Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՀԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՀԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-812 ապրիլի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 ապրիլի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 8 | ՎԱՀԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 12 ապրիլի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Վահան Հայրապետյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վահան Հայրապետյանը 24.03.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

2. Դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:

3. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. Դիմողը նշում է, որ` «…Երբ քաղաքացու բողոքը հետաքննության մարմնի անգործության դեմ վերադասը հաշվի չի առնում, իսկ դատարանը պարտադիր պայման է բերում` հ. 290-ի 1-ն մասը, որ քաղաքացին չի կարող անմիջապես դիմել դատարան»` դա դատարանի մատչելիության և դատաքննության սահմանադրական իրավունքի խախտում է: Քաղաքացին չպետք է ամիսներով նյարդեր քայքայի, դիմի վերադասության կարգով դատախազին, վերադաս դատախազին, ՀՀ գլխավոր դատախազին և նոր միայն դիմի դատարան: Նման վարչարարությունը չի բխում արդարադատության շահերից և մարդու իրավունքների խախտում է: Նման դեպքում պետք է օրենքով երաշխավորվի, որ համապատասխան պաշտոնատար անձի կայացրած որոշման ու անգործության դեմ քաղաքացին կարողանա առանց նախապայմանների դիմել դատարան և իրականացվի դատաքննություն:

4. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց.

Դիմողը հետաքննիչ Թ. Մաթևոսյանի 2012թ. նոյեմբերի 12-ի որոշումը բողոքարկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որը 2013 թվականի հունիսի 12-ի որոշմամբ մերժվել է:

Դիմողը բողոքարկել է այդ ակտը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որն էլ 2013 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 12-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հունիսի 12-ի որոշման դեմ դիմողը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որն էլ 2013 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ վերադարձվել է:

2016 թվականի նոյեմբերի 15-ին դիմողը կրկին նույն հիմքով և հիմնավորումներով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 19-ի որոշման դեմ: ՀՀ վճռաբեկ դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ դիմողի բողոքը թողել է առանց քննության: Նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2016 թվականին դիմողը կրկին անգամ վճռաբեկ բողոք ներկայացնելով փորձել է ընդամենը ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետի նոր հաշվարկի հնարավորություն ապահովել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթը չի վերաբերում վճռաբեկ վարույթի շրջանակներում նոր երևան եկած հանգամանքներին, ուստի դիմողը բաց է թողել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը, որը նրա համար սկսել է հոսել ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը հասանելի լինելու պահից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վահան Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

12 ապրիլի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/1-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 ապրիլի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել