«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 41-ՐԴ ԳԼԽԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-214)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 214 | «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 41-ՐԴ ԳԼԽԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 41-ՐԴ ԳԼԽԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 41-րդ գլխի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի նոյեմբերի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռոբերտ Քոչարյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «Որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 41-րդ գլխի համապատասխանությունը Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին հաշվի առնելով արարքի ապաքրեականացման հիմքով դատավարության ցանկացած փուլում քրեական գործի կարճման և քրեական հետապնդման դադարեցման օրենսդրական կարգավորման բացակայությունը»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ սույն անհատական դիմումի առարկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (սույն դիմումի իմաստով Դիմողը նկատի ունի 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ-248 օրենսգիրքը) 35- րդ հոդվածը և 41-րդ գլուխն են, որոնցում առկա օրենսդրական բացը հնարավորություն չի տվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին իր նկատմամբ կիրառել քրեական գործի կարճման և քրեական հետապնդման դադարեցման կարգավորումը այն հանգամանքի հաշվառմամբ, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այն հոդվածը, որի շրջանակում իր նկատմամբ իրականացվում էր քրեական հետապնդում, ուժը կորցրել է (Դիմողի պնդմամբ ապաքրեականացվել է):
Դիմողը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա օրենսդրական բացի (որի արդյունքում քրեական գործի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հարցը պարտադիր քննարկման առարկա չի դառնում դատավարության ցանկացած փուլում) և իր Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման փաստի միջև առկա է անմիջական պատճառահետևանքային կապ առ այն, որ անձն օրենսդրական հիմքերի բացակայության պայմաններում արդեն իսկ ապաքրեականացված քրեաիրավական կարգավորման շրջանակում ենթարկվում է անհիմն հետապնդման, հնարավորություն չի ունենում դատական ատյանում արդյունավետ կերպով և ողջամիտ ժամկետներում պաշտպանել իր իրավունքները:
Դիմողն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանին ներկայացված սույն դիմումի առանցքային հարցը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական գործի հետագա ընթացքը բացառող միջնորդությունն ըստ էության չքննարկելն է: Ըստ Դիմողի ներկայացված միջնորդությունն անկախ է գործի նյութերում առկա ապացույցներից, քանի որ վերաբերում է մեղադրանքում նշված միակ քրեաիրավական հոդվածի ուժը կորցնելուն:
Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որոշ հանգամանքների մասով իրացնելով Սահմանադրության պահանջը, նախատեսել է ցանկ այն դեպքերի, երբ քրեական գործն այլևս չի կարող շարունակվել: Ըստ Դիմողի տվյալ հիմքերի կիրառման փուլային առանձնահատկություններ առկա չեն, քանի որ եթե քրեական գործը բացառող հանգամանք կա այդ հանգամանքի պարզումը և քննությունը դառնում են առաջնային խնդիր: Դիմողի պնդմամբ սահմանադրական սկզբունքների նպատակային և գործնական կենսագործման հնարավորությունը պետք է ենթադրի դատական քննության ցանկացած փուլում քրեական գործը և քրեական հետապնդումը բացառող հանգամանքների պատշաճ քննությունն ապահովելու և այդ հիմքերի առկայությունը հաստատելու պարագայում քրեական վարույթի դադարեցման գործուն և արդյունավետ հնարավորություն:
Անդրադառնալով գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքին և վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈ-1459, 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1464 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) արտահայտած վերաբերելի իրավական դիրքորոշումները (CDL-AD(2006)036rev, 03/04/2007) Դիմողը փաստում է, որ գործը կհամարվի ողջամիտ ժամկետում քննված, եթե այն քննվել է տվյալ գործի հանգամանքները հաշվի առնելով դրա քննության համար հնարավոր ամենասեղմ ժամկետում, և չեն իրականացվել դատավարական էական գործընթացներ, որոնց իրականացումն ինքնին անհրաժեշտ չի եղել գործի քննության համար (օրինակ ապացույցներ չեն հետազոտվել, եթե առկա է գործի քննությունը բացառող իրավական արատ կամ ընթացակարգային կոպիտ խախտում, որը ենթակա չէ շտկման դատավարության ընթացքում): Դիմողն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործով դատաքննության իրականացումն անհրաժեշտություն չէ (քանի որ գործի կարճման հիմքերը կապված են ոչ թե ապացույցների հետ, այլ արտաքին հանգամանքի, օրինակ, ինչպես քննարկվող դեպքում է ապաքրեականացման), դատավարական գործընթացը չպետք է անհարկի ձգձգումների ենթարկվի:
ՀՀ քրեական դատավարության 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ- 248 օրենսգրքի «Դատական քննության ընդհանուր պայմանները» վերտառությամբ 41-րդ գլխի կապակցությամբ Դիմողը փաստում է, որ դրանով ամրագրված կարգավորումներով նախատեսված չէ առանձին կարգավորում առ այն, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլից հետո, մինչև դատավճռի կայացման համար խորհրդակցական սենյակ հեռանալը դատարանն իրավասու է քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման մասին որոշում կայացնել առանց ապացույցների հետազոտման և դատավարական այլ փուլերի հաջորդականությունը պահպանելու: Ըստ Դիմողի ստացվում է, որ վերոնշյալ օրենսգրքի 41-րդ գլխին պրակտիկայում տրված մեկնաբանությունն այնպիսին է, որ գործը դատական քննության նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանն այլևս իրավասու չէ կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը: Մինչդեռ, Դիմողի պնդմամբ, միևնույն տրամաբանությունը պետք է կիրառելի լինի ինչպես գործը դատաքննության նախապատրաստելու, այնպես էլ հաջորդող, ոչ ավարտական փուլերում, քանի որ առաջին դեպքում էլ դատարանն անդրադառնում է կարճման հիմքերի իրավական հարցին առանց դատաքննության բոլոր գործընթացներն սպառելու:
Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ-248 օրենսգրքի 35-րդ հոդվածին «(...) պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որ դրա կիրառումը կախված է դատավարական փուլից կամ որ քրեական գործի վարույթը կարճելու համար միշտ պարտադիր անհրաժեշտ է հետազոտել գործում առկա ապացույցները, հակասում է արդար դատական քննության իրավունքի մաս կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության երաշխիքին պարտադրելով անձին շարունակել մասնակցել քրեական դատավարության ամբաստանյալի կարգավիճակով, ենթարկվել կիրառված սահմանափակումներին»:
Հաշվի առնելով վերոշարադրյալը Դիմողը եզրահանգում է, որ «(...) նշվածն առաջ է բերում օրենսդրական բաց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում և 41-րդ գլխում:
Այս դեպքում իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրը (անհրաժեշտ կարգավորումը) բացակայում է, ինչը խախտում է օրենսդրորեն կարգավորված հարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. ՀՀ քրեական դատավարության 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ-248 օրենսգրքի 35-րդ հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ հարկ է արձանագրել հետևյալը.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ հանգում ենք այն եզրակացության, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակում կայացված դատական ակտով Դիմողի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ-248 օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառված լինելը: Այսպես` այս առումով Դիմողը վկայակոչել է այն հանգամանքը, որ «18.10.2022 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը միջնորդել է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հաշվի առնելով, որ 2022թ. հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» համար ՀՕ- 144-Ն օրենքի ուժով 2022 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այն քրեական օրենքը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին և որի հիման վրա կազմվել ու Դատարանին է ներկայացվել մեղադրական եզրակացությունը)»:
Այսպիսով, հենց Դիմողի պնդմամբ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հիմքում ընկած է այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 9-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՕ-144-Ն օրենքի ուժով 2022 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը:
Միաժամանակ, Դիմողը վկայակոչել է, որ «Դատարանը արձանագրային որոշմամբ հետաձգել է միջնորդության քննությունը պատճառաբանելով, որ դատավարական առկա փուլում (քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում) չի կարող լուծել միջնորդությունը համապատասխան գործիքակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մասնավորապես ըստ Դատարանի, քանի որ պաշտպանները ներկայացրել են քրեական գործի կարճման և քրեական հետապնդման դադարեցման միջնորդություն, այդ թվում նյութական իրավունքի կիրառման հարց, դրան Դատարանը կարող է անդրադառնալ միայն դատավճիռ կայացնելիս»:
Այս առումով կարևոր է ընդգծել, որ Դիմողի կողմից վկայակոչված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից այնպիսի բովանդակությամբ դիրքորոշում արտահայտելու հանգամանքը, համաձայն որի դատավարության տվյալ փուլում միջնորդության լուծման անհնարինությունը պայմանավորված է համապատասխան գործիքակազմի բացակայությամբ, ինչպես դիմումով, այնպես էլ դրան կից ներկայացված որևէ փաստաթղթով չի հաստատվում: Ավելին, անգամ տվյալ դիրքորոշման առկայության և այդ հանգամանքի հաստատման պարագայում, նման ձևակերպմամբ դիրքորոշման բովանդակությունից առնվազն չի կարող բխեցվել, թե տվյալ պարագայում դատարանը կոնկրետ ինչ գործիքակազմի բացակայությամբ է պայմանավորել դատավարության տվյալ փուլում միջնորդության լուծման անհնարինությունը:
Քննարկվող համատեքստում կարևոր է նշել, որ Դիմողի կողմից, որպես իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ, ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 18.10.2022թ. տեղի ունեցած դատական նիստի արձանագրության համառոտագրման պատճենը:
Նշված արձանագրության համառոտագրման պատճենի ուսումնասիրության արդյունքում հարկ է փաստել, որ քննարկվող հարցի կապակցությամբ դրանով հաստատվում է միայն այն, որ դատական նիստի ընթացքում պաշտպան Արամ Օրբելյանի կողմից ներկայացվել է «քրեական հետապնդումը դադարեցնելու և Ռ. Քոչարյանի մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին» միջնորդություն, որի կապակցությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից «միջնորդության քննության լուծումը հետաձգվեց, միջնորդության իրավական հարցերին դատարանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտով»: Այսինքն` տվյալ փաստաթղթով չի հաստատվում Դիմողի նկատմամբ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական դատավարության 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ-248 օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառված լինելը:
Հարկ է նաև նշել, որ Դիմողը դիմումին կից ներկայացրել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.10.2022թ. արձանագրային որոշման բառացի վերծանումը, ինչպես նաև դիմումով նշել է 18.10.2022թ. տեղի ունեցած դատական նիստի տեսաձայնագրության հետևյալ հղումը https://www.youtube.com/watch?v=Ya3S1os9nLo (նշված տեսաձայնագրության մասով հարկ է արձանագրել, որ այն չի կարող դիտարկվել որպես պատշաճ ապացույց և ունենալ ապացուցողական նշանակություն, քանի որ Դիմողը դիմումին կից չի ներկայացրել սահմանված կարգով ստացված, մասնավորապես, «Ֆեմիդա» ձայնագրառման համակարգի միջոցով ձայնագրառված և դատարանի կողմից տրամադրված համապատասխան դատական նիստի ձայնագրությունը: Ավելին, Դիմողի կողմից նշված հղմամբ համապատասխան տեսաձայնագրության ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նշված տեսաձայնագրությամբ պատշաճ կերպով լսելի և ըմբռնելի չէ դատավարության կողմերի, դատավորի խոսքը):
Դիմողի կողմից ներկայացված վերոնշյալ արձանագրային որոշման բառացի վերծանման վերաբերյալ հարկ է ընդգծել, որ տվյալ փաստաթղթով ևս որևէ կերպ չի հիմնավորվում, և, ըստ էության, չի էլ կարող հիմնավորվել Դիմողի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ-248 օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառված լինելը, քանի որ այն իրավաբանական ուժ և ապացուցողական նշանակություն չունեցող փաստաթուղթ է և, հետևաբար, չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք:
Ավելին, Դիմողի նկատմամբ վերոնշյալ օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառված լինելը համապատասխան արձանագրային որոշման բառացի վերծանմամբ չի հիմնավորվում նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ բառացի վերծանմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթի կիրառման մասին վկայող որևէ վերլուծություն և (կամ) հիմնավորում առկա չէ:
Այսպիսով, սույն գործով բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը, քանի որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ-248 օրենսգրքի 35-րդ հոդվածի թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակում կայացված դատական ակտով Դիմողի նկատմամբ կիրառված լինելը:
Ուստի` Դիմողն իրավասու չէ անհատական դիմումի շրջանակում բարձրացնել տվյալ դրույթի սահմանադրականության հարց:
Հիմք ընդունելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը` ՀՀ քրեական դատավարության 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ-248 օրենսգրքի 35-րդ հոդվածի սահմանադրականության հարցի մասով, ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա: 3.2. ՀՀ քրեական դատավարության 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ-248 օրենսգրքի «Դատական քննության ընդհանուր պայմանները» վերտառությամբ 41- րդ գլխի սահմանադրականության հարցի վերաբերյալ հարկ է արձանագրել հետևյալը. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այսպիսով, հարկ է արձանագրել, որ Դիմողը, բարձրացնելով ՀՀ քրեական դատավարության 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ-248 օրենսգրքի «Դատական քննության ընդհանուր պայմանները» վերտառությամբ 41-րդ գլխի սահմանադրականության հարց, չի բարձրացրել իր նկատմամբ կիրառված որևէ կոնկրետ դրույթի սահմանադրականության հարց, հետևաբար` չի հիմնավորել համապատասխան դրույթի և իր Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը:
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը` ՀՀ քրեական դատավարության 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՕ-248 օրենսգրքի 41-րդ գլխի սահմանադրականության հարցի մասով, ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 41-րդ գլխի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
26 դեկտեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-214
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-214
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
