«ԿՈՐՍԱՆ ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-58)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 սեպտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 58 | «ԿՈՐՍԱՆ ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 սեպտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 4-ին) խնդրելով. «Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրության 59-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Դիմողը պնդում է, որ «Սնանկության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը իրավակիրառ պրակտիկայի լույսի ներքո կամ իր նախնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրության 59-րդ և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով հնարավորություն է տալիս ՀՀ դատարաններին քննել օտարերկրյա իրավաբանական անձանց սնանկության վերաբերյալ դիմումները: Դիմողը գտնում է, որ նախ խնդրո առարկա դրույթին Վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է օրենսդրի կողմից տրված իմաստին և Սահմանադրությանը, և անգամ եթե Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունը համապատասխանում է օրենսդրի կամքին, ըստ դիմողի, դրույթը միևնույն է հակասահմանադրական է: Մասնավորապես, դիմողը նշում է, որ, առաջնորդվելով նորմերի մեկնաբանման ընդհանուր կանոնով սահմանված տառացի մեկնաբանման սկզբունքով, պարզ է դառնում, որ վիճարկվող դրույթը կիրառելի է միայն ֆիզիկական անձ պարտապանների նկատմամբ: Ըստ դիմողի դրույթը վկայում է «օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող» անձանց մասին, մինչդեռ քաղաքացիություն չունեցող իրավաբանական անձ հասկացությունն իրավական առումով իմաստազուրկ արտահայտություն է: Բացի դրանից, դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» օրենքում իսպառ բացակայում է որևէ դրույթ, որը կկարգավորեր օտարերկրյա իրավաբանական անձի սնանկության հնարավոր գործի վարումը: Նման սուբյեկտի սնանկության գործ քննել փորձող ՀՀ դատարանը, ըստ դիմողի, զուրկ է որևէ օժանդակող իրավական գործիքակազմից: Դիմողի կարծիքով օտարերկրյա իրավաբանական անձի սնանկության վերաբերյալ վճիռ կայացնելու պարագայում ՀՀ դատարաններն անխուսափելիորեն կբախվեն այլ պետության իշխանական գործառույթների հետ: Ավելին, ըստ դիմողի, նման իրավաբանական անձի սնանկության վարույթի լուծարմամբ ավարտվելու պարագայում ՀՀ դատարանների կողմից փաստացի կկայացվի այլ պետությանը ինքնիշխան գործառույթ կատարելուն պարտավորեցնող որոշում, ինչը կհակասի պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքին: Սույն անհատական դիմումով վիճարկվող դրույթի «Սնանկության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողը գտնում է, որ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ, այդ թվում այն անձինք, որոնք ցանկանում են ՀՀ տարածքում գործել առանձնացված ստորաբաժանումների իրավական ձևաչափով, կարող են ունենալ ողջամիտ ակնկալիք առ այն, որ իրենց իրավունքները կպաշտպանվեն առնվազն համընդհանուր ճանաչում ստացած միջազգային իրավունքի նորմերի հիման վրա և միջազգային լավագույն պրակտիկայի լույսի ներքո: Դիմողը գտնում է նաև, որ «Սնանկության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով անկանխատեսելի է դարձնում օտարերկրյա իրավաբանական անձանց իրավաչափ ակնկալիքները: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները, ինչպես նաև միջազգային լավագույն պրակտիկան բավարար են ձևավորելու օտարերկրյա ներդրողի ողջամիտ ակնկալիքն առ այն, որ, ՀՀ տարածքում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն գրանցելով, նա չի ընդունում ՀՀ դատարանների իրավազորրությունն իր սնանկության հարցերի առնչությամբ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու հիմքով հետևյալ պատճառաբանությամբ.
ա) Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի կարգավորումից բխում է, որ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունքը վերապահված է նույն դրույթով սահմանված որոշակի չափանիշներին բավարարող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիման վրա իրականացվում է կոնկրետ վերահսկողություն, ինչը ենթադրում է, որ նորմատիվ ակտի սահմանադրականությունն առնչվում է դատաքննության առարկա դարձած այս կամ այն կոնկրետ գործին: Կոնկրետ վերահսկողությանը հիմնականում, ի թիվս այլնի, բնորոշ են իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավունքի սուբյեկտների վրա և անհատական շահերի պաշտպանության առաջին պլան մղելը: Ի վերջո Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության ինստիտուտի դիմողի համար վերջնական և հիմնական հետևանքը դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով վերանայումն է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթի Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, վիճարկվող դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Սահմանադրական դատարանը, 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշման շրջանակներում անդրադառնալով սահմանադրական կոնկրետ վերահսկողության առանձնահատկություններին, ընդգծել է. «Եթե նախնական և հետագա վերացական սահմանադրական վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում Սահմանադրության գերակայության երաշխավորումը իրավական համակարգում օրենքների և այլ նորմատիվ ակտերի Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու ճանապարհով, ապա անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության նպատակը Սահմանադրության դրույթների անմիջական գործողության երաշխավորումն է, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը։ (...)
Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը»։ Բացի դրանից, 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները Սահմանադրական դատարանը 2010 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-927 որոշմամբ փաստել է, որ այն դեպքում, երբ դիմողի նկատմամբ կայացրած դատական ակտերի վերլուծությունից բխում է, որ խնդրո առարկա հանրային-իրավական վեճը, ըստ էության, սպառված է, ապա տվյալ պարագայում դիմողի կողմից վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի բարձրացումը, ըստ էության, չի հետապնդում սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության նպատակ, ուստի հիմք ընդունելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտել է, որ վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի քննարկումը խնդրո առարկա գործի լուծման տեսանկյունից որևէ գործնական իրավական հետևանքի հանգեցնել չի կարող: Տվյալ դեպքում 2021 թվականի օգոստոսի 4-ին «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության կողմից Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով Սահմանադրական դատարանի առջև դիմողի կողմից բարձրացվել է օտարերկրյա իրավաբանական անձանց սնանկության վերաբերյալ գործեր քննելու և վերջիններիս վերաբերյալ վճիռ կայացնելու ՀՀ դատարանների իրավասության սահմանադրականության հարցը: Մասնավորապես, թիվ ԵԴ/0930/04/18 սնանկության գործով դիմող ընկերության նկատմամբ կայացված դատական ակտով 2021 թվականի հունվարի 29-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ դատարանները կարող են քննել այն սնանկության գործերը, որոնցով պարտապան հանդիսացող օտարերկրյա իրավաբանական անձը ՀՀ տարածքում ունի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն: Կիրառելով վերոնշյալ իրավական դիրքորոշումը գործի փաստերի նկատմամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության մասնակցությամբ սնանկության գործը ենթակա է Հայաստանի Հանրապետության դատարանների քննությանը: Ըստ այդմ Վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել է ՀՀ սնանկության դատարան նոր քննության: Դատալեքս տեղեկատվական համակարգում կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ իրականացնելով թիվ ԵԴ/0930/04/18 սնանկության գործով նոր քննություն ՀՀ սնանկության դատարանը 2021 թվականի հուլիսի 12-ին կայացրել է վճիռ «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերությանը սնանկ ճանաչելու վարույթը կարճելու մասին», որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Իսպանիայի Թագավորության Մադրիդի թիվ 1 առևտրային դատարանի 12.07.2017 թվականի թիվ 700/2017 որոշմամբ «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ: Ընդ որում ՀՀ սնանկության դատարանին գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը ներկայացվել է «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից այն հիմքով, որ վերոնշյալ ընկերությունն Իսպանիայի Թագավարության Մադրիդի թիվ 1 առևտրային դատարանի կողմից սնանկ է ճանաչվել դեռևս 2017 թվականի հուլիսի 12-ին։ Այսինքն Սահմանադրական դատարանի առջև օտարերկրյա իրավաբանական անձանց սնանկության գործերով ՀՀ դատարանների իրավասության սահմանադրականության հարցը բարձրացրած օտարերկրյա իրավաբանական անձը «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերությունը, 2017 թվականին արդեն իսկ Իսպանիայի Թագավորությունում ճանաչվել է սնանկ, ինչի հիման վրա վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության դիմումի հիման վրա իրականացվող վարույթը կարճվել է, ինչը նշանակում է, որ սույն անհատական դիմումով ընկերության կողմից նման հարցի բարձրացումը չի հետապնդում Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության նպատակ, իսկ վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի քննարկումը խնդրո առարկա գործի լուծման տեսանկյունից որևէ գործնական իրավական հետևանք չի կարող առաջացնել դիմողի համար: Ըստ էության, ընկերության կողմից բարձրացված հանրային իրավական վեճը մինչև Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը, փաստորեն, արդեն սպառված էր, ինչը նշանակում է, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթի դրան իրավակիրառ պրակտիկայում տված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականությունը որևէ կերպ չի շոշափում դիմող ընկերության իրավունքներն ու շահերը:
բ) Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սույն անհատական դիմումով դիմողը չի հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության կամ դրան տրված հակասահմանադրական մեկանաբանության արդյունքում իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել, և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Մասնավորապես, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն յուրաքանչյուր ոք կարող է դիմել Սահմանադրական դատարան, սակայն ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց այս իրավունքը կարող են իրացնել միայն Սահմանադրության վերոնշյալ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով (նաև Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով) նախատեսված պայմանների առկայության դեպքում: Ավելի կոնկրետ ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան կարող է դիմում ներկայացնել, երբ
ա) սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
բ) կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
գ) վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը,
դ) իր կողմից վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Անհատական դիմումին ներկայացվող այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է դիմումով բարձրացված հարցի կապակցությամբ ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր: «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության կողմից 2021 թվականի օգոստոսի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անհատական դիմումներին ներկայացվող այս պահանջը սույն դիմումում պահպանված չէ: Մասնավորապես, դիմողը չի հիմնավորել, թե «Սնանկության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության, դրան իրավակիրառ պրակտիկայում տված ենթադրյալ հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր սահմանադրական իրավունքների խախտման փաստի միջև, ինչը ևս Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու հիմք է դիմումն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Է. Շաթիրյան
Ա. Խաչատրյան
14 սեպտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-58
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 սեպտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-58
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
