«ՔԱՐՕԼԻՆ ԲԱՂՈՒՄԵԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 մարտի 2023թ. ՍԴԱՈ - 23 | «ՔԱՐՕԼԻՆ ԲԱՂՈՒՄԵԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՔԱՐՕԼԻՆ ԲԱՂՈՒՄԵԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Քարօլին Բաղումեանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2023 թվականի մարտի 6-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Քարօլին Բաղումեանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «1. Անհատական դիմումով գործը քննության ընդունել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ԵԿԴ/1340/02/09 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ «(...) Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի նորմը, մինչդեռ պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի նորմը, ըստ այդմ Վճռաբեկ դատարանն իրացնելով իր հայեցողական լիազորությունները պատճառաբանել է, որ դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքում նշված հիմնավորումները բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք, հետևաբար այդ հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար»: Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի դրույթների իրավական անորոշությունը կվերանա, եթե այդ դրույթները ձևակերպվեն հստակ և որոշակի, ինչը կերաշխավորի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/21179/02/18 քաղաքացիական գործով 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ ձեռք բերված իր իրավունքների իրականացումը, այն է «վճռաբեկ դատարանը պարտավոր է բողոքն ընդունել քննության, եթե առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք»: Ըստ Դիմողի վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված սույն մեկնաբանությունը համահունչ կլինի Սահմանադրության 61, 63, 78 և 79-րդ հոդվածների պահանջներին:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Ներկայացված նյութերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգելու, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի նորմը, մինչդեռ պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի նորմը, ըստ այդմ Վճռաբեկ դատարանն իրացնելով իր հայեցողական լիազորությունները պատճառաբանել է, որ դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքում նշված հիմնավորումները բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք, հետևաբար այդ հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար»: Դիմողը պնդում է նաև, որ «(...) բողոքում նշված հիմնավորումները բավարար են եղել եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք, և հետևաբար այդ հիմնավորումները բավարար են եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքում հիմնավորվել է գործի լուծման պահին այնպիսի հանգամանքի գոյություն ունենալու փաստի առկայությունը, որն ունեցել է գործի լուծման համար էական նշանակություն, հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել իրեն ու դատարանին»: Սահմանադրական դատարանը միաժամանակ փաստում է, որ Դիմողի կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացված իրավական հարցադրումները հանգել են հետևյալին. «- (...) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/21179/02/18 քաղաքացիական գործով 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքը չի հանդիսանում արդյո՞ք բավարար և հիմնավոր նոր երևան եկած հանգամանք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և դատական ակտը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար,
- արդյո՞ք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/21179/02/18 քաղաքացիական գործով 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքը չի հանդիսանում նոր երևան եկած հանգամանք, այն հիմքով, որ դատական ակտով սահմանվել է, որ թիվ ԵԿԴ/1340/02/09 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չի հաստատել Քարոլին Բաղումյանի և Նունուֆար Հովհաննիսյանի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանի միջև 29.01.2010թ.-ին ստորագրված «Հաշտության համաձայնություն»-ը, ըստ այդմ չհաստատված հաշտության համաձայնությունը, որևէ իրավական հետևանք չի առաջացնում, համարվում է առհասարակ գոյություն չունեցող, որը որևէ իրավունք կամ պարտականություն չի կարող առաջացնել, այն ինքնին հիմք չէ իրավահարաբերությունների առաջացման համար»: Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վիճարկվող դրույթների հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես այդպիսին ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանի (մասնավորապես Վճռաբեկ դատարանի) գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Քարօլին Բաղումեանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
28 մարտի 2023 թվականի
ՍԴԱՈ-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
