Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-Ի` 02.05.2016Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-478 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-Ի` 02.05.2016Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-478 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-4431 մայիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-44)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 մայիսի 2016թ. ՍԴԱՈ - 44 | «ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-Ի` 02.05.2016Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-478 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-Ի` 02.05.2016Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-478 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն 02.05.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39⁴-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը մասնակի` «և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով» բառերի մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5, 6, 62, 74, 75, 79 հոդվածների և 83.5-րդ հոդվածի 3-րդ կետի իրավանորմերին հակասող և անվավեր:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը պահանջվող իրավական ակտի տեսակի առումով խնդրահարույց է, ինչն էլ «բլանկետային» առումով ստեղծում է Ազգային ժողով չհանդիսացող այլ մարմնի` իրավական ակտ ընդունելու իրավական հնարավորություն:

Ըստ դիմողի` վիճարկվող դրույթը պարունակում է բլանկետային անորոշություն, որով ուղղակի հնարավորություն է ստեղծվում Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը շրջանցելու համար: Դիմողի կարծիքով` վիճարկվող նորմի բլանկետային անորոշությունը հնարավորություն է ստեղծում այլ մարմիններին և պաշտոնատար անձանց ընդունել ստուգման կարգ, որն օրենսդրի բացառիկ առաքելությունն է Սահմանադրության 83.5- րդ հոդվածով սահմանված իրավակարգավորման շրջանակներում:

2. Նկատի ունենալով, որ սույն անհատական դիմումով գործը քննության ընդունելու հարցով ՍԴ դատական կազմը միաձայնությամբ որոշում չի ընդունել, ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ մասի աշխատակարգային նիստում քննելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39⁴-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը մասնակի` «և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով» բառերի մասով` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության հարցը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, դիմողի գնահատմամբ, հակասում են տվյալ օրենքի դրույթները, ինչպես նաև պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Անհատական դիմումի շրջանակներում նշյալ օրենսդրական պահանջի չպահպանման պարագայում առաջ է գալիս նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված իրավակարգավորման կիրառման անհրաժեշտություն, ըստ որի` անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սույն գործի շրջանակներում դիմողի ներկայացրած փաստարկները հիմնականում վերաբերում են վիճարկվող դրույթի անհամապատասխանությանը 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի իրավակարգավորման տիրույթին: Հարկ է նշել, որ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 209-րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Ընդ որում, 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 83.5-րդ հոդվածը չի նախատեսվել 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության մեջ: Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ վիճարկվող դրույթի և Սահմանադրության համապատասխան դրույթի միջև անհամապատասխանության հիմնավորումն է, վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում դիմողի կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտումը ցույց տալը, համապատասխան սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայության հիմնավորումը, պահանջներ, որոնց բացակայությունը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

Միևնույն ժամանակ, սույն գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ ՀՀ վարչական դատարանը 2015 թվականի հունիսի 25-ի որոշման մեջ իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ «...«ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերստուգող խումբը պարտավոր է ստուգումներն իրականացնել նույն օրենքով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով: Օրենքի նշված դրույթի բովանդակությունը, մասնավորապես, դրանում «օրենքին համապատասխան» եզրույթի առկայությունը վկայում է, որ օրենքը ոչ թե ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածին հակառակ ստուգման կարգի սահմանումը պատվիրակում է այլ իրավական ակտերի, այլ ստուգման կարգը, ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածին համապատասխան, սահմանվում է օրենքով, իսկ օրենքով սահմանված կարգը մանրամասնվում է այլ իրավական ակտերով` չհակասելով օրենքով սահմանված կարգին, օրենքով սահմանված կարգի շրջանակներում և չստեղծելով լրացուցիչ պարտականություններ վերստուգվող սուբյեկտների համար»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշատակել ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի հուլիսի 18-ի ՍԴՈ-816 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներն առ այն, որ` «Ինչ վերաբերում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասով ՀՀ կառավարությանը հարկվող օբյեկտների հաշվարկման կարգ սահմանելու իրավասություն վերապահելուն` սահմանադրական դատարանը գտնում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ ամրագրել է վերահսկողության շրջանակները, ըստ էության սահմանելով հարկվող օբյեկտների հաշվարկման կարգը, իսկ ՀՀ կառավարության կողմից 18.09.1998 թվականին ընդունված թիվ 580 որոշմամբ սահմանված կարգն ըստ էության ոչ թե նոր կարգի սահմանում է, այլ օրենքով արդեն իսկ սահմանված կարգի կենսագործմանն ուղղված իրավակարգավորում, որում առավել կոնկրետացվում են օրենքի 22 հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի դրույթները։ Այսինքն ՀՀ կառավարության 18.09.1998թ. թիվ 580 որոշումը հանդես է գալիս որպես «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասի կիրարկումն ապահովող իրավական ակտ, նշված որոշմամբ սահմանված կարգն ըստ էության հանդես է գալիս որպես «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի կիրարկման կարգ, և իրավակիրառողը պետք է ելնի այդ սկզբունքներից»։ Ղեկավարվելով վերոշարադրյալով` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է: Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն ներկայացնել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ:

Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1- ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով և 69-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 7-րդ մասերով, ՀՀ սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31 մայիսի 2016 թվականի

ՍԴԱՈ-44

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մայիսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-44
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել