ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-88)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 դեկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 88 | ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 15 դեկտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Դավիթ Գրիգորյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Դավիթ Գրիգորյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 29-ին), խնդրել է հետևյալը. «Ճանաչել հակասող և անվավեր
1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «Վճռի ներածական մասը բովանդակում է (...) գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունը (...):» արտահայտությունը Սահմանադրության 31, 34, 79-րդ հոդվածներին,
2. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «(...) նաև դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը, նրանց հաշվառման վայրի հասցեները, իսկ ներկայացուցիչների մասնակցության դեպքում նաև որպես ներկայացուցիչ հանդես գալու համար հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները:» Սահմանադրության 31, 34, 75-րդ հոդվածներին,
3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշումը» Սահմանադրության 31, 34, 75, 79-րդ հոդվածներին,
4. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում» մասը Սահմանադրության 61, 63, 75-րդ հոդվածներին, իսկ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասը «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում նշելով առկա թերությունները։» նաև Սահմանադրության 79-րդ հոդվածին,
5. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 09.12.2019 թվականին ընդունված ՀՕ-305-Ն օրենքը Սահմանադրության 73, 61, 75, 79, 78-րդ հոդվածներին»:
2. Դիմողը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վճռի ներածական մասում անձի անունը, դատավարության մասնակիցների և ներկայացուցիչների անձը հաստատող փաստաթղթի տվյալների ձևակերպումները և ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» թիվ 767 որոշումը դիտարկելով համակցության մեջ, գտնում է, որ վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերը հակասում են Սահմանադրության 31, 34, 75-րդ հոդվածներին։ Բացի դրանից, դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի կիրառումը և մեկնաբանումը հանգեցրել է Սահմանադրության 61, 63 և 79-րդ հոդվածների խախտման: Միաժամանակ, դիմողը կարծում է, որ առերևույթ խախտվել է նաև Սահմանադրության 6-րդ հոդվածը, քանի որ, ըստ դիմողի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածով նշված լիազորություններից միայն մեկը կատարելու իրավասություն ունի, այսինքն կա՛մ պետք է կայացնի վճռաբեկ բողոքը վերադաձնելու մասին որոշում, կա՛մ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 09.12.2019 թ. ընդունված ՀՕ-305-Ն օրենքի առնչությամբ դիմողը նշում է, որ այն ընդունվել է նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտմամբ, քանի որ օրենքի եզրափակիչ և անցումային դրույթների մասում տեղ չի գտել օրենքի հետադարձ ուժ տալու հարցը, որը վատթարացնում է անձի վիճակը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 09.12.2019 թ. ընդունված ՀՕ-305-Ն օրենքի, ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշման վերաբերյալ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողն ըստ էության բարձրացնում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 09.12.2019 թ. ընդունված ՀՕ-305-Ն օրենքի, ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշման սահմանադրականության հարց, սակայն Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող իրավադրույթների և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, հետևաբար` գործի քննությունն այս դրույթների մասով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: 3.2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի ներկայացրած հիմնավորումները, ըստ էության, հանգում են նրան, որ թիվ ՎԴ/7782/05/18 վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում դիմողի կողմից սխալները շտկվելուց հետո կրկին վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահանջը կրում է ձևական բնույթ: Վիճարկվող դրույթի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին բերվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։ Միաժամանակ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ վիճարկվող դրույթը, ի թիվս այլնի, կարգավորում է նաև Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշմամբ սահմանված ժամկետում բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները։ Իսկ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելը, ըստ էության, ենթադրում է վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարան կրկին ներկայացնելու պարտականություն, ընդ որում` այս պահանջը գործում է անկախ այն հանգամանքից վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ մատնանշված թերություններն առկա են անմիջապես վճռաբեկ բողոքո՞ւմ, թե՞ վճռաբեկ բողոքին կից ներկայացվող փաստաթղթերում, և անկախ այն հանգամանքից վճռաբեկ բողոքում որևէ փոփոխություն կատարվե՞լ է, թե՞ ոչ: Ելնելով դիմումում ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը, ըստ էության, վիճարկում է վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից կայացված դատական ակտի և վերջինիս գործողությունների իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Վերոգրյալից բխում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, իսկ այդպիսի դիմումներով գործերի քննությունը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա է մերժման։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի սահմանադրականության հարց, այլ նորմի կիրառման իրավաչափության հարց, որը Սահմանադրական դատարանի քննության առարկա չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Դավիթ Գրիգորյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
15 դեկտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-88
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 դեկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-88
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
