«ՆՈՒՆԵ ԱԹՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱ-ՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-75)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 մայիսի 2025թ. ՍԴԱՈ - 75 | «ՆՈՒՆԵ ԱԹՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱ-ՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍԵՐՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՆՈՒՆԵ ԱԹՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍԵՐՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Նունե Աթոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 396-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, կարճելու վերաբերյալ առաջարկությունը՝ ՊԱՐԶԵՑ.
1. Նունե Աթոյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2024 թվականի դեկտեմբերի 2-ին (Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի դեկտեմբերի 4-ին): Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթները՝ դրանց դատական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:
Օրենսգրքի՝ «Դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշման բովանդակությունը» վերտառությամբ 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է.
«1. Առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
(…)
4) հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ,
(…)»:
Օրենսգրքի՝ «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը» վերտառությամբ 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է.
«1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
(…)
6) չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ.
(…)»:
Նույն հոդվածի 2-րդ մասով ամրագրվում է.
«2. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները»:
Օրենսգրքի վերոնշյալ դրույթները որևիցե փոփոխության և (կամ) լրացման չեն ենթարկվել:
2. Գործի դատավարական նախապատմությունը
2.1. Էմմա Մնացականի Վարդանյանը 06.02.2015 թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Դատարան) ընդդեմ Անժելա Աթոյանի՝ ժառանգատու Մանուշակ Աթոյանի ժառանգական գույք հանդիսացող Երևանի Արշակունյաց 36ա շենք 30 հասցեի բնակարանի ¼-րդ բաժնեմասի նկատմամբ Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Էմմա Վարդանյանի կողմից ժառանգատու Մառլեն Աթոյանին պատկանող Երևանի Արշակունյաց 36ա շենք 30 հասցեի բնակարանի ¼-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Անժելա Աթոյանի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ կողմից տրված հա. 0113187 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի 06.02.2015 թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել քննության (թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործ):
Դատարանի 29.05.2015 թ. վճռով Էմմա Մնացականի Վարդանյանի հայցն ընդդեմ Անժելա Աթոյանի՝ ժառանգատու Մանուշակ Աթոյանի ժառանգական գույք հանդիսացող Երևանի Արշակունյաց 36ա շենք 30 հասցեի բնակարանի ¼-րդ բաժնեմասի նկատմամբ Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Էմմա Մնացականի Վարդանյանին ժառանգատու Մարլեն Աթոյանին պատկանող Երևանի Արշակունյաց 36ա շենք 30 հասցեի բնակարանի ¼-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Անժելա Աթոյանի անվամբ տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժվել է, իսկ Անժելա Աթոյանի՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ կողմից 26.05.1999 թ. տրված հա. 0113187 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Վերոնշյալ վճիռը բողոքարկվել է վերաքննության և վճռաբեկության կարգով, թողնվել է անփոփոխ և մտել օրինական ուժի մեջ:
2.2. Վճռաբեկ դատարանը, քննելով Էմմա Վարդանյանի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը՝ թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թ. «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ, 07.04.2017 թ. որոշել է. «1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2015 թվականի որոշման՝ Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը Մանուշակ Աթոյանի ժառանգական գույքի՝ Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 36ա շենքի 30-րդ բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Էմմա Վարդանյանին այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասերով հայցը մերժելու մասին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասերը և այդ մասերով գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»:
2.3. Դատարանը 23.09.2017 թ. որոշմամբ թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործն ընդունել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2019 թ. որոշմամբ հիշատակված քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև գործով հայցվոր Էմմա Մնացականի Վարդանյանի իրավահաջորդության հարցի լուծումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.08.2020 թ. որոշմամբ թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, իսկ հայցվոր Էմմա Մնացականի Վարդանյանը փոխարինվել է նրա իրավահաջորդով՝ Նունե Մարլենի Աթոյանով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Նունե Մարլենի Աթոյանն ընդդեմ Անժելա Միխայելի Աթոյանի, Արփինե Սլավիկի Գևորգյանի և Վարազդատ Աշոտի Մաթևոսյանի՝ Էմմա Վարդանյանին Մարլեն Աթոյանին պատկանող ժառանգության՝ պարտադիր բաժնի (ք. Երևանի Արշակունյաց 36ա շենքի թիվ 30 բնակարանի ¼ բաժին) նկատմամբ, փաստացի տիրապետման եղանակով, ժառանգությունն ընդունած ժառանգ և այդ հիմքով վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու, Նունե Աթոյանին Էմմա Վարդանյանին պատկանող բաժնի նկատմամբ, փաստացի տիրապետման եղանակով, ժառանգությունն ընդունած ժառանգ և այդ հիմքով վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը մասնակի՝ ¼ բաժնի մասով, 10.08.2016 թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին. 11.03.2022 թ. վճռել է հայցը մերժել:
2.4. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 24.01.2024 թ. որոշել է. «(...)Նունե Աթոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի․ թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով ՀՀ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.03.2022 թվականի վճիռը մասնակի՝ Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը Մանուշակ Աթոյանի ժառանգական գույքի՝ Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 36ա շենքի 30-րդ բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Էմմա Վարդանյանին այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Նունե Աթոյանին այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի ¼ մասով անվավեր ճանաչելու պահանջների և դրանց նկատմամբ հաշվարկվող դատական ծախսերի մասով, բեկանել և համապատասխան մասով գործն ուղարկել նույն դատարան նոր քննության՝ սույն որոշմամբ սահմանված ծավալով»:
2.5. Վճռաբեկ դատարանը, քննելով ըստ Էմմա Վարդանյանի հայցի ընդդեմ Անժելա Աթոյանի, Արփինե Գևորգյանի և Վարազդատ Մաթևոսյանի՝ իրավունքը ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու ու ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2024 թ. որոշման դեմ Նունե Աթոյանի անունից բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 03.04.2024 թ. որոշել է վերադարձնել բերված վճռաբեկ բողոքը՝ արձանագրելով հետևյալը.
«Տվյալ դեպքում բողոք բերած անձը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչելով նաև բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը` պայմանավորված նաև իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ, վճռաբեկ բողոքում չի նշել, թե Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի կապակցությամբ է առկա իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև այդ հիմքի հիմնավորումը։
Բացի այդ, բողոք բերած անձը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչելով նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայության հանգամանքը` պայմանավորված բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ թույլ տալու հանգամանքով, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, վճռաբեկ բողոքում չի նշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված հիմքի հիմնավորումը:
(...)
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 24.01.2024 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Աթոյանը, որի անունից որպես ներկայացուցիչ հանդես է եկել Գենյա Պետրոսյանը, մինչդեռ բողոքին կից չի ներկայացրել, ինչպես նաև քաղաքացիական գործում առկա չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորագիրը: Ինչ վերաբերում է քաղաքացիական գործում առկա՝ Նունե Աթոյանի կողմից Գենյա Պետրոսյանին տրված լիազորագրին (հատոր 5-րդ, գ․թ․ 166), ապա այն տրվել է 14.09.2020 թվականին երեք տարի ժամկետով, որի գործողության ժամկետը վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի՝ 04.03.2024 թվականի դրությամբ դադարած է եղել։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասով, սույն որոշմամբ սահմանում է հնգօրյա ժամկետ` վերը նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություններին, ապա այն Վճռաբեկ դատարանը տվյալ պահին քննության առարկա չի դարձնում` վճռաբեկ բողոք բերելու համար լիազորությունը հավաստող ապացույցի բացակայության պատճառաբանությամբ» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
2.6. Վճռաբեկ դատարանը, քննելով թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2024 թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու և Նունե Աթոյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցերը, 29.05.2024 թ. որոշել է.
«1. Վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Նունե Աթոյանի միջնորդությունը բավարարել. վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել:
2. Մերժել պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Նունե Աթոյանի միջնորդությունը:
3. Թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․01․2024 թվականի որոշման դեմ Նունե Աթոյանի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության (...)» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
Սույն որոշմամբ արձանագրվել է. «Վճռաբեկ բողոք բերած անձը, սահմանված ժամկետում շտկելով վճռաբեկ բողոքում առկա թերությունները, 02.05.2024 թվականին փոստային առաքման եղանակով կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք ու պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի 24.01.2024 թվականի որոշումն ստացվել է 02.02.2024 թվականին, միջնորդել է վերականգնել վճռաբեկ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը:
Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և հիմք է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:
Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 03.04.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Նունե Աթոյանի նախկինում բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ սահմանելով ժամկետ թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Այժմ Նունե Աթոյանը, շտկելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 03.04.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված վերը նշված թերությունները, կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք` այն ներկայացնելիս թույլ տալով նոր խախտում: Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (...): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (...):
Տվյալ դեպքում բողոք բերած անձը, վճռաբեկ բողոքին չկցելով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից ու միջնորդելով պետական տուրքի վճարման գծով սահմանել արտոնություն, չի հիմնավորել համապատասխան արտոնությունը սահմանելու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում նշված հիմքի առկայությունը` իր համապատասխան գույքային դրությունը, ուստի հարուցված միջնորդությունը ենթակա է մերժման:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
3. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը, ներկայացնելով թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից՝ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելիս որպես նոր խախտում թույլ տալու և բողոքն առանց քննության թողնելու հիմք է դիտարկվել պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու միջնորդությունը Վճռաբեկ դատարանի կողմից մերժվելու հանգամանքն այն դեպքում, երբ այն առաջին անգամ քննության առարկա է դարձել Վճռաբեկ դատարանի կողմից՝ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշմամբ (նույն միջնորդությունը ներառված է եղել նաև առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքում, որին Վճռաբեկ դատարանը, սակայն, որոշել է չանդրադառնալ վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշմամբ և առաջին անգամ այն քննարկման առարկա է դարձրել վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշմամբ):
Դիմողի համոզմամբ՝ Վճռաբեկ դատարանը, առաջին անգամ քննության առարկա դարձնելով պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, միայն բողոքը կրկին ներկայացնելուց հետո՝ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ, զրկել է անձին՝ իր կողմից ներկայացված պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվելու դեպքում պետական տուրք վճարելու և Վճռաբեկ դատարան համապատասխան բողոք ներկայացնելու հնարավորությունից՝ «դիտարկելով ներկայացված միջնորդության մերժումը որպես Դիմողի կողմից նոր խախտում թույլ տալու հիմք (...), հետևաբար՝ զրկելով Դիմողին դատարանի մատչելիության իրավունքից Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքի պահանջների ակնհայտ խախտմամբ»:
Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասին և 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը «(…) հանգեցրել է Վճռաբեկ դատարանի կողմից ինքն իրեն այնպիսի իրավասություն վերապահելուն, որը հնարավորություն է տալիս վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշմամբ չպատճառաբանել ներկայացված պետական տուրքի վճարման գծով միջնորդությունը մերժելու և բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը (…)»։ Նման պայմաններում, Դիմողի գնահատմամբ, Օրենսգրքի վերոնշյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը զրկել է անձին իր գույքային դրությունը հաստատող ապացույցների ներկայացված լինելու պայմաններում՝ իր միջնորդությունը մերժելու և պատճառաբանված որոշում ստանալու իրավունքից։
Դիմողն արձանագրում է, որ կրկին ներկայացված բողոքով վերջինիս կողմից շտկվել են Վճռաբեկ դատարանի կողմից մատնանշված բոլոր թերությունները, իսկ պետական տուրքի վճարման գծով արտոնության կիրառման միջնորդությունը նույն բովանդակությամբ, առանց փոփոխության պահպանվել է վերստին ներկայացված բողոքում, սակայն Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշմամբ, առանց որևիցե պատճառաբանության, մերժել է ներկայացված միջնորդությունը՝ դիտարկելով այն Դիմողի կողմից բողոքը կրկին ներկայացնելիս նոր խախտում թույլ տալու և բողոքն առանց քննության թողնելու հիմք։
Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Դիմողը խնդրում է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթները՝ դրանց դատական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
4. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), մեջբերելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի ու 63-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և համադրելով դրանք Օրենսգրքի 395 և 396-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների հետ, գտնում է. «(...) վճռաբեկ վարույթի առաջացումը կախված է մի կողմից՝ անձի մոտ վճռաբեկ բողոքարկման իրավունքի առկայությունից, մյուս կողմից՝ այդ իրավունքի իրացման դատավարական օրենքով սահմանված կարգից: Սա նշանակում է, որ վճռաբեկ վարույթի հարուցման համար բավարար չէ ունենալ բողոքարկման իրավունք, անհրաժեշտ է նաև սահմանված կարգով այն իրացնել»:
Պատասխանողը պնդում է. «Արդար դատաքննության իրավունքը չի սահմանափակվում միայն գործի հիմքում դրված փաստերի և օրենքների վրա, այլ ներառում է նաև ընթացակարգային սխալների ուղղումը, որոնք կարող են խաթարել դատաքննության արդարությունը»: Ըստ Պատասխանողի՝ օրենսդիրն այդ նպատակով սահմանել է բողոքը դատարանի կողմից վերադարձնելու, բողոքաբերի կողմից թույլ տրված սխալներն ուղղելու և նորից ներկայացնելու իրավական հնարավորություն, ինչը կոչված է ապահովելու դատարանի մատչելիության իրավունքի գործնական իրացումը:
Մեջբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանձին դիրքորոշումները՝ Պատասխանողն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում դիմումը վերադարձնելու կարգը՝ հնարավորություն տալով Դիմողին շտկելու բողոքում առկա թերությունները և կրկին ներկայացնելու վճռաբեկ բողոքը:
Մեջբերելով Օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումը՝ Պատասխանողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի համար օրենսդիրը պարտականություն է սահմանել բողոքը վերադարձնելու դեպքում նշել «առկա թերությունները»: Վերջինս, ըստ Պատասխանողի, ելնելով իրավակարգավորման նպատակից, ակնհայտորեն ընդգրկում է բողոքում առկա բոլոր թերությունները նշելու դատարանի պարտականությունը:
Պատասխանողի համոզմամբ՝ այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները չեն վերացվում, վճռաբեկ բողոքը, Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, թողնվում է առանց քննության: Այսինքն՝ օրենսդիրը, սահմանափակելով անձի վճռաբեկ բողոք ներկայացնելու արդյունավետ հնարավորությունը, միևնույն ժամանակ ապահովում է այնպիսի ընթացակարգեր, որոնք կնպաստեն գործերի արդյունավետ և ողջամիտ ժամկետում քննությանը:
Պատասխանողն արձանագրում է, որ Դիմողը չէր կարող կանխորոշել, որ իր կողմից ներկայացված միջնորդությունը մերժվելու էր, և, միաժամանակ, դա որակվելու էր որպես բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ տրված նոր խախտում: Ավելին, Պատասխանողը նշում է, որ պետական տուրքի մասով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելն ինքնին խախտում չէ, հետևաբար՝ բոլոր դեպքերում այն մերժվելու դեպքում անձը պետք է ունենա բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:
Պատասխանողը, անդրադառնալով Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի սահմանադրականության հարցին, արձանագրում է, որ դատական ակտերի պատճառաբանվածությունը հանդիսանում է դատական ակտին ներկայացվող առանցքային պահանջ, որն ամրագրված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքում: Ըստ Պատասխանողի՝ Օրենսգրքի վերոնշյալ դրույթով հստակ ամրագրված է, որ առաջին ատյանի դատարանը պետք է ներկայացնի իր որոշման հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:
Եզրափակելով՝ Պատասխանողը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցը ենթադրում է ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում:
Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Պատասխանողը խնդրում է. «Նունե Աթոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել կամ սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 396-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, ենթակա է կարճման՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.
5.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։
Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանին ներկայացվող դիմումների հիմնավորվածության վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր՝ ձեռնպահ մնալով քաղաքական կամ ոչ իրավական բնույթի հարցադրումներից ու արտահայտություններից»:
Հարկ է ընդգծել, որ այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում:
Հիշատակված իրավակարգավորումների և Սահմանադրական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 396-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին՝ Սահմանադրական դատարանը արձանագրում է հետևյալը.
Օրենսգրքի՝ «Դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշման բովանդակությունը» վերտառությամբ 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն, ի թիվս այլնի, նաև այն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:
Օրենսգրքի՝ «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը» վերտառությամբ 396-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
Հիշատակված կարգավորումները սահմանում են, որ Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման շրջանակներում պետք է, ի թիվս այլնի, ներկայացվեն այն բովանդակ հիմնավորումները, որոնք դատարանին հիմք են տվել հանգելու տվյալ հետևություններին` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:
Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 396-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող սույն դրույթների և Դիմողի վկայակոչած սահմանադրական իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, մասնավորապես՝ չի հիմնավորվել, թե հիշատակված վիճարկվող դրույթները (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) ինչպես են ազդել Դիմողի հիմնական իրավունքների վրա և ինչպես են հանգեցրել այդ իրավունքների ենթադրյալ խախտման/սահմանափակման:
Սույն դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ Դիմողի համար բացասական իրավական հետևանքներն առավելապես առաջացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, որի հիմնավորմանն է նպատակադրված ողջ դիմումը:
Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ հենց վիճարկվող դրույթն է (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) անմիջականորեն հանգեցրել Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումը՝ Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 396-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու պահանջի մասով, ակնհայտ անհիմն է, ուստի՝ գործի վարույթը նշված մասերով ենթակա է կարճման՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:
5.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ բացառապես այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Այլ կերպ ասած` Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը:
Վերոգրյալի համատեքստում՝ հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործի ուսումնասիրությունը հիմք է տալիս փաստելու, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 396-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողի պնդմամբ. «(…) իրավակիրառ պրակտիկայում նշված դրույթներին տրված մեկնաբանությունը հանգեցրել է Վճռաբեկ դատարանի կողմից ինքն իրեն այնպիսի իրավասություն վերապահելուն, որը հնարավորություն է տալիս վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշմամբ չպատճառաբանել ներկայացված պետական տուրքի վճարման գծով միջնորդությունը մերժելու և բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը (…)»:
Դիմողի կողմից բարձրացված՝ Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և 396-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումի և թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը վիճարկվող դրույթներին Դիմողի կողմից վկայակոչված բովանդակությամբ մեկնաբանություն չի տվել, այլ կիրառել է վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումները՝ հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները:
Այսպիսով՝ Դիմողի կողմից դիմումում ներկայացված դիրքորոշումների հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում (դիմումի շրջանակներում ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերելի են Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականությանը), իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումները, ըստ էության, վերաբերում են, մասնավորապես, թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումների իրավաչափությանը, ուստի՝ այս առումով սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող տվյալ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն գործի վարույթը՝ Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 396-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, ենթակա է կարճման նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով՝ հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Նունե Աթոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 396-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
20 մայիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-75
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-75
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
