Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆՈՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆՈՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6627 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-66)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 նոյեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 66 | ՆՈՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 նոյեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է․ Շաթիրյանի

Քննության առնելով Նորիկ Ներսիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Նորիկ Ներսիսյանի (այսուհետ նաև` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի նոյեմբերի 21-ին, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.4-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

2. Ներկայացնելով թիվ ԱՎԴ/0894/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) կողմից կիրառված «պաշտպանական որոշումը կիրառվել է հայցվորի կողմից ներկայացված սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հիման վրա, իրականում նման որոշում կայացնելու հիմքեր և անհրաժեշտություն չեն եղել»:

Դիմողի կարծիքով՝ Դատարանի՝ պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշմամբ ուղղակիորեն անհամաչափ միջամտություն է իրականացվել իր ծնողական իրավունքների նկատմամբ և այն չի բխում երեխայի լավագույն շահերից:

Դիմողը, մեջբերելով Դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որի համաձայն՝ վերաբերելի կարգավորումներից «բխում է, որ պաշտպանական որոշման դադարման, այդ թվում՝ վերացման հիմքերը նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ դատավարական իրավունքի կիրառելի և վերաբերելի նորմից բխում է, որ պաշտպանական որոշումը դատարանի կողմից կարող է բռնություն գործադրած անձի դիմումով վերացվել միայն այն դեպքում, երբ բռնություն գործադրած անձը ապացուցում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն», նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.4-րդ հոդվածի 6-րդ մասը հակասում է Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին, քանի որ այն բավարար չափով հստակ չէ և անհասկանալի է, ինչը պատճառ է դարձել իրավակիրառ պրակտիկայում տարբեր մեկնաբանությունների:

Ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.4-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին տողում առկա «նաև» բառը («Պաշտպանական որոշումը կարող է վերացվել նաև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի դիմումով, եթե ապացուցվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն») պետք է առավել լայն մեկնաբանվի, քան մեկնաբանել է Դատարանը, մասնավորապես. ««Նաև» բառի առկայությունը (…) պետք է մեկնաբանվի այնպես, որ պաշտպանական որոշումը դատարանի կողմից կարող է բռնություն գործադրած անձի դիմումով վերացվել նաև այն դեպքում, երբ բռնություն գործադրած անձը ապացուցում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը ի սկզբանե հայցադիմումի հիմքում դրել է սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, կամ երբ պաշտպանական որոշում կիրառելու համար դատարանում հիմք հանդիսացած փաստերը վերացել են կամ գոյություն չեն ունեցել կամ դատարանին այդ փաստերը հատնի չեն եղել»:

Դիմողը գտնում է. «Սույն դեպքում օրինակ պաշտպանական որոշման կայացման համար հիմք էր հանդիսացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության 20.06.2025 թվականի «Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ» որոշումը, որը թիվ ՎԴ/11643/05/25 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24.07.2025 թվականի վճռով անվավեր է ճանաչվել: Այսինքն պաշտպանական որոշում կիրառելու համար դատարանում հիմք հանդիսացած նշված փաստը վերացված է եղել, ինչը պետք է հիմք հանդիսանար դրա հիման վրա կայացված պաշտպանական որոշումը վերացնելու կամ առնվազն վերանայելու համար»:

Ամփոփելով` Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.4-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում են Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին, ինչի հետևանքով խախտվել է իր դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմա-նադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատություն-ների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։

Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դիմողն իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման առթիվ իր փաստարկների հիմքում դրել է վերաբերելի օրենսդրական կարգավորումների իր մատնանշած թերությունները, ինչպես նաև իր անհամաձայնությունն այդ կարգավորումների կիրառման արդյունքում կայացված դատական ակտերի առնչությամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Նորիկ Ներսիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

27 նոյեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-66

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-66
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել