ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-44)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 հունիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 44 | ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 հունիսի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Արտակ Գալստյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արտակ Գալստյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունիսի 8-ին խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ հատվածը այն մասով, որ բացառություն է նախատեսում վերաքննիչ դատարանի կողմից կայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում վերաքննիչ դատարանի կողմից բողոքի վարույթ ընդունելուն, եթե բացակայում են վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր հակասում են Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հակասող և անվավեր»:
2. Թեպետ ներկայացրած դիմումի խնդրամասում դիմողը Սահմանադրական դատարանին խնդրել էր ստուգել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ հատվածի սահմանադրականությունը, սույն դիմումի և դրան կից նյութերի ուսումնասիրությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմի համար ակնհայտ է, որ դիմողի ներկայացրած անհատական դիմումի պահանջը վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի սահմանադրականության ստուգմանը։ Ապաև Սահմանադրական դատարանի դատական կազմը սույն դիմումի ընդունելիության հարցի որոշմամբ դիմողի ներկայացրած դիմումը քննարկելու է հիշյալ վերապահմամբ։ Ներկայացված դիմումով դիմողը պնդում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ հատվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածներին: Մասնավորապես, դիմողը նշում է, որ դիմելով Վճռաբեկ դատարան, ունեցել է իրավաչափ ակնկալիք, որ Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ քաղաքացիական դատարանի Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերացնելուց հետո այն պետք է վարույթ ընդունվեր և քննվեր ըստ էության, սակայն իրականում վերաքննիչ քաղաքացիական դատարանը, հղում կատարելով Քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ հատվածին, կրկին մերժել էր այն վարույթ ընդունել: Դիմողը նշում է, որ այս նույն տրամաբանությամբ վերաքննիչ բողոքի քննության ընթացքը կարող է շարունակվել անվերջ, և վերաքննիչ քաղաքացիական դատարանի Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելուց հետո վերաքննիչ քաղաքացիական դատարանը կարող է այն վարույթ չընդունել:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են. ա) կոնկրետ գործով դատարանի վերջնական ակտի առկայությունը, բ) ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառումն այն դեպքում, երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքի կամ ազատության խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Համաձայն Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»։ Սահմանադրական դատարանը «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը հիմնավորել է հետևյալով. «Վերը նշված հարցադրման շրջանակներում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը պնդում է, որ հայցվորները Դատարանի 08.05.2019 թվականի դատական ակտը ստացել են 16.05.2019 թվականին, հետևաբար եթե նույնիսկ բողոքարկման մեկամսյա ժամկետի սկիզբը դիտարկվի 17.05.2019 թվականից, ապա բողոքը կարող էր բերվել մինչև 17.06.2019 թվականը, մինչդեռ հայցվորների ներկայացուցիչը երրորդ նոր բողոքը ներկայացրել է 27.07.2019 թվականին, որով էլ բաց է թողել վերաքննիչ բողոք բերելու մեկամսյա ժամկետը, իսկ այն հարգելի համարելու և վերականգնելու հիմքերը բացակայում են: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է: (…)
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի ընդունումը պետք է մերժել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով»: Վերոգրյալից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը դիմողի նկատմամբ կիրառել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն այն հիմնավորմամբ, որ դիմողը վերաքննիչ բողոքը բերել էր սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է: Ինչ վերաբերում է վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոհիշյալ դատական ակտում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ նշմանը, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ այն ունի ծանուցողական բնույթ, հանդես է գալիս ընդամենը որպես վկայակոչում և իրավական հետևանքներ դիմողի համար չի առաջացրել, հետևաբար Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով դիմողի նկատմամբ չի կիրառվել: Դիմողի համար իրավական հետևանքներ առաջացրել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառումը, մինչդեռ սույն իրավադրույթը դիմողի կողմից չի վիճարկվել: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արտակ Գալստյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Խաչատրյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
28 հունիսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-44
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հունիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-44
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
