«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 ապրիլի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 11 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
1 ապրիլի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը 09.03.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` «Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին» դրույթի ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 74-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Ըստ դիմողի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 1-ին մասի 4- րդ կետի վերոհիշյալ դրույթի կիրառումը հանգեցրել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման: Մասնավորապես, ինչպես գտնում է դիմողը, «Վիճարկվող դրույթի պայմաններում Բյուրոն զրկվում է իր գույքի (դրամական միջոցների) ճակատագիրն իր հայեցողությամբ որոշելու հնարավորությունից, Բյուրոյի որպես սեփականատիրոջ, հայեցողությունը, կամաարտահայտությունը, ինքնավար կամք դրսևորելու իրավունքներն անտեսվում են, քանի որ չի վերադարձվում սեփականատիրոջ գույքը, որը սխալմամբ հայտնվել է այլ անձի մոտ»:
Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթով խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը, սահմանափակումը հնարավորություն չի ընձեռում դրսևորել համապատասխան վարքագիծ, քանի որ, ըստ դիմողի հստակ չէ, թե այդ դրույթը երբ կարող է կիրառվել, իսկ երբ ոչ:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման: Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմողի կարծիքով` իր կողմից մատնանշված անբարենպաստ հետևանքներն իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, և խնդրո առարկա իրավադրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն ներկայացնել որպես սահմանադրաիրավական վեճ:
Ինչպես հետևում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ2- 0119/02/14 քաղաքացիական գործով 2015 թվականի փետրվարի 13-ին կայացրած և հետագա բողոքարկման արդյունքում օրինական ուժի մեջ թողած վճռից` դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ «...հատուցում ստանալու մասին երրորդ անձի դիմումին կից Հայցվորին (այսինքն սույն գործով դիմողին) է ներկայացվել ՀՀ ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4- րդ սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Ս. Վ. Հակոբյանի կողմից 03.12.2011թ. հաստատված եզրակացությունը, որում նշված է վնասը պատճառած տրանսպորտային միջոցի մակնիշը գրեյդեր «ԴԶ-143», այսինքն Հայցվորը տեղյակ է եղել, թե ինչ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման արդյունքում է պատճառվել վնասը...», այսինքն «...Հայցվորն իմացել է պարտավորության բացակայության մասին, քանի որ «ԴԶ-143» մակնիշի գրեյդերն իր տեխնիկական բնութագրերով ենթակա չէ պարտադիր ապահովագրության այն պատճառով, որ դրա առավելագույն արագությունը չի գերազանցում 50 կմ/ժ»: Այս հանգամանքով է պայմանավորված դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի նորմի կիրառման իրավաչափության հարցը, որը, ինչպես հետևում է դիմողի փաստարկներից, ներկայացվում է որպես սահմանադրական վեճ:
Այսպիսով, դատաքննության շրջանակներում վերոհիշյալ փաստական հանգամանքի շուրջ է ձևավորվել դատական ակտի նկատմամբ դիմող կողմի անհամաձայնությունը և այն որպես սահմանադրական վեճ ներկայացնելու մտադրությունը: ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
1 ապրիլի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 ապրիլի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
