Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՂԱՔԱՑԻ ՎՈԼՈԴՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 225 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՂԱՔԱՑԻ ՎՈԼՈԴՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 225 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-638 մայիսի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-63)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 մայիսի 2007թ. ՍԴԱՈ - 63 | ՔԱՂԱՔԱՑԻ ՎՈԼՈԴՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 225 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻ ՎՈԼՈԴՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ

225 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երևան 8 մայիսի 2007թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը կազմով. Գ.Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ դիմող Վ. Արզումանյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Վ. Արզումանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Վոլոդյա Արզումանյանի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի և պատասխանող կողմի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով վիճարկվող նորմը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն գործով դիմողը սահմանադրական դատարան է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.12.2005թ., ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.02.2006թ. վճիռները, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 30.06.2006թ. որոշումը։

Վերոհիշյալ դատական ակտերով դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասում ամրագրված նորմը (1998թ. խմբագրությամբ), որի արդյունքում Վ. Արզումանյանը փոխհատուցմամբ զրկվել է Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 47 բնակելի տան նկուղային հարկի նկատմամբ բնակտարածության օգտագործման իրավունքից։

2. Վիճարկելով այդ նորմի սահմանադրականությունը, դիմողը գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի երրորդ մասին, իր դիրքորոշումը պատճառաբանելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի նորմն օրենսգրքի հետ մեկտեղ, ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ին, մինչդեռ, վիճելի բնակտարածության նկատմամբ օգտագործման իրավունքը ծագել է 1976թ. սեպտեմբերի 17-ին, իսկ նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, շուկայական գնով փոխհատուցմամբ բնակտարածության օգտագործման իրավունքի դադարեցում նախատեսված չէր, ուստի վիճարկվող նորմի կիրառմամբ վատթարացել է դիմողի և նրա երեխաների իրավական վիճակը։

Միաժամանակ, գործի դատաքննության փուլում դիմողն առաջ քաշեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի (որոնք դատարանների կողմից իր նկատմամբ անմիջականորեն չեն կիրառվել) ՀՀ Սահմանադրության 42 հոդվածին համապատասխանելիության խնդիրը։ Հրաժարվելով դիմումում բերված փաստարկներից, դիմողը դատարանին առաջարկեց քննության առարկա դարձնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1998թ. խմբագրությամբ 225 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության 34 հոդվածին համապատասխանության հարցը։

3. Առարկելով դիմող կողմի պնդումներին, պատասխանող կողմը գտնում է, որ դիմողն իր դիմումը պատճառաբանել է նրանով, որ վիճարկվող բնակտարածության նկատմամբ օգտագործման իրավունք ձեռք է բերել 1976թ. սեպտեմբերի 17-ին այն պահին, երբ նախկին ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ բնակտարածության օգտագործման իրավունքի շուկայական գնով փոխհատուցելու միջոցով դադարեցում նախատեսված չէր։ Սակայն, ըստ դիմողի, գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածի նախկին խմբագրությամբ 2-րդ կետի 2-րդ մասն այդպիսի դադարեցում նախատեսել էր և այդպիսի ինստիտուտ նախատեսվել է նաև նույն հոդվածի փոփոխված նորմերում, ընդ որում, նախկին նորմի կիրառման պարագայում դիմողի վիճակը չի վատթարացել։ Միաժամանակ, քանի որ կիրառված նորմն իր ուժը կորցրել է 2005թ. հոկտեմբերի 4-ի ՀՕ-188-Ն ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններով, ապա առաջարկում է գործի վարույթը կարճել։

4. Մինչ վիճարկվող նորմի սահմանադրականության խնդրին անդրադառնալը, սահմանադրական դատարանը գտավ, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քաղաքացիաիրավական վեճի քննության պահին (14.12.2005թ.) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածի վիճարկվող նորմը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005թ. հոկտեմբերի 4-ի օրենքի (ուժի մեջ է մտել 26.11.2005թ.) 11 հոդվածի հիմքով ուժը կորցրած է ճանաչվել և չի գործել, իսկ նույն օրենքի 32 հոդվածի համաձայն, սահմանվել են բնակարանի սեփականատիրոջ պահանջով բնակտարածության օգտագործման իրավունքի դադարեցման անցումային նոր դրույթներ։ Ընդ որում, օրինաստեղծ պրակտիկան հիմք է ընդունել այն սկզբունքը, որ սեփականության իրավունքի տարրեր հանդիսացող տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորություններն առանձին վերցրած ենթակա են պաշտպանության նույն կարգով, ինչ սեփականության իրավունքը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի քննության առարկա դրույթի և դրա նոր խմբագրության մեջ մոտեցումը նույնն է օրենսդիրը նախապատվություն տալով սեփականատիրոջ իրավունքներին, միևնույն ժամանակ սահմանում է բնակտարածության օգտագործման իրավունք ունեցող անձի իրավունքների պաշտպանության երկու հիմնական երաշխիք։ Նախ այդ իրավունքը կողմերի միջև համաձայնության բացակայության պարագայում կարող է դադարեցվել օրենքի հիման վրա բացառապես դատական կարգով։ Երկրորդ օգտագործման իրավունքի դադարեցումը կարող է իրականացվել փոխհատուցման միջոցով։ Դիմողը դատական կարգով չի բողոքարկել այլոց սեփականության իրավունքը։ Քննության առարկա չի դարձրել նաև փոխհատուցման չափի ճիշտ որոշման խնդիրը։ Իր իրավունքների խախտումը դիմողը պատճառաբանում է իր նկատմամբ արդեն իսկ ուժը կորցրած նորմի կիրառման հանգամանքով ու դրա սահմանադրականությամբ։

5. Գործի քննության ընթացքում առավել ակնհայտ դարձավ, որ սահմանադրական դատարանում դիմողի կողմից բարձրացված հարցն իրականում ոչ թե առնչվում է արդեն իսկ ուժը կորցրած իրավանորմի սահմանադրականությանը, այլ ընդհանուր իրավասության դատարանների կողմից օրենքի կիրառման խնդրին, որը դուրս է ՀՀ սահմանադրական դատարանի սահմանադրական իրավասության շրջանակներից։

6. ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 5 և 94 հոդվածների համաձայն իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ։ Սահմանադրության 93 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի պահանջներին համապատասխան ՀՀ իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցերով, սահմանադրական դատարանը կարող է ապահովել գործող նորմատիվ ակտերի սահմանադրականությունը որոշելու միջոցով։ Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառելի են այն իրավական ակտերի կամ դրանց դրույթների նկատմամբ, որոնք իրենց իրավաբանական ուժը կորցրել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելուց հետո մինչև տվյալ գործի դատաքննությունն սկսելը կամ դրա ընթացքում։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 1-ին կետի, 32 հոդվածի 6-րդ կետի, 69 հոդվածի 7-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Քաղաքացի Վ. Արզումանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճել։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Գ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 մայիսի 2007 թվականի

ՍԴԱՈ-63

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 մայիսի, 2007 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-63
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել