«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 մարտի 2020թ. ՍԴԴԿՈ - 16 | «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 23 մարտի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Դիլանյանի
Քննության առնելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի
դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն (գործադիր տնօրեն Ա. Խաչատրյան) 2020 թվականի մարտի 4-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «....որոշում կայացնել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածների ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին համապատախանելու հարցի վերաբերյալ»:
2. Ըստ դիմողի վիճարկվող նորմերը չունեն հստակ կարգավորում և հակասում են իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ ֆինանսական կազմակերպության համար պարզ ու մատչելի, տառացի չի նկարագրվում, թե կոնկրետ ո՛ր գործողության չկատարման կամ անգործության համար է վերջինս վճարելու տուգանք սպառողին: Եվ այդ անորոշության պատճառով սպառողները հնարավորություն ունեն պահանջել տուգանքը ֆինանսական կազմակերպության կողմից օրենքի ցանկացած կետի կամ պահանջի չկատարման համար: Դիմողը գտնում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի ինչպես գործող, այնպես էլ նախորդ խմբագրությունը որոշակիորեն չի սահմանում, թե ֆինանսական կազմակերպության ո՛ր գործողությունների կամ անգործության համար վերջինս պետք է վճարի սպառողին տուգանք, իսկ տուգանքի չափն էլ ակնհայտ անհամաչափ է խախտված իրավունքի վերականգնմանը ու համարժեք պատասխանատվություն չի սահմանում, հետևաբար, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 10, 60, 78 և 79-րդ հոդվածներին: Դիմողի կարծիքով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ինչպես գործող, այնպես էլ նախորդ խմբագրությունից բխում է, որ բանկի պարտականության կատարումը ամբողջությամբ կախման մեջ է դրված սպառողի հայեցողությունից, ընդ որում սպառողը չի կարող հրաժարվել այդ հայեցողության իրականացումից, իսկ այն դեպքում, երբ սպառողը չիրականացնի իր հայեցողությունը, և այդ պատճառով բանկը հնարավորություն չունենա տրամադրել վարկի տեղեկատվությունը սպառողին կամ ապացուցել, որ սպառողն է հրաժարվել օգտվել այդ հայեցողությունից, ապա կարող է մեկնաբանվել, որ բանկը չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը, ինչով խախտել է սպառողի տեղեկատվություն ստանալու իրավունքը, և նրա նկատմամբ կիրառելի է օրենքի 20-րդ հոդվածը, այսինքն հաշտարարը/դատարանը իրավասու է որոշել ո՛ր բանկից հօգուտ սպառողի պետք է գանձվի 300.000 ՀՀ դրամ տուգանք:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթները նրա նկատմամբ կիրառվել են համապատասխանաբար Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ ԼԴ2/0882/02/19 գործով և նույն դատարանի 2019 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ ԼԴ2/0328/02/19 գործով: Նշյալ որոշումներով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն /այսուհետ Դատարան/ հետևյալ դիրքորոշումներն է արձանագրել առ այն, որ «....«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կրեդիտավորողի կողմից սպառողի իրավունքների խախտման փաստը հաստատելու պահանջով գործեր քննելիս Ֆինանսական համակարգի հաշտարարը որպես իրավունքի խախտում պետք է գնահատի բացառապես կրեդիտավորողի այն գործողությունները, որոնցով խախտվել է/են սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված սպառողի որևէ իրավունք/ներ։ (….) Հաշտարարի այն դիրքորոշումը, որ Հաճախորդի պահանջը վերաբերել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման համար իրեն նույն օրենքով նախատեսված օրինական տուգանքի տրամադրմանը, բխում է նույն օրենքի նորմերի սխալ մեկնաբանությունից և չի կարող համարվել հիմնավոր Հաճախորդի պահանջի բավարարման համար։ Այսպես, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում է, որ այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է սպառողի սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին։ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում սպառողի իրավունքները սահմանված են 3-րդ գլխում /9-12-րդ հոդվածներ/, որը կրում է «Սպառողի իրավունքները» վերնագիրը։ Սույն գլխում ընդգրկված իրավանորմերով սահմանվում են կրեդիտավորման պայմանագիրը լուծելու, կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու, պարտատիրոջը պահանջներ ներկայացնելու և կրեդիտավորողի իրավունքները փոխանցելու հետևանքով սպառողի իրավունքները։ Նշված իրավանորմերով սահմանված չէ սպառողի իր կրեդիտավորման պայմանագրի հետ կապված տեղեկատվություն ստանալու իրավունք։ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սպառողի համար որևէ իրավունք չի սահմանում»: Վերաքննիչ դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի և հոկտեմբերի 17-ի որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է Դատարանի նշյալ որոշումները և կայացրել նոր դատական ակտեր արձանագրելով, մասնավորապես, որ «.... ֆինասնական համակարգի հաշտարարի որոշումները դատարաններում ըստ էության քննության առարկա չեն կարող դառնալ, այլ կարող են վիճարկվել հատուկ կանոնով բացառապես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքերի սահմաններում, և չեղյալ ճանաչվել ընթացակարգային կանոնների խախտման փաստի ուժով միայն»: Վերաքննիչ դատարանն իր որոշումներում ընդհանրապես չի անդրադարձել դիմողի կողմից վիճարկվող դրույթներին, դրանք ընդհանրապես քննարկման առարկա չեն դարձել Վերաքննիչ դատարանում: Արդյունքում վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են միայն Դատարանի որոշումներով, իսկ դրանք վերացվել են Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար, խնդրո առարկա գործի շրջանակներում պահպանված չէ սահմանադրական և օրենսդրական այն պահանջը, որ անհատական դիմում կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է վերջնական դատական ակտ և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական դրույթի սահմանադրականությունը: Այսպես, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,
գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
23 մարտի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-16
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մարտի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-16
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
