ԳՐԻԳՈՐ ՀԱՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 հուլիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 19 | ԳՐԻԳՈՐ ՀԱՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 6
հուլիսի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Վ.Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Քննության առնելով Գրիգոր Հաջյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գրիգոր Հաջյանը 23.06.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան։
2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է «... ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածը /2008 թվականի ապրիլի 15- ի դրությամբ/ և ստուգել 223-րդ հոդվածի սահմանադրականությունը»։ Դիմողի կողմից առաջ քաշված փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին
Վիճարկվող դրույթի և ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածների միջև հակասությունը դրսևորվում է նրանում, որ նշված դրույթն անձին, որը գործին մասնակից չի դարձվել, հնարավորություն չի ընձեռում վճռաբեկության կարգով բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտը, որի արդյունքում խախտվում է անձի իրավունքների վերականգնման հնարավորությունը։
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթն իրենից ներկայացնում է վճռաբեկության կարգով բողոք ներկայացնելու սահմանափակում։ Ըստ դիմողի օրենսգրքի վիճարկվող նորմը պետք է ձևակերպված լինի այնպիսի որոշակիությամբ ու հստակությամբ, որ վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս ստուգվեն ներկայացված փաստաթղթերի սոսկ ձևին և բովանդակությանն առաջադրված պահանջների պաշտպանված լինելու հետ կապված հարցերը։ Վեճի վերաբերյալ նյութաիրավական բնույթի հարցերին դատարանը պետք է անդրադառնա միայն գործի արդարադատական ընթացակարգով ըստ էության քննության ժամանակ։
3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմողին ներկայացվող այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով հիմնավորել, թե իր որ սահմանադրական իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Ինչպես վկայում է դիմումի ուսումնասիրությունը, դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր որ սահմանադրական իրավունքներն են խախտվել խնդրո առարկա դրույթներով, ինչպես նաև ներկայացված չէ անմիջական պատճառահետևանքային կապը վիճարկվող դրույթների և դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև։ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել նաև, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դեպքում դիմումն ակնհայտ անհիմն է։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածին, ապա անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումն է։ Այս պայմանը, ի թիվս այլոց, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին կետով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանների կողմից չի կիրառվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմը։ Դիմողի փաստարկներն առ այն, որ այս դրույթի սահմանադրականության վիճարկման հիմքն այն է, որ վերջինս համակարգային առումով փոխկապված է սահմանադրաիրավական վեճի առարկա մյուս դրույթի հետ, հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանադրական դատարանի որոշումներին ներկայացվող օրենսդրական պահանջներից մեկն էլ սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման ընդունումն է միայն դիմումի առարկայի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթից որպես բացառություն նախատեսել է, որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում նշված որևէ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը։ Հավաստիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ ակտի այլ դրույթների Սահմանադրությանը հակասելու մեջ սահմանադրական դատարանը կարող է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև այդ դրույթները /«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդված, մաս 9/։ Այսինքն ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը պարզելու իրավունքն օրենսդրորեն վերապահված է սահմանադրական դատարանին, և վերջինս դա կատարում է գործի դատաքննության փուլում։
Դիմողը չի պահպանել նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը։ Ինչպես վկայում է դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, դիմողի նկատմամբ կայացվել են վճռաբեկ դատարանի հետևյալ որոշումները համապատասխանաբար 05.03.2009 թվականին, 22.04.2009 թվականին, 10.06.2009 թվականին, 08.07.2009 թվականին, 26.08.2009 թվականին։ Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի 15.03.2010 թվականի որոշմանը, ապա դրանով վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ. «...վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով»։ Այս իրավիճակում կրկին անգամ վճռաբեկ դատարան դիմելը զուտ ձևական բնույթ է կրել և չի կարող համարվել դատական պաշտպանության միջոցների սպառման վերջնական ժամկետ, ինչպես նաև չի կարող համարվել օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետի հաշվարկման նոր սկզբնաժամկետ։ Այսինքն այս դեպքում դիմողի համար սահմանադրական դատարան դիմելու ժամկետի հաշվարկը պետք է սկսել ստորադաս ատյանի դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորության սպառման պահից, մասնավորապես վճռաբեկ դատարանի 26.08.2009 թվականի որոշման ուժի մեջ մտնելու պահից սկսած 6-ամսյա ժամկետում։ Հետևաբար, դիմողը չի պահպանել նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը։
Վերոշարադրյալ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ.
• դիմումն ակնհայտ անհիմն է,
• ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածը չի կիրառվել դիմողի նկատմամբ,
• դիմողը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը։
Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Գրիգոր Հաջյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
6 հուլիսի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հուլիսի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
