի պահպանել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, որպիսի պայմաններում իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 ապրիլի 2021 թվականի
ՍԴԱՈ-67
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 ապրիլի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-67
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
