Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԷՅՉՆԵԹ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԷՅՉՆԵԹ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3314 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հուլիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 33 | «ԷՅՉՆԵԹ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 հուլիսի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի

Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով «ԷՅՉՆԵԹ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԷՅՉՆԵԹ» ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Հայկ Կարապետյան և Հայկ Ծատուրյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 2-ին, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը և «Ապրանքային նշանների մասին» օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության համատեքստում այն մասով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում ապրանքային նշանի գրանցման հրապարակմանը հաջորդող օրը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 50-րդ հոդվածին, 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին հակասող ու անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/10671/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ խնդրո առարկա վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունների արդյունքում ամբողջությամբ խաթարվում է արդար դատաքննության և պատշաճ վարչարարության իրավունքների էությունը, իսկ անձի արդարադատության հասանելիությունն այնպես է սահմանափակվում, որ վստահաբար ազդում է նշված իրավունքի բուն էության վրա և ապրանքային նշանների գրանցման վերաբերյալ արդարադատության մատչելիության իրավունքը մեծապես դարձնում է տեսական կամ պատրանքային։

Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի խնդրո առարկա մեկնաբանությունների արդյունքում առաջ է քաշվում մի վտանգավոր թեզ, որ վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել՝ անձի կողմից այդ ակտն ստանալու, դրա վերաբերյալ իրազեկվելու, դրան ծանոթանալու հստակ և գործնական հնարավորությունների բացակայության պայմաններում։ Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ Վճռաբեկ դատարանն առաջ է քաշում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրի հրապարակման դեպքում ապրանքային նշանների գրանցման վերաբերյալ միջամտող վարչական ակտի մասին իրազեկված լինելու կանխավարկածը, որն ամբողջությամբ խաթարում է ինչպես վարչական ակտի ուժի մեջ մտնելու, այնպես էլ դրա վերաբերյալ բողոք կամ հայց ներկայացնելու կառուցակարգերի հիմքում ընկած սկզբունքները։

Ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանի նման մեկնաբանության պարագայում ստեղծվում է հնարավորություն՝ նույն գործով վարչական վարույթի առանձին մասնակիցների համար կիրառելու տարբեր ընթացակարգեր, որոնք վարչական վարույթի մասնակիցների իրավունքների հետագա իրացման համար ունեն էական տարբերություններ։

Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթներին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանության պարագայում խախտվում է Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված՝ խտրականության արգելքի սկզբունքը, ինչպես նաև Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքը։

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթներին Վճռաբեկ դատարանի կողմից տրված և ստորադաս դատարանների համար կիրառման տեսանկյունից պարտադիր մեկնաբանությունների պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, որով էականորեն սահմանափակվում է շահագրգիռ անձանց՝ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից կատարված գրանցումների վիճարկման հնարավորությունը, քանի որ յուրաքանչյուր ոք պարտականություն է կրելու` հետևելու «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրի հրապարակմանը՝ պարզելու արդյո՞ք այդտեղ առկա է տեղեկատվություն այնպիսի ապրանքային նշանների գրանցման վերաբերյալ, որոնք խախտում են իր իրավունքները, շփոթության աստիճանի նման են իրեն պատկանող և գրանցված այլ ապրանքային նշաններին։

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը` հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ապրանքային նշանների մասին» օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «ՀՀ վճռաբեկ դատարանը իր մեկնաբանություններում շեղվել է օրենքի կարգավորումներից, անտեսել է օրենքում առկա այն նորմերը, որոնք ցույց են տալիս «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրի հրապարակման նպատակը և դրանով լուծվող խնդիրները:

(...) ՀՀ վճռաբեկ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել «Ապրանքային նշանների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1.1-ին մասին, (...)» (ընդգծումը՝ Դիմողի):

Դիմողը նաև նշել է. «(...) Վճռաբեկ դատարանը, գալով եզրակացության, որ քննարկվող գործով հայց ներկայացնելու ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է համարել «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում համապատասխան ապրանքային նշանների վերաբերյալ կատարված գրառման հրապարակման օրը, գործով չունենալով համապատասխան նշանների վերաբերյալ գրառում պարունակող «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրի հրապարակման վերաբերյալ որևէ ապացույց, փոխանակ գործն ուղարկի նոր քննության համապատասխան ապացույցները ձեռք բերելու և ուսումնասիրելու նպատակով, Վճռաբեկ դատարանը, խախտելով օրենքի պահանջը, առաջնորդվել է ենթադրությամբ կամ կանխավարկածով, որպիսի փաստն էլ ամրագրել է իր որոշման մեջ»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/10671/05/24 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ապրանքային նշանների մասին» օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ՎԴ/10671/05/24 վարչական գործով Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԷՅՉՆԵԹ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Թովմասյան

Անդամներ՝ Ա. Վաղարշյան

Հ. Հովակիմյան

14 հուլիսի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-33

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-33
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել