Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՈՒՍԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՈՒՍԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3127 մայիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 մայիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 31 | ՍՈՒՍԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

27 մայիսի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Դիլանյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Սուսաննա Ստեփանյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Սուսաննա Ստեփանյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի մայիսի 12-ին) խնդրելով. «1. Անհատական դիմումով գործը քննության ընդունել:

2. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության և նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության նորմերը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կոնկրետ գործով Սուսաննա Ստեփանյանի նկատմամբ կիրառելը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ, 28-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

3. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության և նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության նորմերին թիվ ԵԷԴ/1130/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ նորմատիվ իրավական ակտով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ, 28-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը մատնանշում է, որ ՀՀ-ում ճանաչվում և պաշտպանվում է յուրաքանչյուրի սեփականության իրավունքը և յուրաքանչյուրն իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, կտակելու իր սեփականությունը վնաս չպատճառելով շրջակա միջավայրին և չխախտելով այլ անձանց, հանրության, պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Դիմողի կարծիքով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում կատարողական վարույթի մասնակից (պահանջատեր կամ պարտապան) չհանդիսացող 3-րդ անձանց կատարողական վարույթում ներգրավելու հետ կապված հարաբերությունները այն դեպքերի համար, երբ այդ վարույթով ուղղակիորեն և անխուսափելիորեն շոշափվելու են նրանց Սահմանադրությամբ և օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:

Դիմողը գտնում է, որ նշված օրենքով կարգավորված չեն պարտադիր կարգավորման ենթակա այն հարաբերությունները, որոնք ուղղակիորեն բխում են նաև այլոց Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված պետության պոզիտիվ պարտականության կատարումից, և որպիսի պարտականությունը չկատարելը ուղղակիորեն կհանգեցնի այդ իրավունքների և շահերի խախտման:

Ըստ դիմողի նշված օրենքում առկա բացը զրկում է երրորդ անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանությունից, նման բացի առկայությունը արդարացված չէ, խախտում է անձի հիմնական իրավունքները և ազատությունները:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։

2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում սույն օրենքի 69- րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29- րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, …. երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը, իսկ նշված 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2020 թվականի մայիսի 7-ին: Հետևաբար, դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու համար: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է վեցամսյա ժամկետը հաշվարկել դատական ակտի հրապարակման պահից և չի նախատեսում դատական ակտն ավելի ուշ ստանալու փաստով կամ այլ հանգամանքներով դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և վերականգնելու հնարավորություն: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 3- րդ և 5-րդ մասերով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սուսաննա Ստեփանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող

Անդամներ

27 մայիսի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-31

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մայիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-31
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել