Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՐԱՆՏ ՊԱՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՐԱՆՏ ՊԱՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2814 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հունիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 28 | ՀՐԱՆՏ ՊԱՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 հունիսի 2024թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ՝ Դ․ Խաչատուրյանի Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Հրանտ Պապյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հրանտ Պապյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մայիսի 27-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ մասերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/30092/02/20 քաղաքացիական գործի հանգամանքները և անդրադառնալով վիճարկվող՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասին՝ Դիմողը նշում է, որ տվյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ հայցի հիմքի ու առարկայի փոփոխման համար օրենսդիրը սահմանել է ժամկետ, այն է՝ մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, սակայն այդ նորմի բովանդակությունից պարզ չէ, թե արդյո՞ք այն վերաբերելի է բացառապես գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմանը, թե վերաբերելի է նաև հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմանը։

Դիմողը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասը տարբեր մեկնաբանությունների է արժանացել։

Ըստ Դիմողի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասը մի դեպքում մեկնաբանվում է այնպես, որ հայցվորի կողմից չի կարող ներկայացվել հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդություն, եթե հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունից հետո դատարանի կողմից ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում է կայացվել, իսկ մյուս դեպքում՝ «մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը» չի վերաբերում հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմանը, և որոշման կայացումից հետո կարող է ներկայացվել միջնորդություն։

Դիմողի պնդմամբ՝ ստացվում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա անձին տվյալ նորմի հետ համատեղելու իր վարքագիծը։

Անդրադառնալով վիճարկվող՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2, 3, 4 և 6-րդ մասերին՝ Դիմողը նշում է, որ տվյալ դրույթների բովանդակությունից հետևում է, որ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո պետք է կատարի նույն օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված պահանջները, մինչդեռ տվյալ դրույթների բովանդակությունից պարզ չէ, թե արդյո՞ք դատարանը կարող է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք ներառված չեն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածում, թե՞ պետք է կատարի բացառապես տվյալ հոդվածով սահմանված պահանջները։

Դիմողը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2, 3, 4 և 6-րդ մասերով սահմանված դրույթները տարբեր մեկնաբանությունների են արժանացել։

Դիմողի պնդմամբ՝ մի դեպքում վերոնշյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելուց հետո ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում կայացնելու պայմաններում, եթե հայցվորի կողմից ներկայացվել է հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդություն, ապա դատարանը նախ՝ պետք է քննարկման առարկա դարձնի հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը՝ անավարտ թողնելով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկումը, իսկ մյուս դեպքում՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկման ընթացքում դատարանը պետք է բացառապես քննարկման առարկա դարձնի այդ միջնորդությունը՝ չանդրադառնալով հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությանը։

Դիմողը գտնում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2, 3, 4 և 6-րդ մասերը սահմանված չեն բավարար հստակությամբ, որպիսի պայմաններում, ակնհայտ է, որ իրավունքի հասցեատերը չի կարող համապատասխանեցնել իր վարքագիծը տվյալ դրույթներին։

Եզրափակելով՝ Դիմողը նշում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2, 3, 4 և 6-րդ մասերն ու 170-րդ հոդվածի 1-ին մասը սահմանված չեն այն աստիճանի հստակությամբ, որ դատավարության կողմերը հնարավորություն ունենան կանխատեսելու իրենց վարքագծի հետևանքները, մասնավորապես՝ հասկանալու, թե արդյո՞ք հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված լինելու պարագայում ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ որոշման կայացման պայմաններում հայցվորի կողմից կարող է ներկայացվել հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն, և արդյո՞ք նման պայմաններում դատարանը կարող է անդրադառնալ հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությանը՝ անավարտ թողնելով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները համադրելով սույն անհատական դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությամբ պարզված հանգամանքների հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է այն եզրակացության, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/30092/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 24-ին որոշել էր վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի մայիսի 18-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։ Մինչդեռ թիվ ԵԴ/30092/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2022 թվականի մայիսի 18-ին որոշել էր թիվ ԵԴ/30092/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ին կայացրած վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

Միաժամանակ, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԵԴ/30092/02/20 քաղաքացիական գործի ուսումնասիրությունից երևում է, որ հիշյալ որոշման բեկանումից հետո նոր քննության համար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դեռևս շարունակվում է գործի քննությունը: Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Վերոշարադրյալի կապակցությամբ հարկ է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է․ «(…) սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն»։

Վերոշարադրյալի լույսի ներքո, վերահաստատելով Սահմանադրական դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հրանտ Պապյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Վ. Գրիգորյան

Անդամներ՝ Դ․ Խաչատուրյան

Ե. Խունդկարյան

14 հունիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ–28

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-28
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել