Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-525 հունվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հունվարի 2024թ. ՍԴԴԿՈ - 5 | ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 հունվարի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի

Հ. Թովմասյանի

Քննության առնելով Դավիթ Գալստյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Դավիթ Գալստյանի (այսուհետ նաև Դիմող) դիմումը (ներկայացուցիչ փաստաբան Ա. Մանուկյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունվարի 16-ին, որով Դիմողը խնդրել է. Սահմանադրության 78-րդ հոդվածով հռչակված համաչափության սկզբունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասը այնքանով, որքանով այն թույլ է տալիս կալանքի կիրառմամբ ազատությունից զրկել այլընտրանքային խափանման միջոցի պայմանները խախտած, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու ուժով պատիժ չկրելու երաշխիք ունեցող մեղադրյալին հաշվի չառնելով, որ նշված դեպքում մեղադրյալին կալանքի կիրառմամբ ազատությունից զրկելը չի հանդիսանում անհրաժեշտ և համարժեք (արդարացված) միջոց Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված նպատակներին հասնելու համար»:

2. Վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, 55-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև 83-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողը, մասնավորապես, նշում է. (... հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվության ենթակա է, այսինքն սոցիալական արդարությունը վերականգնելու, վերասոցիալականացվելու և հանցագործությունները կանխելու նպատակով, դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով կարող է դատապարտվել որոշակի իրավունքներից ու ազատություններից զրկման կամ այդ իրավունքների իրացման մեջ սահմանափակման, եթե չի անցել կատարած հանցանքի համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը»: Դիմողը նշում է նաև, որ քրեադատավարական օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պայմանների և կալանք» խափանման միջոցի կիրառման պայմանների համեմատական վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ կալանքը քրեադատավարական օրենքով նախատեսված միակ խափանման միջոցն է, որն անձին բացարձակապես զրկում է ազատությունից: Կալանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ամենախիստ խափանման միջոցն է, հետևաբար կիրառվում է որպես քրեադատավարական հարկադրանքի վերջին բացառիկ միջոց այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր չէ ապահովել մեղադրյալի օրինական դատավարական վարքագիծը, և ելնելով կալանքի կիրառմամբ անձին ազատությունից բացարձակապես զրկելու փաստից օրենսդիրը փոխհատուցում է մինչև օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով նշանակված պատժի կրելն անձի անազատության մեջ գտնվելու ժամանակը: Դիմողը, անդրադառնալով Սահմանադրության 78-րդ հոդվածին և վկայակոչելով Սահմանադրական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, մասնավորապես, նշում է, որ համաչափության սահմանադրական սկզբունքը, լինելով իրավական պետության առանցքային բնութագրիչներից մեկը, պահանջում է, որ անձի հիմնական իրավունքի սահմանափակմամբ հետապնդվող սահմանադրական նպատակի և այդ նպատակին հասնելու միջոցների միջև լինի արդարացի հավասարակշռություն: Այդ համատեքստում Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելը չի կարող հանդիսանալ անհրաժեշտ միջոց Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված նպատակներին հասնելու համար այնքանով, որքանով այդ նպատակները կարող էին նվաճվել անձի նկատմամբ կալանք կիրառելու, այսինքն անձի ազատության իրավունքին ամենախիստ ներգործությունն ունենալու փոխարեն և դրա համեմատ առավել մեղմ միջոցներով, եթե այդպիսիք նախատեսված լինեին քրեադատավարական օրենքով: Դիմողը նշում է, որ կալանքի դեպքում, ի տարբերություն մեղադրյալի կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման, ազատության սահմանափակման կամ հանրային աշխատանքների դատապարտվելու դեպքերի, չի փոխհատուցվում մեղադրյալի անազատության մեջ գտնված լինելու ժամանակը, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու ուժով պատիժ չկրելու դեպքում բացառվում է կալանքի ժամանակահատվածի հաշվակցումը կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման, ազատության սահմանափակման ժամկետին կամ հանրային աշխատանքների ժամերին, հետևաբար ստացվում է, որ կալանքի տակ գտնված լինելու ժամանակահատվածում անձը փաստացի պատիժ է կրել դրսևորված ազատազրկման ձևով:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված նյութերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Այն սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(… անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Դիմումի և կից ներկայացված թիվ ՀԿԴ/0072/01/23 քրեական վարույթով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 14-ի որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հունիսի 28-ի որոշումը և Դիմողի մեղադրյալ Դ․ Գալստյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը մեկ ամիս ժամկետով։ Վճռաբեկ դատարանի որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ի լրումն առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հունիսի 28-ի որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքի դատախազի կողմից վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված 2023 թվականի հուլիսի 20-ի թիվ (...) գրությունը և կից Օպերատիվ-տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին արձանագրությունը, որի համաձայն ՀՀ ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձից ստացվել է տեղեկություն այն մասին, որ Դավիթ Գալստյանը միջոցներ է ձեռնարկել ներազդելու հիշյալ քրեական վարույթով իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ապացուցողական ցուցմունքներ տված անձանց վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն մինչդատական վարույթի ընթացքում տված իրենց ցուցմունքներից։ Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 31-ի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Դավիթ Գալստյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը մերժվել է։ Վերոնշյալից պարզ է դառնում, որ մեղադրյալ Դավիթ Գալստյանը միջոցներ է ձեռնարկել ներազդելու նշված քրեական վարույթով իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ապացուցողական ցուցմունքներ տված անձանց վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն մինչդատական վարույթի ընթացքում տված իրենց ցուցմունքներից խախտելով իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները։ Դիմողի այն դիրքորոշման առնչությամբ, որի համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասը թույլ է տալիս կալանքի կիրառմամբ ազատությունից զրկել այլընտրանքային խափանման միջոցի պայմանները խախտած, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու ուժով պատիժ չկրելու երաշխիք ունեցող մեղադրյալին հաշվի չառնելով, որ նշված դեպքում մեղադրյալին կալանքի կիրառմամբ ազատությունից զրկելը չի հանդիսանում անհրաժեշտ և համարժեք (արդարացված) միջոց Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված նպատակներին հասնելու համար, Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 14-ի որոշման մեջ արձանագրված է․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հանգամանքով պայմանավորված կիրառելը հնարավոր է որոշակի պայմանների առկայության դեպքում։ Մասնավորապես, անհրաժեշտ է, որպեսզի

- անձն առարկի իր դեմ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, որպիսի պայմաններում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով,

- մեղադրյալը խախտած լինի իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները,

- այլընտրանքային խափանման միջոցի պայմանը խախտած լինելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի հետևությունը պետք է հիմնավորվի օբյեկտիվ փաստական հանգամանքներով ապահովելով անձի ազատության իրավունքի սահմանափակման համաչափությունը»։ Հաշվի առնելով վերոնշյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված անձնական ազատության իրավունքի խախտման փաստի, հետևաբար վիճարկվող օրինադրույթի և իր հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ: Դիմողը սահմանափակվել է իր Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների սոսկ վկայակոչմամբ բավարար հիմնավորումներ չներկայացնելով իր կողմից վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրության, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ հաշվի առնելով սույն կոնկրետ գործի հանգամանքները և առանձնահատկությունները: Դիմողի կողմից բարձրացված վիճարկվող օրինադրույթի Սահմանադրության 78-րդ հոդվածին համապատասխանության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքը կարող է քննարկման առարկա դառնալ միայն Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության սահմանափակման լույսի ներքո, այլ ոչ ինքնուրույն, առանձին վերցված: Սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթի իր հիմնական իրավունքի/ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության 78-րդ հոդվածին համապատասխանության հարցի համատեքստում: Հաշվի առնելով ողջ վերոնշյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, և գործի քննությունը ենթակա է մերժման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Դավիթ Գալստյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Ս. Սաֆարյան

Հ. Թովմասյան

25 հունվարի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունվարի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել