ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 հոկտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 14 | ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ
2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
24 հոկտեմբերի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Արտավազդ Պետրոսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արտավազդ Պետրոսյանը 2011թ. հոկտեմբերի 5-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 114-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես, վերջինիս 14.1.-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 1-ին մասի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, 43-րդ հոդվածի 2- րդ մասի, 47-րդ հոդվածի 1-ին մասի և 48-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջներին։
Դիմողը գտնում է, որ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող համապատասխան ՀՀ օրենքներով քաղաքացիական, դատական և այլ ծառայողների համար սահմանված է աշխատողների քանակի և հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքում քաղաքացիական, դատական և այլ ծառայողներ չհանդիսացող աշխատողների համար նմանօրինակ իրավունք նախատեսված չէ, ինչը, դիմողի կարծիքով, հանդիսանում է ՀՀ Սահմանադրությանը հակասող օրենսդրական բաց և խախտում է այդպիսի աշխատողների հավասարության իրավունքը և ակնհայտ խտրականության դրսևորում է։
Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ դրա քննությունը ենթակա է մերժման օրենքով սահմանված հետևյալ հիմքերի առկայության պայմաններում։
1. Ուշադրության արժանի է այն կարևոր հանգամանքը, որ ՀՀ
սահմանադրական դատարանը դեռևս իր 2009թ. փետրվարի 24-ի ՍԴՈ-792 /կետ 7/, 2010թ. հունիսի 1-ի ՍԴՈ-891 և 2010թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-902 /կետ 5/ որոշումներով անդրադարձել և իրավական դիրքորոշումներ է արտահայտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանադրականության վերաբերյալ և այն ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող /ՍԴՈ-891 որոշման եզրափակիչ մաս/։ Անհրաժեշտ է մատնանշել նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիշատակված հոդվածի 3-րդ կետը առանց էական փոփոխությունների, 24.06.2010թ. ՀՕ-117-Ն օրենքով վերաշարադրվել է իբրև 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ։
Մասնավորապես, ՍԴՈ-902 որոշմամբ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ տնտեսական, տեխնոլոգիական և կազմակերպչական պատճառներով աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքերում աշխատողին աշխատանքում չվերականգնելու ինստիտուտն ինքնին իրավաչափ է։
2. Գործում առկա դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածը դիմողի նկատմամբ կիրառված չէ ընդհանրապես, մինչդեռ անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող իրավանորմի կիրառումն է։ Բացի դրանից, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասից բխում է, որ վիճարկվող իրավադրույթների հետ նորմատիվ համապատասխան ակտի այլ դրույթների համակարգային առումով փոխկապակցված լինելու հանգամանքը որոշում է սահմանադրական դատարանը և ոչ թե դիմողը։
3. Խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողը վիճարկվող նորմերի ՀՀ Սահմանադրությանը հակասելու պարագան փորձել է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացով։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010թ. փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ /կետ 6/ ամրագրել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ ՀՀ սահմանադրական դատարանը նույնպիսի իրավական դիրքորոշում արտահայտել է նաև 2010 թ. սեպտեմբերի 14-ի ՍԴՈ- 914 որոշմամբ /կետ 7/։
Ասվածից հետևում է, որ եթե նույնիսկ առկա է օրենսդրական բաց, ապա այն լրացնելու իրավասությունը պատկանում է օրենսդիր մարմնին։
4. Անհատական դիմումի վերլուծությունից բխում է նաև, որ տվյալ դեպքում դիմողի կողմից իրապես վիճարկվում է խնդրո առարկա իրավանորմերի կիրառման իրավաչափությունը։ ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 աշխատակարգային որոշմամբ առանձնակի ընդգծվել է, որ, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով /կետ 8/։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Արտավազդ Պետրոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
24 հոկտեմբերի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/2-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հոկտեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
