Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՐԱՆՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՐԱՆՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3812 հուլիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 հուլիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 38 | ՀՐԱՆՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 12 հուլիսի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Գյուլումյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով Հրանտ Մխիթարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Հրանտ Մխիթարյանը 2019 թվականի հունիսի 25-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով.

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ կետի բ/ ենթակետը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունվարի 22-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ տրված մեկնաբանությամբ ճանաչել Սահմանադրությանը հակասող:

2. Դիմողը պնդում է, որ ժամանակին դատապարտվել է ազատազրկման, բայց պատիժը չի կիրառվել, այլ սահմանվել է փորձաշրջան երկու տարի ժամկետով, և նա պատժից ազատվել է համաներման ակտով: Այնուհետև, դիմողը դատապարտվել է կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պատժի կրումից ազատելու վերաբերյալ դիմողի միջնորդությունը պատճառաբանելով, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը դիմողի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ նշված օրենքում «պատիժը կրելուց ազատվել» և «պատժից ազատվել» արտահայտությունները նույնական են: Դիմողը գտնում է նաև, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ կետի բ/ ենթակետում օրենսդիրն օգտագործում է «պատիժը կրելուց» արտահայտությունը, մինչդեռ ժամանակին իր նկատմամբ փորձաշրջան սահմանված լինելու պայմաններում ինքը չի կրել որևէ պատիժ, առաջին անգամ համաներման ակտով ազատվել է ոչ թե պատիժը կրելուց, այլ պատժից, հետևաբար օրենքի վիճարկվող դրույթն իր վրա չի տարածվում: Ըստ դիմողի իրավակիրառ պրակտիկայում նշված նորմի մեկնաբանությունն առ այն, որ վիճարկվող նորմը տարածվում է նաև դիմողի վրա, հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին և հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների խախտմանը:

3. Քննվող դիմումում շարադրված վերոհիշյալ հիմնավորումների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողն, ըստ էության, բարձրացրել է իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի իրավաչափության հարց: Համաձայն Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար, այս առումով, վիճարկվող դրույթի մասով առկա է անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

Հրանտ Մխիթարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

Անդամներ`

12 հուլիսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-38

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հուլիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-38
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել