ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 մարտի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 9 | ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 մարտի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Արմեն Պետրոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Արմեն Պետրոսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի մարտի 2-ին)` խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի և 337-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի` իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանմամբ և կիրառմամբ, ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 8-րդ, 18-19-րդ հոդվածներով, 22-րդ հոդվածի 7-րդ մասով, 83.5-րդ հոդվածի 2-րդ կետով (42-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության և 45-րդ հոդվածի հետ համակարգային և բովանդակային կապի համակցությամբ), 91-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի և 337-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված նորմերը` իրավակիրառական պրակտիկայում դրանց ընկալմամբ, մեկնաբանմամբ և կիրառմամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 83.5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 89-րդ հոդվածի 3-րդ կետի, 91-րդ հոդվածի 1-ին մասի, 103-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ և ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին և 3-րդ հոդվածների, 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի, սահմանված նորմերին պահանջներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է, որ առաջացած իրավական բացի արդյունքում առկա չէ կոնկրետ նորմատիվ պատվիրան, որը կսահմանի պետության մասնակցությամբ մասնավոր քաղաքացիաիրավական հարաբերություններում հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման առանձնահատկությունները, որի հետևանքով առաջանում են սեփականության իրավունքի, դրա դատական պաշտպանության իրավունքի իրացման անհաղթահարելի խոչընդոտներ: Դիմողի կարծիքով` պետության սեփականության կառավարման գործառույթի երկակի վերապահումը և´ ՀՀ կառավարությանը, և´ ՀՀ գլխավոր դատախազությանը ստեղծում է իրավական կարգավորման անորոշություն, իսկ գործնականում նաև խնդիրներ է առաջացնում մասնավոր սուբյեկտների իրավունքների դատական պաշտպանության կառուցակարգում: Ըստ դիմողի հարցադրման` այն դեպքերում, երբ պետությունն իրավահարաբերություններին մասնակցում է իր տարբեր մարմինների միջոցով, մեկ մարմինը կարո՞ղ է, արդյոք, վկայակոչել իր «անտեղյակությունը» պետության շահերի պաշտպանության հիմքի առկայության վերաբերյալ` այն պարագայում, երբ մեկ այլ մարմին այդ խախտմանն արդեն իսկ տեղյակ է եղել և այդ առնչությամբ իրականացրել է իր գործառույթները, հետևաբար` հայցային վաղեմության ժամկետը չպե՞տք է, արդյոք, հաշվարկվի առաջին պահից` անկախ պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման առկայությունից:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
1) վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացի լույսի ներքո: Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը,
2) խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի առաջ քաշած փաստարկներն առ այն, որ վիճարկվող հոդվածներում առկա իրավական բացով պայմանավորված ստեղծվել է մի իրավիճակ, որը բացառում է պետության մասնակցությամբ մասնավոր քաղաքացիաիրավական հարաբերություններում հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման առանձնահատկությունները, պայմանավորված չեն դիմողի կողմից վկայակոչված կոնկրետ հոդվածներով: Բացի դրանից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ օրենսգիրք) 332-րդ և 337-րդ հոդվածները նախատեսված են քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորելու համար: Համաձայն օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետի` «մեկ կողմի մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ»: Այդ իսկ պատճառով, դիմողի այն դիրքորոշումը, ըստ որի` հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկվի առաջին պահից սկսած, այն է` կոնկրետ մարմնի արդեն իսկ տեղյակ լինելու և այդ խախտման առնչությամբ իր գործառույթներն իրականացնելու պահից` անկախ պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման առկայությունից, անհիմն է, քանի որ պետական մարմինները` լինելով միասնական համակարգ, իրականացնում են տարբեր գործառույթներ և հանդիսանում են տարբեր բնույթի իրավահարաբերությունների կողմ: Քաղաքացիաիրավական հարաբերություններում պետությունը հանդես է գալիս որպես միասնական սուբյեկտ և օրենսգրքով նախատեսված հայցային ժամկետների հաշվարկը կիրառվում է վերջինիս նկատմամբ չստեղծելով որևէ տարընթերցում և անորոշություն,
3) դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ: Մասնավորապես, դիմողը նշում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անհասկանալի վերլուծություն է կատարել հայցային վաղեմության ինստիտուտի` սույն գործով կիրառելիության մասին` արտահայտելով անհիմն տեսակետներ առ այն, որ «... հիմնավոր է Դատարանի եզրահանգումներն այն մասին, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության ավագ քննիչ Ա. Ուզունյանի 15.03.2012 թվականի որոշմամբ հիմնավորվել է Արմեն Պետրոսյանի արարքում` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայությունը, որպիսի պահից էլ դատախազության մոտ ծագել է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու պարտականությունը»: Այսինքն` ընդհանուր իրավասության դատարանները հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման պահի մեկնարկ են համարել համապատասխան պետական մարմնի մոտ համապատասխան գործառույթի իրականացման հնարավորության ծագման պահը, իսկ դիմողի համար առաջացած իրավական հետևանքները հայցային վաղեմության ժամկետի` նշյալ տրամաբանական հաշվարկի արդյունք են: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Արմեն Պետրոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
21 մարտի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 մարտի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
