««ԳՈԼԴ ՊԵՏՐՈԼԵՈՒՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-160)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 նոյեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 160 | ««ԳՈԼԴ ՊԵՏՐՈԼԵՈՒՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ԳՈԼԴ ՊԵՏՐՈԼԵՈՒՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԳՈԼԴ ՊԵՏՐՈԼԵՈՒՄ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հոկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԳՈԼԴ ՊԵՏՐՈԼԵՈՒՄ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ի պաշտոնե ներկայացուցիչ՝ տնօրեն Արամ Բնյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով այդ իրավադրույթի ընկալումն ու կիրառումը բացառում է վճարային պարտավորության անվիճելիությունը վճարային պարտավորության հիմքում ընկած գրավոր գործարքի վիճարկման վերաբերյալ հայցադիմումի առկայության, սակայն այդ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման բացակայության (վճարային պարտավորության հիմքում ընկած գրավոր գործարքի վիճարկման վերաբերյալ նյութաիրավական վեճի բացակայության) պայմաններում»։
2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/1143/04/24 սնանկության գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածների 1-ին մասերին:
Դիմողը գտնում է, որ վճարային պարտավորության հիմքում ընկած գրավոր գործարքի վիճարկման վերաբերյալ հայցադիմումն ինքնին (per se) որպես տվյալ վճարային պարտավորության անվիճելիությունը բացառող հանգամանք դիտարկելը հանգեցնում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած պարտատիրոջ սեփականության իրավունքի խախտման: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ վճարային պարտավորությունը վիճելի համարելը միայն այն պատճառով, որ առկա է դրա հիմքում ընկած գրավոր գործարքի վիճարկման վերաբերյալ հայցադիմում՝ առանց իրավասու դատարանի կողմից այն վարույթ ընդունելու վերաբերյալ համապատասխան որոշման առկայության, զրկում է պարտատիրոջը սնանկության ինստիտուտի միջոցով պարտապանի հանդեպ իր ունեցած պահանջները պատշաճ կարգով բավարարելու հնարավորությունից:
Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթն այնքանով, որքանով դրա ընկալումն ու կիրառումը վճարային պարտավորության հիմքում ընկած գրավոր գործարքի վիճարկման վերաբերյալ հայցադիմումի առկայության, սակայն այդ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման բացակայության պայմաններում բացառում է վճարային պարտավորության անվիճելիությունը, հակասում է Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածների 1-ին մասերին:
Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 11-րդ հոդվածին և 59-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ դրա՝ վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ կիրառումը զրկում է պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացրած անձին իր՝ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած դեբիտորական պարտքի հատուցումը սնանկության ինստիտուտի միջոցով ստանալու հնարավորությունից: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ նման իրավիճակը հակասահմանադրական է, քանի որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող պարտատերը զրկվում է դրա արդյունքում պարտապանի հանդեպ առաջացած դրամական պահանջը սնանկության ինստիտուտի միջոցով բավարարելու, այդ դրամական միջոցներն օրենքով չարգելված տնտեսական գործունեության համար ազատորեն օգտագործելու և դրանից շահույթ ստանալու հնարավորությունից, որն անթույլատրելի է տնտեսական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի երաշխավորման համատեքստում:
Դիմողը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, քանի որ դրա՝ համապատասխան մեկնաբանությամբ կիրառումն իրեն անհիմն կերպով զրկել է դատական կարգով սնանկության գործընթացի շրջանակներում իր դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն իրացնելու հնարավորությունից: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող դրույթի՝ համապատասխան մեկնաբանությամբ կիրառումը պատրանքային և ոչ իրական է դարձրել սնանկության գործով իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները:
Դիմողն ընդգծում է, որ իրեն՝ որպես պարտապանի նկատմամբ անվիճելի վճարային պահանջի իրավունք ունեցող անձի, սնանկության կառուցակարգի միջոցով իր պահանջի արդարացի բավարարում ստանալու հնարավորությունից զրկելը չի համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված՝ համաչափության սկզբունքին, մասնավորապես՝ միջամտող միջոցի լեգիտիմ նպատակին, ինչպես նաև ընտրված միջոցի՝ այդ նպատակին հասնելու անհրաժեշտության և համարժեքության հատկանիշներին:
Դիմողը նշում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին, քանի որ վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող դրույթի համապատասխան մեկնաբանությամբ կիրառումն իր համար չի ապահովում սնանկության ինստիտուտի կանխատեսելիությունը: Հավելելով՝ Դիմողն ընդգծում է, որ ինքը ողջամտորեն ի վիճակի չի եղել կանխատեսելու իր կողմից ներկայացված սնանկության դիմումի հետևանքները: Դիմողը նաև գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրվել է վերջինիս էությունից չբխող, Սահմանադրության 10, 60, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին հակասող, իրավակիրառ պրակտիկայում չհանդիպող նոր մեկնաբանություն: Արդյունքում՝ ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթի՝ նման մեկնաբանությամբ կիրառումը խաթարել է իր՝ սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բուն էությունը: Դիմողը նաև նշում է, որ իր հերթին՝ Վճռաբեկ դատարանը, իր վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելով, համաձայնել է ստորադաս դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված հակասահմանադրական մեկնաբանության հետ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականու-թյունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 10, 11, 59, 60, 61, 63, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանու-թյունը, ինչի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.
այսպես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանվում է, որ պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում՝ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն` պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը) (նույն կետի «բ» ենթակետ):
Թիվ ՍնԴ/1143/04/24 սնանկության գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր՝ 2025 թվականի հունվարի 27-ի որոշման հիմքում դրել է վճարային համապատասխան պարտավորության վիճելիության փաստն այն հանգամանքի հաշվառմամբ, որ «Գոլդ Պետրոլ» ՍՊ ընկերությունը 2024 թվականի հուլիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Գոլդ Պետրոլեում» ՍՊ ընկերության (Դիմողի)՝ կողմերի միջև 2022 թվականի փետրվարի 21-ին կնքված թիվ 01/02-22 փոխադարձ հաշվարկի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Վերոշարադրյալի կապակցությամբ հարկ է արձանագրել, որ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԵԴ2/5508/02/24 քաղաքացիական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում 2024 թվականի հուլիսի 11-ին ստացվել է «Գոլդ Պետրոլ» ՍՊ ընկերության հայցադիմումն ընդդեմ Դիմողի՝ կողմերի միջև 2022 թվականի փետրվարի 21-ին կնքված թիվ 01/02-22 փոխադարձ հաշվարկի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2024 թվականի հուլիսի 24-ին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան (բողոքը ստացվել է 2024 թվականի օգոստոսի 1-ին, իսկ նախագահի կողմից մակագրվել է նույն թվականի օգոստոսի 7-ին): «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում տվյալ գործի կապակցությամբ որևէ այլ տեղեկատվություն առկա չէ: Ստացվում է, որ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման կապակցությամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանի համապատասխան որոշման բացակայության պայմաններում հնարավոր չէ կատարել համապատասխան եզրահանգում նյութաիրավական վեճի առկայության/բացակայության վերաբերյալ: Ավելին՝ նման տեղեկատվության, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի հուլիսի 24-ի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման, մասնավորապես՝ դրանով արձանագրված հայցադիմումը վերադարձնելու հիմքի (հիմքերի) վերաբերյալ տեղեկատվության բացակայության պայմաններում հնարավոր չէ նաև կատարել համապատասխան եզրահանգում Դիմողի՝ Սահմանադրությամբ երաշխավորված՝ համապատասխան հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ:
Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ հարկ է արձանագրել, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 59, 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթի (իրա-վակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության սահմանափակման լույսի ներքո:
Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 10 և 11-րդ հոդվածներին, ապա հարկ է արձանագրել, որ դրանք ամրագրված են Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 59, 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար և՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին:
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ԳՈԼԴ ՊԵՏՐՈԼԵՈՒՄ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
11 նոյեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-160
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-160
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
