ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-52)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 նոյեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 52 | ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 13 նոյեմբերի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Արմինե Դավթյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արմինե Դավթյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հոկտեմբերի 11-ին, փոստային ծառայությանն է հանձնվել 2023 թվականի հոկտեմբերի 9-ին)` խնդրելով. «… ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ ճանաչել ՀՀ սահմանադրության 29-րդ, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել, այնքանով, որքանով հնարավորություն չի տալիս կանխատեսելի և որոշակի ընթացակարգի և չափանիշների վրա որոշել աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորության բացակայության դեպքում աշխատողին տրամադրվող փոխհատուցման չափը: … ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին Վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տրված մեկնաբանությունը, համաձայն որի աշխատողին կարգապահական պատասխանատվություն նախատեսող անհատական իրավական ակտը անվավեր ճանաչելու դեպքում դատարանը անդրադառնում է և հաստատում է կարգապահական պատասխանատվություն թույլ տալու հանգամանքը ճանաչել ՀՀ սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/35653/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 78 և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով տվյալ հոդվածով սահմանված է աշխատողին նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում միջին աշխատավարձից մինչև տասներկուապատիկի չափով, սակայն հոդվածը հնարավորություն չի տալիս որոշելու այն չափանիշները կամ կարգը, որոնցով առաջնորդվելով դատարանն իրավասու է հատուցման չափ սահմանել: Ըստ Դիմողի նշվածի արդյունքում աշխատողը կորցնում է դատական կարգով իր աշխատանքային իրավունքները որոշակիության սկզբունքի հիման վրա պաշտպանելու հնարավորությունից, ինչպես նաև այն փոխհատուցման լեգիտիմ ակնկալիքից, որը կստանար օրենքի Սահմանադրությանը համապատասխանող կանոն նախատեսվելու դեպքում: Դիմողը գտնում է, որ վերոգրյալի արդյունքում դատարաններին տրվել է այնպիսի մեծ հայեցողության հնարավորություն, որում կայացված որոշումները կամայականության են նմանվում, քանի որ առկա չէ որևէ իրավական միասնական մեկնաբանություն կամ սահմանում, որի համաձայն դատարանները կարող են որոշում կայացնել: Դիմողի պնդմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է «(...) Սահմանադրության 29-րդ հոդվածին, հնարավորություն տալով խտրական վերաբերմունքից ելնելով կամայական փոխհատուցման չափ սահմանել, 57-րդ հոդվածին, այնքանով, որքանով աշխատողի կողմից իր իրավունքների վերականգնումը դատական կարգով չի ապահովում արդյունավետությունը, 60-րդ հոդվածը, այնքանով, որքանով չի ապահովում Աշխատողի փոխհատուցման նկատմամբ գույքային լեգիտիմ ակնկալիքները, 61-րդ հոդվածը, այնքանով, որքանով ապահովված չէ դատական արդյունավետ պաշտպանություն իրավահարաբերության նկատմամբ, ինչպես նաև 78-րդ հոդվածը, այնքանով, որքանով դատարաններին տրված փոխհատուցման չափի սահմանափակումը համաչափություն չի նախատեսում և 79-րդ հոդվածը, այնքանով, որքանով չի ապահովում օրենքի որոշակիությունը»: Դիմողը նշում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը հակասում են Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին այնքանով, որքանով տվյալ հոդվածներով սահմանված են աշխատողի դատական կարգով իր աշխատանքային իրավունքները վերականգնելու հնարավորությունը և դատարանների կողմից դատական ակտ կայացնելիս հաշվի առնվող հանգամանքները, սակայն Վճռաբեկ դատարանի կողմից դրանց տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի համաձայն կարգապահական պատասխանատվության ենթարկող անհատական ակտն անվավեր ճանաչելիս Վճռաբեկ դատարանն իրավունք ունի հաստատելու կարգապահական խախտումը վճիռ կայացնելիս հաշվի առնվող հանգամանքներում կատարելով նոր փոփոխություն: Դիմողը նաև նշում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը հակասում են Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին և 61-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ չեն երաշխավորում աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Մասնավորապես, ըստ Դիմողի, անիրագործելի է դառնում կարգապահական պատասխանատվություն սահմանող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը, քանի որ դատարանները նման մեկնաբանության դեպքում իրավասու են տվյալ ակտն անվավեր ճանաչելուն զուգահեռ դատական ակտով հաստատելու համապատասխան խախտումը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթին օրինադրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և իր համապատասխան հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»: Դիմողի կողմից բարձրացված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է հետևյալը. Սահմանադրական դատարանը, 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշմամբ անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (...) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Վերոգրյալը հաստատվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով, մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Busuioc v. Moldova, Application no. 61513/00, 21/12/2004) վճռում դատարանը գտել է. « որ թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է»: 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «(...) օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը» վերտառությամբ 265-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը սահմանել է համապատասխան իրավական հիմքի առկայության պարագայում դատարանի աշխատողին իր նախկին աշխատանքում չվերականգնելու իրավասությունը սահմանելով, որ Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով»: Այս կապակցությամբ Դիմողը ներկայացրել է հետևյալ պնդումը. « ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է ՀՀ սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին, այնքանով, որ բավարար չափով որոշակի չէ: Այն նախատեսում է աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, սակայն չի նախատեսում, թե ինչ չափանիշներից, հիմքերից և սկզբունքներից ելնելով պետք է որոշվի աշխատողին վճարվելիք հատուցման չափը: Ինչպես պետք է դատարանը որոշի, թե ո՞ր աշխատողին վճարել հատուցում միջին աշխատավարձի կրկնապատիկի, որին հնգապատիկի և որին տասներկուապատիկի չափով»: Տվյալ պարագայում վիճարկվող դրույթի բովանդակությունը ենթակա է բացահայտման դատական պրակտիկայում ելնելով յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստական հանգամանքներից և առանձնահատկություններից: Այս առումով օրենսդիրը սահմանել է աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման չափի նվազագույն և առավելագույն շեմ, իսկ դրա կոնկրետ գործի շրջանակներում կիրառումն ու գնահատումն արդեն դատական պրակտիկայի խնդիրն է: Դիմողը` Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով բարձրացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարց, սակայն չի հիմնավորել վիճարկվող դրույթի հակասությունը Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 29, 78 և 79-րդ հոդվածներին: Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է իրավաբանորեն բավարար կերպով հիմնավորել, որ վիճարկվող դրույթը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման, որը տվյալ պարագայում տեղի չի ունեցել: Փոխարենը Դիմողը սահմանափակվել է իր Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 60-րդ հոդվածի 1-ին մասով և 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված համապատասխանաբար աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության, սեփականության և դատական պաշտպանության հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ իրավաբանորեն բավարար կերպով չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 29, 78 և 79-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթի իր որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 29, 78 և 79-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում, և սույն անհատական դիմումն այս մասով ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է: Դիմողի կողմից բարձրացված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է հետևյալը. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են աշխատողի աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ համաձայն չլինելու դեպքում դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքն իրացնելու համապատասխան ժամկետները: Մինչդեռ, Դիմողի կողմից տվյալ դրույթին վերագրվել է իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի ենթադրյալ մեկնաբանություն, որի բովանդակությունը վկայում է, որ այն ուղղակիորեն չի կարող բխել և վերաբերելի չէ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով բարձրացրել է ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց, սակայն չի հիմնավորել վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասին: Այսինքն այս մասով ևս, Դիմողի կողմից չի հիմնավորվել վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության իր Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը, ինչպես նաև նման խախտման փաստի և վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն այս մասով ևս ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է: 3.2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմն ընդգծում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում տվյալ դիմումները չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանին, քանի որ դուրս են Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Սահմանադրական դատարանի դատական կազմը նշում է, որ դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածին և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ « Դատարանները չեն ուսումնասիրում աշխատողը այդ ընթացքում անցել է այլ գործատուի մոտ թե ոչ, չեն ուսումնասիրում աշխատողի ստացած և դատական վիճաբանության ընթացքում ստացվող եկամուտները և այլ կարևոր փաստեր, այլ կամայական որոշում են որքան փոխհատուցում սահմանել: Դատարանի կողմից նման չափով փոխհատուցում սահմանելը նաև խտրականության դրսևորում է, քանի որ նույնանման իրավիճակներում գտնվող անձանց դատարանները կարող են տարբեր փոխհատուցման չափեր սահմանեն ուղղակի սուբյեկտիվ տրամադրվածությունից ելնելով»: Դիմողը վկայակոչել է նաև հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. « Վճռաբեկ դատարանը հանդիսանալով օրենքի միատեսակ մեկնաբանող դատարան ոչ միայն չի մեկնաբանել իրավական նորմը, չի ապահովել նորմի միատեսակ կիրառությունը այլև ինքն է հանդես եկել նորմի հակասահմանադրական կիրառող: Այսպիսով, այս իրավիճակում անհնար է արձանագրել, որ Վճռաբեկ դատարանը կձեռնարկի միջոցներ հիշյալ նորմի միատեսակ կիրառությունը ապահովելու նպատակով»: Հետևաբար, Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/35653/02/19 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ: Մասնավորապես, Դիմողը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածին և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների, մասնավորապես Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը: Ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/35653/02/19 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից և ենթակա է մերժման նաև դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արմինե Դավթյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ` Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
13 նոյեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-52
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-52
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
