ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 56 | ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Վ. Գրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 սեպտեմբերի 2022թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Ռուբեն Վարդազարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռուբեն Վարդազարյանի դիմումը (ներկայացուցիչ` Ա. Օրբելյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի սեպտեմբերի 12-ին, որով դիմողը խնդրել է. «1․ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապակցված 90-րդ հոդվածի 2-րդ մասը և 94-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր, քանի որ Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը Բարձրագույն դատական խորհրդի առնվազն 3 անդամներին իրավունք է վերապահում Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին, մինչդեռ Օրենքի որևէ այլ նորմ, ներառյալ Օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը չի բացառում այդ անձանց մասնակցությունը հարցի քննարկմանը և քվեարկությանը, 2․ Օրենքի 142-րդ 6-րդ մասի 2-րդ կետը (փոխկապակցված Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերի հետ) իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ ճանաչել Սահմանադրության 49-րդ և 41-րդ հոդվածներին (փոխկապակցված 78-րդ հոդվածի հետ) հակասող, քանի որ իրավակիրառ պրակտիկայում Օրենքի նշված դրույթներին տրվել են դիմողի հանրային ծառայության անցնելու ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն իրագործող մեկնաբանություն»:
2. Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցին դիմողը նշում է, որ կարգապահական խախտում թույլ տալու մեջ մեղադրող կողմը հանձնախումբը, հանդես է գալիս նաև որպես դատարան, որպիսի պայմաններում խախտվում են անձի Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության ու անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի քննության իրավունքները, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը։ Դիմողը նշում է, որ գործի քննությունը կարող է համարվել իրականացված անկախ և անկողմնակալ դատարանի կողմից մրցակցության սկզբունքի ապահովմամբ այն դեպքում, երբ դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում, այլ իրականացնում է բացառապես գործի լուծման գործառույթ, այլ կերպ ասած, երբ մեղադրանքի և պաշտպանության գործառույթները տարանջատված են և սահմանազատված գործի լուծման գործառույթից։ Ըստ դիմողի բոլոր այն դեպքերում, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած անձինք միաժամանակ մասնակցում են կարգապահական վարույթի շրջանակներում քննարկվող Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկմանը և որոշման կայացմանը, մեղադրանքի և գործի լուծման գործառույթները միաձուլվում են, ինչն էլ հանգեցնում է արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման։ Դիմողը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, դրա հետ փոխկապակցված հիշյալ սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը և 94-րդ հոդվածի 6-րդ մասն առերևույթ հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին այնքանով, որքանով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամներին իրավունք է վերապահում Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին, մինչդեռ հիշյալ սահմանադրական օրենքի որևէ այլ նորմ չի բացառում այդ անձանց մասնակցությունը հարցի քննարկմանը և քվեարկությանը, ինչի արդյունքում «մեղադրանքի կողմը» և դատարանը համընկնում են։ Վերոնշյալից զատ, դիմողը բարձրացնում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետին փոխկապակցված հիշյալ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերի հետ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցը։ Դիմողի համոզմամբ Բարձրագույն դատական խորհրդի 23.06.2022թ. հրապարակված ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ վիճարկվող դրույթներին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որն անհամաչափորեն սահմանափակում է դիմողի Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված հանրային ծառայության անցնելու իրավունքը։ Մասնավորապես դիմողը նշում է․ «Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերը Բարձրագույն դատական խորհուրդը վերոնշյալ որոշմամբ մեկնաբանել է ըստ էության այն իմաստով, որ դատավորի կողմից դատարանի որոշման նկատմամբ ցանկացած քննադատական մոտեցում ինքնին հանգեցնում է դատական իշխանության վարկաբեկման, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության նվազեցման, ինչպես նաև դատարանի անկախության և անաչառության վտանգման, որն էլ իր հերթին պետք է դիտվի որպես էական կարգապահական խախտում համապատասխան հետևանքներով»։ Ըստ դիմողի «(…) Բարձրագույն դատական խորհրդի 23.06.2022թ. հրապարակված ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ դիմողի նկատմամբ կիրառված Օրենքի 142-րդ 6-րդ մասի 2-րդ կետը, փոխկապակցված 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերի հետ, և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը խախտում է նաև դիմողի Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատությունը։ (...)
Թեև միանշանակ է, որ հանրային իշխանություն իրականացնող անձանց համար գործում են կարծիքի ազատ արտահայտման իրավունքի ավելի խիստ սահմանափակումներ, բայց դա բնավ չի նշանակում, որ այդ անձինք առհասարակ չեն օգտվում Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված իրավունքից։ (…) տվյալ պարագայում անհրաժեշտ է արձանագրել նաև, որ դիմողի լիազորությունները հարցազրույց տալիս և Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման կայացման պահին եղել են կասեցված, որի պարագայում կարծիքի արտահայտման սահմանափակումները պետք է ավելի մեղմ լինեն, քան չկասեցված լիազորություններով դատավորի դեպքում»։ 3․ Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 3.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոնշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սույն դիմումով վիճարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նաև 85-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը այն համատեքստում, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացվում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա և այնուհետև որևէ իրավական նորմով չի արգելվում Բարձրագույն դատական խորհրդի այդ անդամների մասնակցությունը գործի քննությանը, ինչի արդյունքում խնդրահարույց է անկողմնակալ դատարանի կողմից գործի քննության հնարավորությունը: «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև այդ որոշմամբ վկայակոչվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, սակայն նշված որոշմամբ լուծվել է Ռ. Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, իսկ դիմողի կողմից բարձրացված հարցադրման առումով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչումը դիմողի համար չի առաջացրել որևէ իրավական հետևանք: Այդ համատեքստում անհրաժեշտ է նաև նշել, որ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքի մասին» 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ ԲԴԽ-67-Ո-Կ-16 որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականի հունիսի 16-ին կայացված և 2022 թվականի հունիսի 23-ին հրապարակված թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշման առնչությամբ արձանագրված է, որ Ռ. Վարդազարյանի ներկայացուցիչը նշել է, որ որոշումը կայացվել է Բարձրագույն դատական խորհրդի ոչ օրինական կազմով, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գ. Ջհանգիրյանը, Գ. Բեքմեզյանը և Դ. Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն պարտավոր էին ինքնաբացարկ հայտնել: Որպես կողմնակալության փաստարկ դիմողը նշել է Գ. Ջհանգիրյանի, Գ. Բեքմեզյանի և Դ. Խաչատուրյանի կողմից տրված առանձին հարցազրույցները և արված արտահայտությունները: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն անհրաժեշտ է համարում նշել, որ որպես ինքնաբացարկի հիմք չի նշվել սույն անհատական դիմումով բարձրացված հարցադրումը, այն է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից կազմված Հանձնախմբի կողմից համապատասխան միջնորդություն ներկայացնելը և դրանից հետո նրանց մասնակցությունը համապատասխան գործի քննությանը: Սահմանադրական դատարանը, 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ անդրադառնալով օրենքի դրույթի կիրառման հասկացությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(...) «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ»: Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո դիտարկելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված դատողությունները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը չի բավարարում «կիրառված օրենքի» պահանջը, որն անհատական դիմումներին ներկայացվող պարտադիր պահանջ է, քանզի Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, սույն դիմումով դիմողի կողմից ներկայացված մեկնաբանությամբ, դիմողի համար չի առաջացրել իրավական հետևանքներ, հետևաբար դիմողի նկատմամբ այն չի կիրառվել: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը համապատասխան Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի և 94-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումով վիճարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի հետ փոխկապակցված հիշյալ սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի և 94-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականությունը, որոնց վերաբերյալ դիմողը ներկայացնում է մեկ ընդհանուր դիրքորոշում, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, դրա հետ փոխկապակցված նույն օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը և 94-րդ հոդվածի 6-րդ մասը թույլ են տալիս կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել հենց Բարձրագույն դատական խորհրդի կազմից առնվազն երեք անդամի, որոնք այնուհետև հանդես են գալիս դատարանի կազմում և մասնակցում որոշում կայացնելուն, ինչը թույլ է տալիս փաստել, որ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովման երաշխիքներն այդ դեպքում առկա չեն: Վերոնշյալ դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի ներկայացրած դիրքորոշումների և վիճարկվող դրույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտումը, որը վկայակոչվում է դիմողի կողմից, ու «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը և 94-րդ հոդվածի 6-րդ մասը պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում: Սույն դիմումով դիմողը վիճարկում է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամին վերապահելու կարգավորման սահմանադրականությունը, որն իր ամրագրումն է ստացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասում: Իսկ դիմողի կողմից վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը և 94-րդ հոդվածի 6-րդ մասը կարգավորում են այլ հարաբերություններ: Մասնավորապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն հարցերը, որոնք քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ հիշյալ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը վերաբերում է դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումների ընդունմանը: Ուստի պայմանավորված այն հանգամանքով, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը և 94-րդ հոդվածի 6-րդ մասը պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում, սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումը նշված դրույթների մասով ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3․3․ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6 և 8-րդ կետերի վերաբերյալ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սույն դիմումով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6 և 8-րդ կետերի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք առավելապես վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 2022 թվականի հունիսի 16-ին կայացված և 2022 թվականի հունիսի 23-ին հրապարակված թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշման օրինականությանը, Ռ. Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավաչափությանը։ Մասնավորապես դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ Ռ. Վարդազարյանի կողմից 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները չեն կարող մեկնաբանվել որպես էական կարգապահական խախտում, քանի որ դրանք, ըստ դիմողի, ներառում են փաստի արձանագրում, և դիմողի արտահայտած մտքերն ամբողջովին պաշտպանվում են Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի ազատ արտահայտման իրավունքով։ Դիմողը, մասնավորապես, նշում է. «Վերոնշյալի համատեքստում դիմողի կողմից արված հայտարարությունը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես էական կարգապահական խախտում, քանի որ այն մեծամասամբ իր մեջ ներառում է փաստի արձանագրում առ այն, որ Սահմանադրական դատարանի կողմից այլ որոշման կայացման դեպքում, որպես հնարավոր իրավական հետևանք, կարող էր վրա հասնել շուրջ մեկ ու կես տարվա որոշումների վերանայումը: Դա ինքնին իրավական գնահատական է հիպոթետիկ արդյունքի վերաբերյալ, որը որևէ կերպ չէր կարող խախտել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնը: (...) Նման պարագայում, նույնիսկ եթե Բարձրագույն դատական խորհուրդը տեսնում է կարգապահական խախտման տարրեր, ապա դա որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել և որակվել որպես էական կարգապահական խախտում: (...)
Տվյալ պարագայում դիմողի կողմից արտահայտած մտքերն ամբողջովին պաշտպանվում են Սահմանադրության 42-րդ հոդվածով և Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի ազատ արտահայտման իրավունքով: (...)
Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ հնարավոր ամենախիստ և այդպիսով չարդարացված (անհամաչափ) միջամտություն է գործել դիմողի Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման իրավունքի նկատմամբ, վերջինիս կողմից արված արտահայտությունները որակելով որպես էական կարգապահական խախտում այդպիսով իրավակիրառ պրակտիկայում Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետին տալով սխալ մեկնաբանություն: (...) Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը դիմողի նկատմամբ կիրառելիս պարտավոր էր հաշվի առնել վերջինիս Սահմանադրության 42-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատությունը»։ Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հունիսի 23-ին հրապարակված թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ռ. Վարդազարյանի կողմից կատարված արտահայտություններով իր կողմից թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6 և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներ, արձանագրել է. «Հաշվի առնելով վերոգրյալը և քննարկելով Ռ. Վարդազարյանի կողմից թույլ տրված Արտահայտություններն ու վարքագիծը, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Ռ. Վարդազարյանի կողմից թույլ են տրվել արտահայտություններ, որոնք անհամատեղելի են Բարձրագույն դատական խորհրդի անդամի և դատավորի կարգավիճակի հետ: Արտահայտություններով Ռ. Վարդազարյանն արհամարհել է Սահմանադրական դատարանի որոշումը, կասկածի տակ է դրել Բարձրագույն դատական խորհրդի մեկ և կես տարվա գործունեության օրինականությունը, ընդունված որոշումները, որոնց թվում կան նաև որպես դատարան ընդունված որոշումներ»: Հիմք ընդունելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6 և 8-րդ կետերի վերաբերյալ չեն ներկայացվել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումներ: Դիմումով նշված դրույթների վերաբերյալ ներկայացված հիմնավորումները հանգում են Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ին հրապարակված թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշման օրինականությանը, Ռ. Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավաչափությանը: Վերոգրյալից բխում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6 և 8-րդ կետերի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով օրենքի դրույթների սահմանադրականության հարց, դիմողը, ըստ էության, բարձրացնում է Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ին հրապարակված թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշման օրինականության, Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ռ. Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավաչափության վիճարկման հարցեր, իսկ այդպիսի դիմումը, համաձայն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա է մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմում: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ռուբեն Վարդազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ա. Խաչատրյան
Վ. Գրիգորյան
30 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-56
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-56
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
