ԱՇՈՏ ԱԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 օգոստոսի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 23 | ԱՇՈՏ ԱԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
22 օգոստոսի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Կ. Բալայանի
Քննության առնելով քաղաքացի Աշոտ Աթոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Աշոտ Աթոյանը 2013թ. օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչել հակասահմանադրական և անվավեր, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 32- րդ և 33.1-րդ հոդվածներին։
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.
1. Ըստ դիմողի վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրությանն այնքանով, որքանով սահմանափակում է իր Սահմանադրությամբ նախատեսված աշխատանքի ընտրության, տվյալ պարագայում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ Դիմողը պնդում է, որ տվյալ դեպքում փաստաբանի աշխատանքը ձեռնարկատիրական գործունեություն է, և փաստաբանական գործունեության արտոնագրի գործողության դադարեցումը նշանակում է իրեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում։
2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը վիճարկում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի սահմանադրականության վիճարկմամբ։
Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի
սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Այսինքն առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Աշոտ Աթոյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
22 օգոստոսի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/2-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 օգոստոսի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
