Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5621 հոկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հոկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 56 | ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

21 հոկտեմբերի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ֆ. Թոխյանի

Քննության առնելով Կարապետ Ռուբինյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Կարապետ Ռուբինյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019թ. հոկտեմբերի 1-ին խնդրելով.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի «բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի» ձևակերպումը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

Դիմողը վկայակոչում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի «….գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնի վաճառքի դեպքում բաժնային սեփականության ցանկացած մասնակից իրավունք ունի երեք ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել իրեն փոխանցելու գնորդի իրավունքները և պարտականությունները»:

Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի «բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի» ձևակերպման առկայության պայմաններում անհասկանալի է, թե ինչ տրամաբանություն է դրել օրենսդիրը վիճարկվող նորմում, քանի որ այն առանձին ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելիս օրենքը չի պաշտպանում համասեփականատիրոջ գնելու նախապատվության իրավունքը, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասը նաև բացառում է նույն հոդվածի 3-րդ մասի կիրառությունը:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը, Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը կրկնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3- րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը: Դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, մինչդեռ վերջնական դատական ակտը ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի մարտի 6- ին:

Դիմողը դիմումին է կցել նաև փոստային ծրարը, որով հավաստվում է, որ դիմողը վերջնական դատական ակտն ստացել է 27.03.2019 թվականին: Դրանով դիմողն անուղղակիորեն փորձում է հիմնավորել, որ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը հաշվարկել է վերջնական դատական ակտն ստանալու օրվանից: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո»:

Այսինքն, նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանի ակտն ուժի մեջ է մտել հրապարակման պահից (տվյալ դեպքում 2019 թ. մարտի 6-ից, ապա ակնհայտ է, որ դիմումատուն խախտել է Սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված 6 ամսյա ժամկետը, ինչը դիմումը քննության ընդունելու մերժման հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Կարապետ Ռուբինյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող

Անդամներ

21 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-56

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հոկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-56
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել