Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 157 13 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 157 13 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1822 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-182)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 դեկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 182 | «ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 157 13 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15713-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15713-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի նոյեմբերի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վճռաբեկ դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ՎԴ/8623/05/21 վարչական գործով ներկայացրած «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).

«1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15713-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

(...)»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/8623/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը, վկայակոչելով Սահմանադրության վերաբերելի հոդվածներն ու Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները, ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 12 և 14-րդ հոդվածների բովանդակությունը՝ Դիմողը նշում է. «(...) վերոգրյալ հոդվածներում օրենսդիրը սահմանել է զանցանքի սուբյեկտին, որպես այդպիսին դիտարկելով այն անձին, ով կատարել է հակաօրինական այնպիսի արարք, որը նկարագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կամ այլ օրենքներում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուր արարքի համար օրենսդիրն առանձնացրել է զանցանքի կոնկրետ սուբյեկտ, որի նկատմամբ կարող է նույն հոդվածների սանկցիայի շրջանակներում կիրառվել վարչական պատասխանատվություն։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներ միաժամանակ նախատեսում են մեկից ավելի սանկցիաներ՝ մի դեպքում ֆիզիկական, մյուս դեպքում՝ իրավաբանական և պաշտոնատար անձանց, իսկ երրորդ դեպքում՝ անհատ ձեռնարկատերի համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանն ընդդեմ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիվ ՎԴ2/0071/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.06.2025 թվականի որոշումը)» (ընդգծումը՝ Դիմողի):

Հաջորդիվ Դիմողը պնդում է, որ Օրենսգրքի հատուկ մասում ներառված հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուր արարքի համար օրենսդիրն առանձնացրել է զանցանքի կոնկրետ սուբյեկտ, որի նկատմամբ նույն հոդվածների սանկցիայի շրջանակներում կարող է կիրառվել վարչական պատասխանատվություն։ Ըստ այդմ՝ Օրենսգրքի մի շարք հոդվածներով վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտներ են դիտարկվել ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը: Դիմողի դիտարկմամբ՝ իրավաբանական անձանց՝ որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելու պարագայում Օրենսգրքի 9-րդ հոդվածի իրավակարգավորման համատեքստում անորոշ է մնում զանցանքի սուբյեկտիվ կողմի հարցը, քանի որ դա պայմանավորված է արարքի և դրա հետևանքների նկատմամբ անձի հոգեբանական վերաբերմունքով, ինչը կարող է առկա լինել միայն ֆիզիկական, այդ թվում` պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատերերի պարագայում։

Դիմողն արձանագրում է, որ Օրենսգրքի հատուկ մասում ներառված հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուր արարքի համար օրենսդիրն առանձնացրել է զանցանքի կոնկրետ սուբյեկտ, որի նկատմամբ կարող է նույն հոդվածների սանկցիայի շրջանակներում կիրառվել վարչական պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ, սակայն, Օրենսգրքի որոշ հոդվածներում նշված չէ վարչական պատասխանատվության ենթակա կոնկրետ սուբյեկտը։

Անդրադառնալով վիճարկվող դրույթին՝ Դիմողը գտնում է. «(...) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15713-րդ հոդվածով որոշակիացված չէ նույն հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտը։ Մասնավորապես, նշված նորմում օգտագործված է «տեխնիկական հսկողություն իրականացնող» եզրույթը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր դեպքում պատասխանատվության ենթակա սուբյեկտին որոշելու համար պետք է պարզել, թե ով է տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ ֆիզիկական, թե՞ իրավաբանական անձը։ Այլ կերպ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15713-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված արարքի համար վարչական պատասխանատվության սուբյեկտի հարցի լուծումն օրենսդիրը պայմանավորել է նրանով, թե կոնկրետ դեպքում ով է կրում օրենքով սահմանված կարգի պահպանմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու պարտականությունը, հետևաբար այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգի պահպանմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու պարտականության կրողն իրավաբանական անձ է, ապա վերջինս կարող է հանդիսանալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15713-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված արարքի համար վարչական պատասխանատվության սուբյեկտ, այնինչ՝ այդ դեպքում նշված հոդվածը գործնականում կիրառել հնարավոր չէ՝ հաշվի առնելով, որ.

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը՝ որպես վարչական պատասխանատվության սուբյեկտներ՝ ընդհանուր մասում առանձնացնում է միայն ֆիզիկական, այդ թվում նաև պաշտոնատար անձանց,

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված զանցակազմերի պարտադիր տարր է հակաիրավական արարքում սուբյեկտիվ կողմը՝ անձի մեղավորությունը, որը վերաբերելի է միայն ֆիզիկական, այդ թվում նաև պաշտոնատար անձանց,

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման ենթակա հանգամանք է, ի թիվս այլնի, տվյալ անձի մեղավորությունը իրավախախտումը կատարելու մեջ»։

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը եզրահանգում է, որ այն դեպքում, երբ վիճարկվող հոդվածում «տեխնիկական հսկողություն իրականացնող» ձևակերպման դատական մեկնաբանությունը հանգեցնում է նրան, որ տվյալ իրավախախտման սուբյեկտն իրավաբանական անձն է, ապա վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու խնդրի համակարգային կանոնակարգման բացակայությամբ պայմանավորված՝ վիճարկվող նորմը գործնականում հնարավոր չէ կիրառել։

3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը, ինչպես նաև թիվ ՎԴ/8623/05/21 վարչական գործը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա՝ գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է. «Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

Վկայակոչված կարգավորումն ամրագրվել է Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրն ուրվագծել է դատարանների՝ սույն սահմանադրաիրավական իրավասության կենսագործման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարաններին շնորհելով սահմանադրական արդարադատություն հայցելու բարձր իրավազորությամբ՝ Սահմանադիրը, ի թիվս այլնի, մի կողմից՝ հետապնդել է իրավական համակարգը հակասահմանադրական նորմերի կիրառման միջոցով ձևախեղումը կանխելու, մյուս կողմից՝ Սահմանադրության գերագույն իրավական ուժի դինամիկ կենսագործումը և մարդուն շնորհված հիմնական իրավունքների և ազատությունների անխաթար պաշտպանությունն ապահովելու նպատակներ՝ այդպիսով նաև ամրապնդելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի կենսունակությունը:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների դիմումների հիման վրա կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատությունը կարող է իր նպատակին ծառայել, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ դատարանները Բարձր դատարան ներկայացվող դիմումներում հիմնավորեն՝

1) տվյալ գործի՝ իրենց վարույթում գտնվելու հանգամանքը,

2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալը: Այլ խոսքով՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի՝ Սահմանադրությանը ենթադրյալ հակասության պատճառաբանված դիրքորոշումը՝ հիմնված ներքին համոզման վրա,

3) տվյալ գործի՝ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորությունը:

Վերոնշյալ սահմանադրաիրավական պահանջների պահպանումը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի ընդունելիության և գործի քննության գրավականն է, ուստի՝ արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական առաքելություն կրող հիշյալ սուբյեկտների կողմից ենթակա է առանձնահատուկ ուշադրության՝ հաշվի առնելով հակասահմանադրական նորմերի կիրառման անթույլատրելիության՝ Սահմանադրի անխախտ կամքը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, պետք է ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բազմաբովանդակ պատճառաբանությունը, որը կհիմնավորի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի առկայությունը:

Սույն դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստելու, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը: Այսպես.

Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի շրջանակներում Դիմողը, ըստ էության, բարձրացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15713-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության հարց՝ Սահմանադրության՝ «Որոշակիության սկզբունքը» վերտառությամբ 79-րդ հոդվածին համապատասխանության համատեքստում, մինչդեռ դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ խնդրո առարկա նորմի դատական մեկնաբանության ենթարկելը հենց Վճռաբեկ դատարանի լիազորությունների տիրույթում է՝ իբրև վերջինիս սահմանադրական առաքելության կենսագործում:

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել սահմանադրական իրավունքների պաշտպանության երաշխավորման և իրավական անվտանգության ապահովման հարցում դատարանների ունեցած առանձնահատուկ առաքելությունը, քանզի անառարկելի իրողություն է, որ իրավական անորոշության հաղթահարման հարցում դատական իշխանությունն օժտված է առանցքային կարևորություն ունեցող իրավանորմերի դատական մեկնաբանության լծակով, որի՝ Սահմանադրությանը համահունչ կիրառումը սահմանադրականության հաստատման և սահմանադրական իրավակարգի ապահովման գրավականներից է:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հունվարի 14-ի ՍԴԱՈ-9 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում Բարձր դատարանի և եռաստիճան դատական համակարգի դատարանների իրավասությունների կրկնօրինակումը: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ եռաստիճան դատական համակարգի դատարանների կողմից դատական մեկնաբանություններով իրավունքի զարգացումը խթանելու, սահմանադրական իրավունքների և ազատությունների կրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման նպատակով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը դատարանի մոտ ծագում է միայն իր բարձրացրած խնդրի լուծման իրավասության բացակայության դեպքում, հակառակ պարագայում՝ դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան»։

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դատարանների ուշադրությունը հրավիրել սկզբունքային նշանակություն ունեցող այն հարցին, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Սահմանադիրը դատարաններին վերապահել է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական գործառույթ, իսկ այն դեպքում, երբ վերջիններս հիմնավոր կասկած ունեն կոնկրետ գործով արդարադատության իրականացման հանգուցալուծումը պայմանավորող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ, հայցել սահմանադրական արդարադատություն: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրությանը համապատասխան արդարադատության իրականացումը, ի թիվս այլնի, ենթադրում է դատարանների կողմից իրավանորմերին Սահմանադրությանը համահունչ մեկնաբանության հաղորդում. Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում Սահմանադրի կողմից դատարաններին վերապահված դատական մեկնաբանման հիմնարար գործիքակազմի այնպիսի գործադրումը, որը հանգեցնելու է արհեստածին իրավական անորոշության և ենթադրյալ օրենսդրական բացերի առաջացման՝ խաթարելով իրավական անվտանգությունն ու իրավակիրառ պրակտիկայի միասնականությունը: Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված Սահմանադրի կամքին ուղղակի հակասում է նաև դատարանների՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց Բարձր դատարանի առջև բարձրացնելը. սույն մոտեցումը խաթարում է եռաստիճան դատական համակարգի և Սահմանադրական դատարանի լիազորությունների ներդաշնակ սահմանազատումը՝ հաշվի առնելով դատական մեկնաբանման գործիքակազմով եռաստիճան դատական համակարգի օժտված լինելու հանգամանքն առավել ևս այն պայմաններում, երբ դատարանները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, ունեն անհրաժեշտության պարագայում սեփական պրակտիկան զարգացնելու/փոփոխելու իրավական հնարավորություն:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոշարադյալը հիմք է տալիս պնդելու, որ սույն դիմումը չի բավարարում դրա ընդունելիության չափանիշները։

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ պայման հանդիսացող հիմնավոր կասկածի առկայության շեմը հաղթահարված չէ: Վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի փաստարկները Սահմանադրական դատարանը բավարար չափով հիմնավոր չի համարում, քանզի Դիմողը որևէ կերպ չի հիմնավորել վիճարկվող կարգավորումները Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը, որպիսի հանգամանքը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ինչը վկայում է, որ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15713-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

2 դեկտեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-182

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-182
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել