Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՋՈՒԼԻԵՏԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ՔՐԻՍՏԻՆԱ ՄԱՐԿԱՐՈՎԱՅԻ ԵՎ ՄԻՐԱՆ ՄԱՐԳԱՐՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՋՈՒԼԻԵՏԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ՔՐԻՍՏԻՆԱ ՄԱՐԿԱՐՈՎԱՅԻ ԵՎ ՄԻՐԱՆ ՄԱՐԳԱՐՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-169 հունիսի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 հունիսի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 16 | ՋՈՒԼԻԵՏԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ՔՐԻՍՏԻՆԱ ՄԱՐԿԱՐՈՎԱՅԻ ԵՎ ՄԻՐԱՆ ՄԱՐԳԱՐՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

9 հունիսի 2015թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Կ. Բալայանի

Ուսումնասիրելով քաղաքացիներ Ջուլիետա Մարտիրոսյանի, Քրիստինա Մարկարովայի և Միրան Մարգարովի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացիներ Ջուլիետա Մարտիրոսյանը, Քրիստինա Մարկարովան և Միրան Մարգարովը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի մայիսի 19-ին)` խնդրելով.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածի 3-րդ կետը, 231 հոդվածի 4-րդ կետը (Փաստաբանի մասով), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 3-րդ կետը (Դատարանի կողմից սահմանված ժամկետը) ճանաչել ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր` այնքանով, որքանով ժամկետի բացթողումը հարգելի կամ անհարգելի ճանաչելու (գնահատման չափանիշներ ընտրելու) դատարանի լիազորությունը կրում է հայեցողական բնույթ, և դատավարական գործողության կատարման բաց թողնված ժամկետը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 77 հոդվածի հիմքով մերժելու վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման, հետևաբար` այդ ակտի հիմնավորվածությունը (օրինականությունը) վիճարկելու իրավական հնարավորություն չեն նախատեսում, և չեն ապահովում Դատարանի «Բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման, և բաց թողնված դատավարական ժամկետների բողոքարկումը, ապահովելով բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման հնարավորությունը»:

1. Դիմողները գտնում են, որ դատարանի կողմից իրենց բողոքն առանց քննության թողնելու որոշումը կատարվել է քաղաքացիադատավարական իրավունքի խախտմամբ, որի արդյունքում խախտվել են իրենց սահմանադրական իրավունքները` դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման, դատարանի մատչելիության իրավունքի ոչ համարժեք սահմանափակման և, այդ ամենով հանդերձ, ստեղծելով լուրջ խոչընդոտներ իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ իրականացման գործում:

Դիմողներն իրենց դիմումում ներկայացրել են նաև այլ փաստարկներ: Դիմողները միաժամանակ ներկայացրել են միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. 2.1. դիմողների կողմից վիճարկվող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասի, 231-րդ հոդվածի 4-րդ մասի և 233-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները նրանց նկատմամբ կիրառվել են ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 23-ի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմում կարող է սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից` իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Հետևաբար, նշյալ հոդվածների մասով առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմք.

2.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ դիմողները չեն ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ նշված օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում:

Միաժամանակ, դիմողները չեն հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իրենց սահմանադրական որ իրավունքներն են խախտվել, ինչպես նաև չեն հիմնավորել իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

Բացի դրանից, դիմողների համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են: Հետևաբար, վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողներն ընդամենը բարձրացնում են դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն ներկայացնել այդ դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման`«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու`«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք.

2.3. դիմողների կողմից վիճարկվող դրույթներից` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. ապրիլի 22-ի ՍԴՈ-752 որոշումը, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի, անհատական դիմումի քննության ընդունումը մերժելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5- րդ և 7-րդ մասերով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացիներ Ջուլիետա Մարտիրոսյանի, Քրիստինա Մարկարովայի և Միրան Մարգարովի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող`

Անդամներ`

9 հունիսի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/2-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 հունիսի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել