«ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-117)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հուլիսի 2022թ. ՍԴԱՈ - 117 | «ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Կարապետ Հաջիյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի և նույն հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Կարապետ Հաջիյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 24-ին) խնդրելով. «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը և 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացված դիմումով վիճարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և նույն հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը։ Դիմողը նշում է, որ իր կողմից սույն դիմումով վիճարկվող դրույթները սահմանափակում են վճռաբեկության կարգով բողոք ներկայացնելու հնարավորությունը զրկելով անձին Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները իրականացնելուց: Մասնավորապես, դիմողը նշում է, որ թիվ ԵԱՔԴ/0165/02/09 քաղաքացիական գործով իր կողմից Վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոք է ներկայացվել վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2021թ. կայացրած որոշման դեմ, որը Վճռաբեկ դատարանի 15.12.2021թ. որոշմամբ վերադարձվել է, արդյունքում, ըստ դիմողի, կիրառվել են իր կողմից սույն դիմումով վիճարկվող դրույթները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը և նույն հոդվածի 3-րդ մասը: Վիճարկվող դրույթները, ըստ դիմողի, միջամտում են անձի հիմնական իրավունքի, ներառյալ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացմանը, ինչպես նաև վերջիններիս առկայությունը չի համապատասխանում հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման որոշակիության և համաչափության սահմանադրաիրավական սկզբունքներին և խախտում է արդարադատության մատչելիության բուն էությունը: Ըստ դիմողի իր կողմից վճռաբեկ բողոքը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, սակայն Վճռաբեկ դատարանը հաստատել է վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը և իր նկատմամբ կիրառել է մեկ այլ նորմ, որի իրավունքը վերջինս չուներ: Ըստ դիմողի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը կարող է հիմնավորվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով նախատեսված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ցանկացած հիմքով, տվյալ դեպքում ներկայացված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելու հիմքի առկայությունը հիմնավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 3-րդ մասով: Տվյալ պարագայում դիմողը կարծում է, որ իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը և՛ բովանդակությամբ, և՛ ձևով համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածով վճռաբեկ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջներին, հետևաբար բացակայում է նշված հոդվածի խախտման փաստը: Դիմողը կարծում է, որ Վճռաբեկ դատարանն իր նկատմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասը և դրանով էլ խախտել է և չի իրականացրել Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր լիազորությունները:
3. Քննության առարկա դարձնելով սույն դիմումի ընդունելության հարցը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ սույն անհատական դիմումով դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես հանգում են Վճռաբեկ դատարանի գործողությունների/դատական ակտի իրավաչափությանը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմողի նկատմամբ հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ԵԱՔԴ/0165/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 15.12.2021թ. որոշմամբ, և դիմումով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթի հակասահմանադրականության տեսանկյունից: Այսպես, դիմողը նշել է. (...) ՀՀ վճռաբեկ դատարանը դիմումատուի նկատմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասը և դրանով էլ խախտել է և չի իրականացրել ՀՀ Սահմանադրությամբ և այլ օրենքներով ամրագրված իր լիազորությունները: Փաստորեն տվյալ դեպքում ՀՀ Վճռաբեկ դատարանը չարաշահել է իր լիազորությունները և արդյունքում կայացրել է դատական ակտ, որը հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին: Փաստորեն ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փոխարեն այն վերադարձրել է, վերադարձնելու հիմքերի բացակայության պարագայում: Այսինքն ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է հերթական անօրինական դատական ակտը, որը ենթակա չէ կատարման: (…) Դիմումատուն գտնում է, որ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փոխարեն այն վերադարձվել է խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջը: Արդյունքում կայացվել է դատական ակտ, որի համար դատավորները ենթարկվում են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2008 թ. թիվ 3-402/ՎԴ որոշումը որպես առ ոչինչ դատական ակտ շրջանառության մեջ դնելու և կիրառելու համար: (...)»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում Վճռաբեկ դատարանի դատական ակտի, Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: 3.2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Սույն դիմումի վերաբերյալ դիմողի փաստարկների առնչությամբ Սահմանադրական դատարանը արձանագրում է, որ դիմողը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել վիճարկվող նորմի վերաբերյալ, և դիմումից հստակ չէ, թե վիճարկվող նորմն ինչպես է խախտել դիմողի սահմանադրական հիմնարար իրավունքները: Այլ կերպ ասած առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի հիմնարար իրավունքի հնարավոր խախտման և վիճարկվող նորմի միջև: Այսպիսով դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում վերոնշյալ պահանջները չեն պահպանվել: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Կարապետ Հաջիյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և նույն հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 հուլիսի 2021 թվականի
ՍԴԱՈ-117
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-117
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
