Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7613 ապրիլի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-76)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 ապրիլի 2021թ. ՍԴԱՈ - 76 | «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2021 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու մասին» ՎԴ/5475/05/20 վարչական գործով որոշումը:

Վերոհիշյալ որոշմամբ ՀՀ վարչական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով որոշել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև Օրենք) 17-րդ հոդվածի Սահմանադրության 29-րդ հոդվածին համապատասխանության հարցը։

2. Դիմողը, մասնավորապես, նշել է, որ «…. սույն գործով վեճի լուծման համար կիրառելի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը այնքանով, որքանով ի տարբերություն ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների, քրեակատարողական ծառայության օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք չի վերապահում նաև հարկային և մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին, հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, քանի որ դրսևորվում է չարդարացված տարբերակված մոտեցում մի կողմից ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների և քրեակատարողական ծառայության օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների, մյուս կողմից հարկային և մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների միջև»:

3. Պատասխանողը խնդրում է Սահմանադրական դատարանին սույն գործով վիճարկվող հոդվածը ճանաչել Սահմանադրության 29-րդ հոդվածին համապատասխանող: Պատասխանողը, մասնավորապես, եզրահանգում է, որ «…. զինվորական կենսաթոշակի վերապահման պայմանը ոչ թե օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելն է, այլ ծառայողական պարտականություններն արտակարգ, կյանքի և/կամ առողջության համար առավել վտանգավոր պայմաններում կատարելու հանգամանքը: Ուստի, դիմումում բարձրացված հարցի շրջանակներում չի կարող խոսք լինել հարկային և մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների նկատմամբ Սահմանադրության 29-րդ հոդվածով արգելված որևէ հիմքով խտրականության դրսևորման մասին»:

4. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5- րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր, որոնցից են, ի թիվս այլնի դիմողի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու չլինելը (1-ին մասի 2-րդ կետ):

Սույն գործով դիմող ՀՀ վարչական դատարանն իր վարույթում գտնվող կոնկրետ գործի լուծման համար կիրառելի է համարում և վիճարկում է Օրենքի «Զինվորական կենսաթոշակի իրավունքը» վերտառությամբ 17-րդ հոդվածը։

Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է կենսաթոշակի տեսակները աշխատանքային և զինվորական։ Օրենքը սահմանում է նաև, որ զինվորական կենսաթոշակը ներառում է երկարամյա ծառայության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները վերջիններիս հետ կապված հարցերը կարգավորելով առանձին իրավադրույթներով: Մասնավորապես, Օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանվում են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը, ինչպես նաև այդ կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը։

Սույն գործով վիճարկվող 17-րդ հոդվածը սահմանում է.

«1. Զինվորական կենսաթոշակի իրավունք ունի`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ նաև` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմի ծառայողը.

2) վարժական հավաքների կանչված զինապարտը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցը.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը»: Վիճարկվող հոդվածի իրավակարգավորումից, մասնավորապես, հետևում է, որ

ա) ընդհանուր սահմանվում է զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, որում չեն առանձնացվում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները,

բ) զինվորական կենսաթոշակի իրավունք, ըստ էության, վերապահվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով զինծառայողներ համարվող և զինծառայողներին հավասարեցված որոշակի խումբ անձանց։ Հարկ է նշել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի «Զինծառայողների դրամական ապահովությունը և սոցիալական ապահովությունը» վերտառությամբ 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով հարկային և մաքսային մարմինների, ներառյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները չեն համարվում զինծառայողներ կամ զինծառայողներին հավասարեցված անձինք։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող կոնկրետ գործի դիմողի իսկ կողմից վկայակոչված փաստական հանգամանքները և բարձրացված հարցի ենթադրյալ հակասահմանադրականության մասով դիմողի հիմնական վերլուծությունները վերաբերում են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի նշանակմանը: Դրա հետ կապված Օրենքի կոնկրետ իրավադրույթները սույն գործով չեն վիճարկվել։ Դիմողը, սույն գործով վիճարկելով միայն Օրենքի ընդհանուր իրավակարգավորող 17-րդ հոդվածը, չի ներկայացրել ինչպես փոխկապակցված այլ օրենսդրական իրավակարգավորումների, այնպես էլ Օրենքի կոնկրետ իրավադրույթների համակցության մեջ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքի խախտման վերաբերյալ բավարար հիմնավորումներ։ Բացի դրանից, հարկային և մաքսային մարմինների, ներառյալ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին չներառելը Օրենքով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակում ոչ թե պոզիտիվ-իրավական կարգավորման, այլ ենթադրյալ օրենսդրական բացի հարց է, ինչին դիմողը չի անդրադարձել: Ընդ որում օրենսդրական բացի առկայության հիմնավորումից զատ դիմողը պետք է հիմնավորեր նաև, որ ենթադրյալ օրենսդրական բացը պետք է հանգեցրած լիներ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքի խախտման, այսինքն լիներ Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթում:

Ամփոփելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը չի պահպանել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, ինչի պայմաններում իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, ըստ այդմ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

13 ապրիլի 2021 թվականի

ՍԴԱՈ-76

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 ապրիլի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-76
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել