Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1021 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հունվարի 2025թ. ՍԴԱՈ - 10 | «ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻ

Ամբողջ Տեքստ

«ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անահիտ Սաղաթելյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 184-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի դեկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անահիտ Սաղաթելյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Արտակ Զեյնալյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(…) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 6, 61 և 63, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 184-րդ հոդվածը, այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի դատական ակտի պատճառաբանական մասում արտահայտած իրավական դիրքորոշումը, Հայաստանի ներպետական իրավական ակտերին, ընթացակարգերին, ներպետական դատական գործերով հաստատված փաստերին տրված իրավական գնահատականներն ու որակումները (դրանց՝ ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ), չի դիտարկում, որպես՝ դատական ակտի վերանայման նոր հանգամանք։

(…) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 6, 61 և 63, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այնքանով, որքանով վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չի ընձեռում այն անձին ում մասնակցությամբ գործով Հայաստանի ներպետական իրավական ակտերին, ընթացակարգերին, ներպետական դատական գործերով հաստատված փաստերին Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում դրանց ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ՝ իրավական դիրքորոշում է արտահայտել»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/7707/05/17 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ իր համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել Վճռաբեկ դատարանի կողմից իր նկատմամբ, inter alia, կիրառված, ինչպես նաև վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի և Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հուլիսի 3-ի որոշումներով անմիջականորեն վկայակոչված՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 184-րդ հոդվածը։

Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 184-րդ հոդվածով սահմանված դրույթները (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) թույլ չեն տվել, որ վերաքննիչ վարչական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 1-ին կայացրած որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայի վարչական դատարանի կողմից 2018 թվականի փետրվարի 19-ին կայացված դատական ակտը, փոխարենը, վերաքննիչ վարչական դատարանի վերոնշյալ որոշման համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված դատական ակտի պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները և ՀՀ ներպետական իրավական ակտերին տրված իրավական գնահատականներն ու որակումները նոր հանգամանք չեն ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման վարույթ հարուցելու համար։

Ըստ Դիմողի՝ «Սույն դիմումով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթների բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ուղղակիորեն չի բխում, որ միջազգային դատարանի դատական ակտի պատճառաբանական մասում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Հայաստանի նորմատիվ ակտի դրույթների, իրավակիրառական պրակտիկայի, փաստերի գնահատման իրավաչափության վերաբերյալ (Կոնվենցիայի տեսակետից), խնդրո առարկա նորմատիվ ակտի, դրա դրույթի կամ փաստերի կիրառմամբ ընդունված դատական ակտերը՝ Նոր հանգամանքով վերանայման համար հիմք է»։

Դիմողը պնդում է, որ «(…), իրավունքի գերակայության, արդարության, օրինականության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից բխում է, որ օրինականության խախտման վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի դատական ակտերի պատճառաբանական մասերում արտահայտած իրավական դիրքորոշումների, գնահատականների՝ Նոր հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայելու համար պայման հանդիսանալն՝ ունիվերսալ է իրավունքի բոլոր դատարանների համար և Սահմանադրությունը ու Եվրոպական դատարանը վարչական գործերով՝ բացառություն չեն սահմանել»:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 184-րդ հոդվածը չեն նախատեսել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքի հիմքով վերանայելու իրավական, դատական պաշտպանության միջոց՝ որպես գործի՝ դատական ակտի վերաբացման պայման չնախատեսելով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտի պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները և գնահատականները։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բարձրացնում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 184-րդ հոդվածի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց։

Ի սկզբանե հարկ է փաստել, որ Դիմողի կողմից սույն անհատական դիմումն ամբողջությամբ ներկայացված է այնպիսի բովանդակությամբ պնդումների համատեքստում, որոնց համաձայն՝ վիճարկվող դրույթների կիրառման (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հետևանքով է, որ վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով չի վերանայվել վարչական դատարանի կողմից 2018 թվականի փետրվարի 19-ին կայացված դատական ակտը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված դատական ակտի պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումը, ՀՀ ներպետական իրավական ակտերին, ընթացակարգերին, ներպետական դատական գործերով հաստատված փաստերին տրված իրավական գնահատականները և որակումները (դրանց ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ) համապատասխան դատական ակտով չեն դիտարկվել որպես նոր հանգամանք՝ ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու համար:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով, որ սույն անհատական դիմումի ոչ միայն խնդրամասի, այլ նաև ընդհանրապես ամբողջ դիմումի առանցքը Դիմողի վերոնշյալ պնդումն է, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել հետևյալը․

խնդրո առարկա՝ թիվ ՎԴ/7707/05/17 վարչական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վարչական դատարանը 2018 թվականի փետրվարի 19-ին կայացրած՝ «Վարչական գործի վարույթը մասով կարճելու մասին» որոշմամբ որոշել է. «(...) թիվ ՎԴ/7707/05/17 վարչական գործի վարույթը` ըստ հայցի Անահիտ Սաղաթելյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի 27.04.2004թ. եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճել։

(...) սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, որի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը»:

Վարչական դատարանի վերոնշյալ որոշումը վերադասության կարգով չի բողոքարկվել։ Այս մասին իր անհատական դիմումով հստակ նշել է նաև Դիմողը: Ստացվում է, որ Դիմողը, վարչական դատարանի կողմից կայացված համապատասխան որոշումը վերադասության կարգով բողոքարկելու իրավական հնարավորություն ունենալով հանդերձ, այն չի իրացրել՝ չսպառելով խնդրո առարկա հարցի կապակցությամբ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Այս համատեքստում կարևոր է արձանագրել, որ վերաքննիչ վարչական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 1-ին կայացրած՝ «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման հիմքում դրել է հետևյալ պատճառաբանությունը․

«Անահիտ Սաղաթելյանի կողմից ներկայացված՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վերաքննիչ բողոքի (դիմումի) ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դիմումատուն որպես նոր հանգամանք մատնանշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 2463/12) 06․12․2022 թ. վճիռը, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

Հաշվի առնելով այն, որ Օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից դատական ակտի կայացման պահին, միջազգային պայմանագրին համապատասխան, ունեցել են միջազգային դատարան դիմելու իրավունք, ինչպես նաև այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 2463/12) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 06․12․2022 թ. վճռի կայացման պահին Անահիտ Սաղաթելյանը, միջազգային պայմանագրին համապատասխան, չի ունեցել միջազգային դատարան դիմելու իրավունք, քանի որ չի սպառել ՀՀ վարչական դատարանի «Վարչական գործի վարույթը մասով կարճելու մասին» 19.02.2018 թ. որոշման բողոքարկման բոլոր ներպետական միջոցները:

Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վերաքննիչ բողոքը (դիմումը) բերել է այն անձը, որը Դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի և, ըստ դրա՝ գտնում է, որ առկա է վերաքննիչ բողոքի (դիմումի) ընդունումը մերժելու՝ Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը»:

Վերոշարադրյալից ակնհայտ է դառնում, որ Դիմողն իր անհատական դիմումով ամբողջովին այլ համատեքստում է ներկայացրել վիճարկվող դրույթների կիրառման արդյունքում ծագած իրավական հետևանքի հիմքում ընկած հանգամանքները՝ նշվածը պայմանավորելով պնդմամբ առ այն, որ վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ վարչական դատարանի կողմից 2018 թվականի փետրվարի 19-ին կայացված դատական ակտը նոր հանգամանքի հիմքով չի վերանայվել (նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմումի ընդունումը մերժվել է), քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված դատական ակտի պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումը, ՀՀ ներպետական իրավական ակտերին, ընթացակարգերին, ներպետական դատական գործերով հաստատված փաստերին տրված իրավական գնահատականները և որակումները (դրանց ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ) համապատասխան դատական ակտով չեն դիտարկվել որպես նոր հանգամանք՝ ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու համար:

Մինչդեռ վերաքննիչ վարչական դատարանի վերոնշյալ որոշումից բխում է, որ տվյալ որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Դիմողի կողմից ներկայացված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված դատական ակտի պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշման, ՀՀ ներպետական իրավական ակտերին, ընթացակարգերին, ներպետական դատական գործերով հաստատված փաստերին տրված իրավական գնահատականները և որակումները (դրանց ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ) որպես նոր հանգամանք դիտարկելու հարցին:

Դիմողը նոր հանգամանքով դատական ակտի վերանայման իրավական հնարավորություն չի ունեցել այն պատճառով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 2463/12) վճռի կայացման պահին՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին, վերջինս իրավունք չի ունեցել խնդրո առարկա հարցի կապակցությամբ, միջազգային պայմանագրին համապատասխան, դիմելու միջազգային դատարան, սույն պարագայում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ սպառած չի եղել դեռևս 2018 թվականի փետրվարի 19-ին ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված՝ «Վարչական գործի վարույթը մասով կարճելու մասին» որոշման կապակցությամբ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները: Արդյունքում, Դիմողը նշված հանգամանքի հաշվառմամբ է համարվել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վերաքննիչ բողոք (դիմում) բերելու իրավունք չունեցող անձ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար նաև՝ համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Քննարկվող համատեքստում կարևոր է փաստել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75, 79 և 80-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 1-ին, 3 և 6-րդ հոդվածներին, ապա հարկ է արձանագրել, որ դրանք ամրագրված են Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու դեպքում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Անահիտ Սաղաթելյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 184-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

21 հունվարի 2025 թվականի

ՍԴԱՈ-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել