«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 փետրվարի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 7 | «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
15 փետրվարի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերությունը 29.01.2013թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9831-րդ հոդվածի 6-րդ մասի և 996-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականությունը։
2. Ըստ դիմողի միևնույն իրավական հարցի, այն է ապահովագրության պայմանագրում շահառուի առկայության դեպքում ապահովագրական հատուցում ստանալու իրավասությունը շահառուին է պատկանում, թե ապահովադրին, ՀՀ դատարանների կողմից կայացվել են տարբեր իրարամերժ իրավական դիրքորոշումներ, ինչը չի կարող համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին և անձի համար իր վարքագծի դրսևորման կանխատեսելիության հիմք հանդիսանալ։
3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ դատարանը 28.06.2012թ. կայացրել է որոշում, որով բավարարել է վերաքննիչ բողոքը բեկանելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.04.2012թ. վճիռը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։ Դիմողը սույն որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 08.08.2012թ. որոշմամբ վերադարձվել է։ Հետևաբար, այս համատեքստում, ինչպես վկայում է գործի դատավարական նախապատմությունը, դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։ Այս նորմն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը «սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները»։
4. Դիմողը, վիճարկելով նշյալ դրույթի սահմանադրականությունը, չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրա հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ- 839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։
Դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի
«հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն, դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։
ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր
Ո Շ Ե Ց.
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
15 փետրվարի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/2-7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 փետրվարի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-7
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
