Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆՈՒՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆՈՒՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3931 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-39)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 հուլիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 39 | ՆՈՒՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 31 հուլիսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Նունե Գևորգյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Նունե Գևորգյանի (այսուհետ` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հուլիսի 19-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով խնդրել է.

«(...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածն այնքանով, որքանով բացառում է ինքնակամ կառույցի նկատմամբ «գույքային իրավունք»-ի ձեռք բերումը՝ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, 3-րդ մասին և 4-րդ մասին, ինչպես նաև 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

(...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասը և 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որը բացառում է ինքնակամ կառույցի նկատմամբ «գույքային իրավունք»-ի պաշտպանությունը քաղաքացիական դատավարության կարգով՝ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, որով թույլատրվել է մինչև նշված օրենքի ընդունումը կառուցված և սահմանված կարգով հաշվառված կառույցների օրինականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչ այդ սահմանված կարգով, իր գործիքակազմով ակնհայտորեն չի բավարարում «սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ» հասկացության պահանջները, քանի որ այդ դեպքում շահագրգիռ անձը զրկված է իր «գույքային իրավունքը» ոչ միայն անմիջականորեն տնօրինելու, այլ նաև այն դատական կարգով պաշտպանելու իրավունքից:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ պահանջը քաղաքացիական դատավարության կարգով ենթակա չէ քննության, նույնպես հակասում է «գույքային իրավունքի» նկատմամբ «սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ» տրամադրելու պահանջին, հետևաբար նաև՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին:

3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այդ պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է ներկայացնի բավարար հիմնավորումներ, թե իր սահմանադրական ո՞ր իրավունք(ներ)ն է(են) խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունք(ներ)ի ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։

Սույն դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշված պահանջները պահպանված չեն:

Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի և 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են առկա իրավակարգավորումների պարագայում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ինքնակամ կառույցի նկատմամբ «գույքային իրավունքի» պաշտպանությունը քաղաքացիական դատավարության կարգով քննությամբ բացառելուն:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար հիմնավորումներ ներկայացնել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը տվյալ պարագայում տեղի չի ունեցել:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Նունե Գևորգյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

31 հուլիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-39

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-39
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել