Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3030 ապրիլի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 ապրիլի 2021թ. ՍԴԴԿՈ - 30 | ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 30 ապրիլի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունների անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունները դիմել են Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 12-ին) խնդրելով. «որոշել «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 48-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի դրան տրված մեկնաբանության համատեքստում և ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի դրան տրված մեկնաբանության համատեքստում, ՀՀ Սահմանադրության 7-րդ, 28-րդ, 48-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Դիմողների կարծիքով ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Ընտրական օրենսգիրք) 48-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով ընտրական հանձնաժողովների որոշումներն ու գործողությունները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտներին և հիմքերը, պարունակում է օրենսդրական բաց կապված դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ ընտրական իրավունքների խախտումները վարչական և դատական կարգով բողոքարկելու հնարավորության բացակայության հետ: Դիմողները նշում են, որ դիմումատու կազմակերպության կանոնադրական նպատակներից բխում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունը, կոլեկտիվ կամ համայնքային կոնկրետ շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ընտրությունների և հանրաքվեի անցկացման օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացումը, որոշակի խմբերի կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը, այնինչ քննարկվող օրենսդրական բացը հանգեցնում է օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների դեմ պաշտպանության անհնարինության: Ըստ դիմողների վերոգրյալի հետ մեկտեղ ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը չի սահմանում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքը վարչական և դատական կարգով բողոքարկելու ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը նաև այն դեպքերում, երբ դրանք հանգեցրել են իրենց սուբյեկտիվ ընտրական իրավունքների խախտմանը, այնինչ այդ խախտումները, այսպես թե այնպես, անդրադառնում են հենց կազմակերպության իրավունքներին: Դիմողները գտնում են, որ վերը նշված հիմնավորումները վերաբերում են նաև Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածին, քանի որ այդ հոդվածին տրվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ ընտրական իրավունքների պաշտպանության համար վարչական դատավարության կարգով դատարան դիմելու իրենց իրավունքը սահմանափակվում է ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է. 3.1. ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունների անհատական դիմումով գործի քննությունը Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 2, 4 և 5-րդ կետերի, Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի մասով, ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում … եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում»: Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում (07.09.2010 թ. ՍԴՈ-906), որով նշված դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող: Սույն գործով և ՍԴՈ-906 գործով բարձրացված հարցերը նույնն են. վերաբերում են այլ անձանց խախտված իրավունքների պաշտպանության նկատառումներով դատարան դիմելու իրավունքին: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի մնացած դրույթները (1-ին մասի 1-ին կետ, 1.1-ին և 1.2-րդ մասերը, 2-րդ մասը, 2.1-րդ մասը, 3-րդ և 4-րդ մասերը), ինչպես նաև Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 2, 4 և 5-րդ կետերը դիմողների նկատմամբ չեն կիրառվել: Մասնավորապես, Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը վկայակոչվել են միայն առաջին ատյանի դատարանի կողմից, ինչը չի կարող հիմք հանդիսանալ պնդելու, որ այդ դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են: Ավելին, այդ դրույթները դիմողների նկատմամբ չէին կարող կիրառվել, քանի որ վերջիններս վերաբերում են հայցվորների վրա ոչ իրավաչափորեն որևէ պարտականություն դնելու և հայցվորներին վարչական կարգով ոչ իրավաչափորեն վարչական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերին, որպիսիք դատարանների առջև չեն բարձրացվել և դատարանները նման հարցեր չեն քննել: Դիմողների նկատմամբ չեն կիրառվել և չէին էլ կարող կիրառվել նաև Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 2, 4 և 5-րդ կետերը, քանի որ վերջիններս վերաբերում են վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցչի իրավունքների հետ կապված հարցերին, որպիսիք դատարանների առջև չեն բարձրացվել և դատարանները նման հարցեր չեն քննել, քանի որ սույն գործով դիմողները որպես հասարակական կազմերպություններ, իրականացրել են դիտորդական առաքելություն: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանն իր 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներով գտել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Հետևաբար, Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի, Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 2, 4 և 5-րդ կետերի մասով սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման, քանի որ դիմողները Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չեն: 3.2. Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մասով առկա չեն սույն դիմումի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28, 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունների անհատական դիմումով գործի քննությունը Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի, Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 2, 4 և 5-րդ կետերի մասով, մերժել:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող Ա. Վաղարշյան

Անդամներ Է. Շաթիրյան

Վ. Գրիգորյան

30 ապրիլի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-30

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 ապրիլի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-30
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել