Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 150, 288 ԵՎ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 150, 288 ԵՎ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-4710 հունիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-47)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 հունիսի 2019թ. ՍԴԱՈ - 47 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 150, 288 ԵՎ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 150, 288 ԵՎ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 150, 288 և 394-րդ հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2019 թվականի մայիսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ քրեական դատարանի դիմումը: 2019 թվականի մայիսի 14-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ (ԵԴ/0199/06/19 քրեական գործով) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 150-րդ, 288-րդ և 394-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Ըստ դիմողի առկա են երկու խումբ հարցեր, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ հստակ պատասխաններ չունեն, մասնավորապես «1) արդյոք ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման դատարանի որոշումը գրավի կիրառման կամ մերժման մասով, 2) եթե ենթակա է բողոքարկման, ապա ինչ որոշում կարող է կայացնել Վերաքննիչ դատարանը գրավի կիրառման կամ մերժման որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու արդյունքում»: Դիմողը գտնում է, որ օրենսդիրն ուղղակիորեն չի սահմանել գրավի բողոքարկման հնարավորություն, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանի լիազորությունների մասին նորմեր, ուստի այդքանով առաջանում են հակասություններ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության, անձի ազատության իրավունքի երաշխավորման մասով:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմումը չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին։ Մասնավորապես, հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Մինչդեռ դիմողը վիճարկվող հոդվածների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ, ըստ էության, ներկայացրել է այնպիսի հիմնավորումներ, որոնք կապված են ոչ թե վիճարկվող հոդվածների սահմանադրականության հարցի հետ, այլ առավելապես վերաբերում են այդ հոդվածների դրույթների իրավական բովանդակության մեկնաբանության և կիրառման, ինչպես նաև իրավակարգավորման ենթադրյալ բացի հարցերին: Դիմողի բարձրացրած հարցադրումների առումով դիմումի նախնական ուսումնասիրության փուլում կատարվել է իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրություն: Ի պատասխան Սահմանադրական դատարանի հարցման ՀՀ դատական դեպարտամենտի 2019 թվականի մայիսի 27-ի ԴԴ-1 Ե-4535 գրությամբ ներկայացվել է, որ. «Քրեական գործերով գրավը որպես խափանման միջոց կիրառելու կամ մերժելու մասին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների որոշումների դեմ 2016 թվականի ընթացքում ներկայացվել է 31 վերաքննիչ բողոք, որոնցից 13-ը մերժվել է, 2-ը բավարարվել է, իսկ 16-ը թողնվել է առանց քննության, 2017 թվականի ընթացքում ներկայացվել է 52 վերաքննիչ բողոք, որոնցից 28-ը մերժվել է, 11-ը բավարարվել է, 12-ը թողնվել է առանց քննության, իսկ 1-ով վարույթը կարճվել է բողոքը հետ վերցնելու հիմքով, 2018 թվականի ընթացքում ներկայացվել է 121 վերաքննիչ բողոք, որոնցից 48-ը մերժվել է, 10-ը բավարարվել է, 60-ը թողնվել է առանց քննության, իսկ 3-ով վարույթը կարճվել է բողոքը հետ վերցնելու հիմքով, 2019 թվականի հունվարի 8-ից մինչև 2019 թվականի մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում ներկայացվել է 37 վերաքննիչ բողոք, որոնցից 9-ը մերժվել է, 6-ը բավարարվել է, 13-ը թողնվել է առանց քննության, իսկ 9 բողոքի քննություն դեռ չի ավարտվել»: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումում բարձրացված հարցադրումների առնչությամբ առկա է ձևավորված իրավակիրառական պրակտիկա: Մասնավորապես, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կալանավորումը որպես խափանման միջոց գրավով որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց փոխարինելու վերաբերյալ որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ քրեական դատարան, դրանք ընդունվել են վարույթ, ըստ էության քննվել են, կայացվել են համապատասխան որոշումներ ինչպես վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանելու և փոփոխելու, այնպես էլ վերաքննիչ բողոքը մերժելու և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին: Հիշյալ որոշումները Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի, ի թիվս այլնի 288-րդ և/կամ 394-րդ հոդվածներով: Այս համատեքստում հատկանշական է, որ առկա են գրավի որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես, 2017 թվականի դեկտեմբերի 20-ի Վճռաբեկ դատարանի որոշմամբ (ԵԿԴ/0097/06/17 քրեական գործով) ամրագրվել է. «...առաջին ատյանի դատարանում ներկայացված կամ քննարկված լինելու դեպքում ստորադաս դատարանի որոշման ստուգման և վերանայման գործառույթից ելնելով, վերաքննիչ դատարանն իրավասու է քննարկման առարկա դարձնել և որոշում կայացնել գրավի որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառելիության հարցի կապակցությամբ»: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի շրջանակներում: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը նշում է, որ, հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրման սահմանադրական պահանջների կենսագործման նկատառումներից ելնելով, օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է: Հաշվի առնելով վերոշարադրյալը և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 150, 288 և 394-րդ հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

10 հունիսի 2019 թվականի

ՍԴԱՈ-47

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հունիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-47
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել