Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2116 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 մարտի 2026թ. ՍԴԴԿՈ - 21 | ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 16 մարտի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի

Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Անի Հովհաննիսյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Անի Հովհաննիսյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Գնել Մուղնեցյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մարտի 2-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Սահմանադրության 60-րդ, 75-րդ, 78-80-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»։

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/1795/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Դատարանը նախ հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դիմողի ծնողները 1983 թվականից սկսած տիրապետել են Գույքը, իսկ 2022 թվականից սկսած այդ գույքը շարունակել է տիրապետել Դիմողը, ով հանդիսացել է նախկին փաստացի տիրապետողների իրավահաջորդը և նրա տիրապետման ժամանակահատվածը ևս պետք է հաշվարկվեր տիրապետման ժամանակահատվածում: Ավելին՝ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 13-ին կայացված թիվ 42 որոշմամբ Գույքը, ի թիվս բնակարանային ֆոնդում գտնվող այլ բնակարանների, ներառվել է ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի հաշվեկշռում, այսինքն՝ վերածվել է համայնքային սեփականության, չի կարող խոչընդոտել Գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելուն:

Երկրորդ` Դատարանը փաստացի նույնացրել է բարեխղճության և որպես սեփականը տիրապետելու հատկանիշները, արձանագրելով, որ վիճելի գույքը հայցվորի տիրապետմանն անցնելիս և իր տիրապետության ողջ ընթացքում Դիմողն իմացել է, որ անշարժ գույքը սեփականության իրավունքով իր մորը չի պատկանում, ինչն արդեն իսկ չէր կարող ձևավորել այն համոզմունքը, թե գույքը տիրապետում է որպես սեփականը, հետևաբար, բացառվում է գույքի տիրապետման բարեխղճությունը»:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավանորմը նման մեկնաբանությամբ կիրառելով՝ իրավակիրառ պրակտիկայում հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ որևէ սուբյեկտի սեփականության իրավունքի գրանցված լինելը չի բացառում այլ տիրապետողի բարեխղճությունը: Ընդ որում, ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գույքը որպես սեփականը տիրապետելու պայմանը ևս չի ենթադրում գույքի նկատմամբ այլ սուբյեկտի սեփականության իրավունքի բացակայություն:

Դիմողի պնդմամբ՝ գույքը, որի նկատմամբ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետող անձի մոտ առաջացել է սեփականության իրավունք ձեռք բերելու հավակնություն, օբյեկտիվորեն կարող է ունենալ սեփականատեր, քանի որ տիրազուրկ է համարվում ոչ միայն գույքը, որը չունի սեփականատեր, այլ նաև այն գույքը, որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

Ըստ Դիմողի՝ նման գույքի տիրապետման ժամանակ անձի բարեխղճությունը գնահատելիս միայն օբյեկտիվ իրականությունում գոյություն ունեցող հանգամանքները (օրինակ՝ որևէ այլ անձի անունով անշարժ գույքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի առկայություն) հաշվի առնելու դեպքում երբեք չի կարող հաստատվել տիրապետողի բարեխղճությունը, որն էլ կհանգեցնի ձեռքբերման վաղեմության ինստիտուտի իմաստազրկման:

Դիմողը նշում է, որ համայնքը երբևէ չի ձեռնարկել որևէ գործողություն՝ ուղղված վերջինիս՝ որպես սեփականատիրոջ իրավունքների իրացմանը, իսկ իր տիրապետությանը գույքն անցել է առանց բռնության գործադրման, հետևաբար՝ իր (տիրապետողի) մոտ առկա է այն համոզմունքը, որ գույքն իր տիրապետմանն է անցել օրինական հիմքերով, ինչպես նաև ինքը գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն: Ուստի՝ Դիմողի պնդմամբ՝ բարեխղճության չափանիշը միանշանակ առկա է:

Դիմողը գտնում է, որ «Դատարանի այն հետևությունը, որ Դիմողի կողմից ներկայացված ապացույցները, մասնավորապես, կոմունալ ծառայությունների /հեռախոսակապի, գազի, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի/ վճարումներ կատարելու վերաբերյալ վճարման անդորրագրերը բավարար չեն բնակարանի տիրապետումը բարեխիղճ, որպես սեփականը գնահատելու համար, քանի որ դրանք միայն պարունակում են որոշ տեղեկություններ հայցվորի ծնողների կողմից վիճելի գույքի պահպանման համար որոշ վճարումներ կատարած լինելու մասին, իսկ հայցվորի՝ նշված բնակարանում բնակվելու պայմաններում կոմունալ վճարումներն իրականացնելը հիմք չէ բարեխղճության հանգամանքը հիմնավորելու և ձեռքբերման վաղեմության ուժով վիճելի գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու համար, կարևոր ենք համարում արձանագրել, որ նշված ապացույցների ներկայացումը միտված է եղել գույքի՝ որպես սեփականը տիրապետած լինելու չափանիշի հաստատմանը: Մասնավորապես՝ Դատարանը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ ծնողների կողմից գույքի պահպանման ծախսերի իրականացման ապացույցներով հաստատվում է Դիմողի ծնողների կողմից ինչպես իր սեփական գույքի դեպքում գույքի կառավարմանը մասնակցելու, դրա պահպանման համար հոգ տանելու փաստերը։

Դիմողի կողմից իրականացված ծախսերի ներկայացված ապացույցները միտված են եղել իր կողմից՝ որպես իրավահաջորդի, գույքը որպես սեփականը տիրապետելու փաստի ապացուցմանը։ Միաժամանակ գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ սեփականատեր Երևան համայնքը իրականացրել է գույքի պահպանմանը, ինչով էլ ապացուցվում է վերջինիս անտարբերությունը գույքի նկատմամբ»։

Ըստ Դիմողի՝ «Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավանորմի մեկնաբանությունը, որի պայմաններում սահմանափակվում է տասը տարի անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ, որպես սեփականը գույքը տիրապետած անձի սեփականության իրավունքը, հակասում է նաև համաչափության և որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքներին»:

Դիմողը նշում է, որ տվյալ պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից չի բխում, որ այն կիրառելի չէ այն դեպքում, երբ անձի կողմից տասը տարի անընդմեջ, բարեխիղճ և որպես սեփականը տիրապետված գույքի նկատմամբ գրանցված է այլ անձի սեփականության իրավունքը։ Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող տվյալ նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը կանխատեսելի չի դարձնում այն անձանց իրավաչափ սպասելիքները, որոնք տասը տարի անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ և որպես սեփականը տիրապետում են այլ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը, թույլ չի տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց այդ նորմին համապատասխանեցնել իրենց վարքագիծը և կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից իրեն մեկուսացրած սեփականատիրոջ գույքի օրինական տիրապետումն այլ անձի կողմից:

Միաժամանակ, Դիմողը, Վճռաբեկ դատարանի, Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը, 187-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, եզրակացնում է, որ «(...) Դիմողը՝ որպես Գույքը բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, 10 տարի տիրապետած ծնողների իրավահաջորդ, փաստացի շարունակում է առանց որևէ խոչընդոտի, դիմադրության, բարեխիղճ, որպես սեփականը, տասը տարի և ավել ժամկետով և բացահայտ տիրապետել Գույքը, ունի տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու իրավաչափ ակնկալիք, իսկ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումն այն մեկնաբանությամբ, որ գույքը 10 տարի անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ տիրապետողի կողմից այլ անձի սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկացված լինելը բարեխղճության բացակայության դրսևորում է, և այդ կերպ բացառվում է ձեռքբերման վաղեմության ուժով իրավունքի ճանաչումը, ինչպես նաև ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հատկանիշների նույնացումը հանգեցնում է Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի (լեգիտիմ ակնկալիք) անհամաչափ սահմանափակման և դրա էության խախտման»։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:

Այսպես` Դիմողը, անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) որոշմանը, փաստում է.

«(…) Դատարանը Որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հարցին, արձանագրել է, որ տիրապետման բարեխղճության չափանիշը բացակայում է, քանի որ վիճելի գույքը հայցվորի տիրապետմանն անցնելիս և իր տիրապետման ողջ ընթացքում Դիմողն իմացել է, որ անշարժ գույքը սեփականության իրավունքով իր մորը չի պատկանում, ինչն արդեն իսկ չէր կարող ձևավորել այն համոզմունքը, թե գույքը տիրապետում է որպես սեփականը, հետևաբար, բացառվում է գույքի տիրապետման բարեխղճությունը:

(…) Մասնավորապես՝ տիրապետման բարեխղճությունը գնահատելիս դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք տվյալ գույքն անձի փաստացի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման,

2. տիրապետողի մոտ առկա՞ է արդյոք այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով,

3. առկա՞ են արդյոք բավարար հիմքեր ենթադրելու, որ տիրապետողն այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն:

(…)

Դատարանի այն հետևությունը, որ Դիմողի կողմից ներկայացված ապացույցները, մասնավորապես, կոմունալ ծառայությունների /հեռախոսակապի, գազի, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի/ վճարումներ կատարելու վերաբերյալ վճարման անդորրագրերը բավարար չեն բնակարանի տիրապետումը բարեխիղճ, որպես սեփականը գնահատելու համար, քանի որ դրանք պարունակում են որոշ տեղեկություններ հայցվորի ծնողների կողմից վիճելի գույքի պահպանման համար որոշ վճարումներ կատարած լինելու մասին, իսկ հայցվորի՝ նշված բնակարանում բնակվելու պայմաններում կոմունալ վճարումներն իրականացնելը հիմք չէ բարեխղճության հանգամանքը հիմնավորելու և ձեռքբերման վաղեմության ուժով վիճելի գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու համար, կարևոր ենք համարում արձանագրել, որ նշված ապացույցների ներկայացումը միտված է եղել գույքի՝ որպես սեփականը տիրապետած լինելու չափանիշի հաստատմանը: Մասնավորապես՝ Դատարանը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ ծնողների կողմից ինչպես իր սեփական գույքի դեպքում գույքի կառավարմանը մասնակցելու, դրա պահպանման համար հոգ տանելու փաստերը: Իսկ ի հավաստումն Դիմողի կողմից իրականացված ծախսերի` ներկայացված ապացույցները միտված են եղել իր կողմից՝ որպես իրավահաջորդի, գույքը որպես սեփականը տիրապետելու փաստի ապացուցմանը: Միաժամանակ գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ սեփականատեր Երևան համայնքը իրականացրել է գույքի պահպանմանը, ինչով էլ ապացուցվում է վերջինիս անտարբերությունը գույքի նկատմամբ:

(…)

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից չի բխում, որ այն կիրառելի չէ այն դեպքում, երբ անձի կողմից տասը տարի անընդմեջ, բարեխիղճ, և որպես սեփականը տիրապետած գույքի նկատմամբ գրանցված է այլ անձի սեփականության իրավունքը»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/1795/02/23 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։

3.2. Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասին Սահմանադրական դատարանի դատական կազմը չի անդրադառնում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասում ներառված է նաև տիրապետման վաղեմության՝ որպես ձեռքբերման վաղեմության երեք վավերապայմաններից մեկի ամբողջական վերլուծությունը, այդ թվում` երկրորդ մասով նախատեսված` տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձի կողմից իր տիրապետման ժամկետին այն ժամանակահատվածի միացումը, որի ընթացքում այդ գույքը տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

Դիմումի վերաբերյալ մեջբերումները հաստատում են Սահմանադրական դատարանի դատական կազմի եզրահանգումներն առ այն, որ դրանք իրենց ամբողջության մեջ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին և 187-րդ հոդվածի 2-րդ մասերի վերաբերյալ մտքերը հանգում են այս դրույթի կիրառման իրավաչափությանը, քանի որ Դիմողը թեև բարձրացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարց, սակայն վերջինի դժգոհությունն ուղղված է դատական ակտում այս կամ այն ապացույցի, մասնավորապես՝ տիրապետման վավերապայմանների, տիրապետման ժամանակահատվածի կապակցությամբ ձեռք բերված ապացույցների սխալ գնահատմանը:

Այսինքն՝ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Դատարանը նախ հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դիմողի ծնողները 1983 թվականից սկսած տիրապետել են Գույքը, իսկ 2022 թվականից սկսած այդ գույքը շարունակել է տիրապետել Դիմողը, ով հանդիսացել է նախկին փաստացի տիրապետողների իրավահաջորդը և նրա տիրապետման ժամանակահատվածը ևս պետք է հաշվարկվեր տիրապետման ժամանակահատվածում: Ավելին՝ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 13-ին կայացված թիվ 42 որոշմամբ Գույքը, ի թիվս բնակարանային ֆոնդում գտնվող այլ բնակարանների, ներառվել է ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի հաշվեկշռում, այսինքն՝ վերածվել է համայնքային սեփականության, չի կարող խոչընդոտել Գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելուն»:

Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-ին մասի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Հետևապես` սույն դիմումով Դիմողի կողմից քննարկվող համատեքստում բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը, ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Անի Հովհաննիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ա. Զեյնալյան

Անդամներ՝ Ա. Վաղարշյան

Հ. Հովակիմյան

16 մարտի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել