Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-21626 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-216)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 216 | «ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ

ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռուբեն Վարդազարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռուբեն Վարդազարյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին ու 49-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1- ին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր,

«2. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողը փաստում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ (այսուհետ նաև Որոշում) իր նկատմամբ կիրառված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 94-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերն ակնհայտ միջամտություն են գործում իր Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասով, 49-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին: Սահմանադրության վերոնշյալ հոդվածների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումներով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ դիմողն Օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի կապակցությամբ նշում է. «(…) Օրենքը նախատեսում է այնպիսի ընթացակարգ, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամ, որոնցից երեքն արդեն իսկ չեն կարող համարվել օբյեկտիվ և անաչառ, քանի որ հանդես են եկել կոնկրետ դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, կարող են որոշել այս կամ այն դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման հարցը»:

Դիմողն ընդգծում է, որ «Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամ գրել են հատուկ կարծիքներ որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի հետ համաձայն չլինելու վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, քվեարկել կողմ: Ի հետևանք վերոգրյալի, եթե դատարանը բավարարի բողոքը, կստացվի, որ Դիմողի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվեարկած 8 ձայնից երկուսը խնդրահարույց են, իսկ 6 ձայնը բավարար չպետք է լինի (լիազորությունները դադարեցնելու) պատասխանատվության միջոց կիրառելու համար քանի որ այդ 6 ձայներից երեքը անաչառ չեն հաշվի առնելով, որ իրենք են հանդես գալիս համապատասխան միջնորդությամբ»:

Միաժամանակ, դիմողը փաստում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկած Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամների որոշման կայացման վարույթին մասնակցությամբ արդեն իսկ խախտվում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված «անաչառ դատարանի» պահանջը: Դիմողի պնդմամբ դատարանը չի կարող համարվել անաչառ, եթե մեղադրող և որոշում ընդունող կողմերը գործառութային և ինստիտուցիոնալ առումով նույնանում են:

Օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ դիմողը նշում է, որ «Օրենքը, թույլ տալով, որ Բարձրագույն դատական խորհուրդի որպես դատարանի, ընդունած որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացնեն հատուկ կարծիք, միաժամանակ, սակայն չսահմանելով, որ եզրափակիչ մասի վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացնելու հետ մեկտեղ անհամատեղելի է որոշմանը կողմ քվեարկելը, խախտում է Դիմողի Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ու 79-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը և որոշակիության սկզբունքը»:

Ըստ դիմողի «(…) եթե նշված հոդվածները համապատասխանեին Սահմանադրությանը (բացառվեր կողմ քվեարկել երբ դատավորը համաձայն չի եզրափակիչ մասի հետ), ինչպես նաև 5 ձայնը բավարար չլիներ (բավարար լիներ 7 ձայնը), ապա Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը չէր ընդունվի, և նրա հանրային ծառայության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքները չէին խախտվի, իսկ ԲԴԽ-ում իրականացված դատավարությունն էլ այդ մասով կհամապատասխաներ արդար դատաքննության իրավունքին, (…) ԲԴԽ-ն էլ այդ մասով չէր հակասի օրինական դատարանի սկզբունքին ապահովելով դատական պաշտպանության իրավունքը»:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի

ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Դիմողի կողմից բարձրացված Օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանը 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ արձանագրել է, որ «(…) «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»:

Սահմանադրական դատարանը շեշտում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում տվյալ դիմումները չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանին, քանի որ դուրս են Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Քննարկվող համատեքստում հաշվի առնելով դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը: Այսպես դիմողի կողմից վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման կարգը նախատեսելով, որ համապատասխան որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում բաց քվեարկությամբ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Նշված դրույթով նաև կարգավորված են այն դեպքերը, երբ քվեարկության արդյունքում որևէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում: Մասնավորապես տվյալ պարագայում համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում և ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին:

Ինչպես ակնհայտ է քննարկվող դրույթի բովանդակությունից, դրա առանցքը կազմում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոնկրետ տեսակի որոշումների ընդունման համար ընթացակարգի, այդ թվում քվեարկության կարգի սահմանումը: Այնուամենայնիվ, նշված դրույթով նախատեսված է համապատասխան որոշումների ընդունման ընդհանուր ընթացակարգ, այդ թվում քվեարկության կարգի ընդհանուր պահանջներ, որոնց շրջանակում որևէ կերպ ուղղակիորեն նախատեսված չեն և որոնցից ինքնին չեն կարող բխեցվել դիմողի կողմից բարձրացված ենթադրյալ խնդրահարույց հարցերը:

Դիմողի կողմից բարձրացված հարցերն առնչվում են վերջինիս վերաբերյալ համապատասխան որոշման կայացման գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի կողմից կիրառված ընթացակարգի իրավաչափությանը, մասնավորապես կոնկրետ գործի շրջանակում կիրառված քվեարկության և դրա հիման վրա համապատասխան որոշման ընդունման ընթացակարգի իրավաչափությանը, որի քննարկումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Մասնավորապես դիմողը վկայակոչել է փաստարկ առ այն, որ «(…) եթե նշված հոդվածները համապատասխանեին Սահմանադրությանը (բացառվեր կողմ քվեարկել երբ դատավորը համաձայն չի եզրափակիչ մասի հետ), ինչպես նաև 5 ձայնը բավարար չլիներ (բավարար լիներ 7 ձայնը), ապա Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը չէր ընդունվի, և նրա հանրային ծառայության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքները չէին խախտվի, իսկ ԲԴԽ-ում իրականացված դատավարությունն էլ այդ մասով կհամապատասխաներ արդար դատաքննության իրավունքին, (…) ԲԴԽ-ն էլ այդ մասով չէր հակասի օրինական դատարանի սկզբունքին ապահովելով դատական պաշտպանության իրավունքը» (ընդգծումները մերն են):

Դիմողի վերոնշյալ դիրքորոշման կապակցությամբ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ վերջինս իր պնդումները պայմանավորում է որոշակի ենթադրություններով և Օրենքով քվեարկության այլ ընթացակարգ սահմանված լինելու պարագայում հնարավոր իրավական հետևանքներով:

Մինչդեռ անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարանի կողմից քննության ենթակա են միայն այն գործերը, որոնցով բարձրացված հարցերի կապակցությամբ ներկայացված դիրքորոշումները հիմնված չեն ենթադրությունների, կանխատեսումների և (կամ) դիմողի համար առավել նախընտրելի հնարավոր իրավական հետևանքների վրա, այլ դրանցով դիմողը հստակ փաստարկներով հիմնավորում է իր նկատմամբ կիրառված կոնկրետ դրույթի կամ դրույթների, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրական լինելը: Սույն պարագայում օրենսդիրը, որպես պարտադիր պահանջ, սահմանել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշումների ընդունման հստակ կարգ, իսկ դիմողը ներկայացնում է համապատասխան որոշման ընդունման հնարավոր այլ ընթացակարգ, որի կիրառման դեպքում իր համար կարող էին չառաջանալ անբարենպաստ հետևանքներ:

Ավելին, դիմողը փորձում է կոնկրետ գործով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կիրառված համապատասխան որոշման ընդունման, մասնավորապես քվեարկության կարգը վերագրել իր կողմից վիճարկվող դրույթին, բխեցնել դրանից: Դիմողի նման մոտեցումը սույն պարագայում ոչ միայն իրավաչափ չէ, այլ նաև տրամաբանական չէ, քանի որ վերջինիս կողմից ներկայացված դիրքորոշումներն ու հիմնավորումները վերաբերում են կոնկրետ գործով կայացված որոշմամբ, տվյալ գործի առանձնահատկություններով պայմանավորված, Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների, տվյալ մարմնի կողմից Օրենքի համապատասխան դրույթի կիրառման իրավաչափությանը:

Այսպիսով, սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ անհատական դիմումով դիմողը, ըստ էության, վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշման իրավաչափությանը: Այս առումով կարևոր է փաստել, որ սույն գործով դիմողի նկատմամբ անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են հենց քննարկվող Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ: Վերոշարադրյալի, ինչպես նաև դիմումով ներկայացված դիրքորոշումների և հիմնավորումների հաշվառմամբ Սահմանադրական դատարանը հանգում է այն եզրակացության, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

3.2. Դիմողի կողմից բարձրացված Օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Այսպես դիմողի կողմից վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասը նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի բացառության հաշվառմամբ, սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարանի ընդունած որոշումների ստորագրման կարգի պարտադիր պահանջ առ այն, որ տվյալ որոշումները պետք է ստորագրեն նիստին ներկա բոլոր անդամները: Այսինքն նշված դրույթով նախատեսվում է ընդհանուր կարգավորում այն մասին, որ նիստին ներկա բոլոր անդամները պարտավոր են ստորագրել ընդունված որոշումը:

Բացի դրանից, քննարկվող դրույթով սահմանված է Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի անդամի հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորությունը: Միաժամանակ, դիմողի կողմից վիճարկվող նույն դրույթով ամրագրված է, որ հատուկ կարծիքի առկայության պարագայում դրա մասին նշում է արվում համապատասխան որոշման մեջ Բարձրագույն դատական խորհրդի հատուկ կարծիք ներկայացնող անդամի ստորագրությամբ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:

Ինչպես արդեն արձանագրվել է Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ դիմողի համար առաջացել է անբարենպաստ հետևանք, մասնավորապես դադարեցվել են վերջինիս լիազորությունները: Օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասի վերաբերյալ դիմողի ներկայացրած դիրքորոշումների և հիմնավորումների առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ մասով ևս դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:

Այսպես քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել դիմողի ներկայացրած հետևյալ դիրքորոշումը.

«Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամ գրել են հատուկ կարծիքներ որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի հետ համաձայն չլինելու վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, քվեարկել կողմ: Ի հետևանք վերոգրյալի, եթե դատարանը բավարարի բողոքը, կստացվի, որ Դիմողի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվեարկած 8 ձայնից երկուսը խնդրահարույց են, իսկ 6 ձայնը բավարար չպետք է լինի (լիազորությունները դադարեցնելու) պատասխանատվության միջոց կիրառելու համար քանի որ այդ 6 ձայներից երեքը անաչառ չեն հաշվի առնելով, որ իրենք են հանդես գալիս համապատասխան միջնորդությամբ»: Ինչպես ակնհայտ է դիմողի վերը ներկայացված դիրքորոշումից վերջինս, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում Բարձրագույն դատական խորհրդի կողմից կիրառված այն ընթացակարգի հետ, որով տվյալ մարմնի կողմից կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած Բարձրագույն դատական խորհրդի անդամները հնարավորություն են ունեցել կողմ քվեարկել Որոշմանը: Նշվածի հիման վրա էլ դիմողն իր դիրքորոշումն է հայտնում Բարձրագույն դատական խորհրդի հատուկ կարծիք ներկայացրած, սակայն Որոշմանը կողմ քվեարկած երկու անդամների ձայների հաշվարկման իրավաչափության վերաբերյալ:

Այս առումով հարկ է ընդգծել, որ վիճարկվող դրույթով նախատեսված կարգավորումների շրջանակում Բարձրագույն դատական խորհրդի անդամների հատուկ կարծիքով հանդես գալու հնարավորությունը ենթադրում է Օրենքով սահմանված ոչ պարտադիր ընթացակարգ, որի կիրառման հայեցողությունը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին:

Հետևաբար սույն մասով դիմողի կողմից բարձրացված հարցը ևս որևէ կերպ չի կարող բխեցվել վերջինիս կողմից վիճարկվող դրույթի բովանդակությունից: Քննարկվող հարցը ենթակա է կարգավորման Օրենքի ընդհանուր կարգավորումների համատեքստում ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից և

առանձնահատկություններից, և առավելապես վերաբերում է կոնկրետ գործով Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների, տվյալ մարմնի կողմից կայացված որոշման իրավաչափությանը, որի քննարկումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Այսպիսով, դիմողն Օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ ևս չի ներկայացնում դրա հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշման իրավաչափությանը: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմողը սույն մասով ևս, ձևականորեն վիճարկելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Ուստի Օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասի մասով ևս անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ռուբեն Վարդազարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-216

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-216
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել