ՖԼՈՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 սեպտեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 12 | ՖԼՈՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
29 սեպտեմբերի 2014 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Կ. Բալայանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով քաղաքացի Ֆլորա Հակոբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Ֆլորա Հակոբյանը 2014թ. սեպտեմբերի 8-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասը և 594-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը
հակասող և անվավեր»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.
1. Դիմողը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2014թ. կայացրած որոշմամբ չի ճանաչվել Ֆլորա Հակոբյանի սեփականության իրավունքն ամուսնությունից հետո ձեռք բերված գույքի ½-ի նկատմամբ, որի համար, դիմողի պնդմամբ, հիմք են հանդիսացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասը և նույն օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասը:
Ըստ դիմողի` դատարանները, անտեսելով այն հանգամանքը, որ ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը վիճելի հողամասը տրամադրելու ժամանակ իրենց ընտանիքը դիտել է որպես հասարակության մեկ ընդհանուր բջիջ և հողամասը տրամադրել է հենց Հակոբյան ընտանիքին, Հակոբյանների ընտանիքին տնամերձ հողամասի հատկացման գործարքը որակել են որպես նվիրատվության պայմանագիր և նրան զրկել վիճելի հողամասի ½-ի նկատմամբ սեփականության իրավունքից:
2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասը չի կիրառվել դիմողի նկատմամբ:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը,
որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,
որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
3. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել վերջինիս ենթադրյալ
հակասահմանադրականության վերաբերյալ պատշաճ իրավական հիմնավորումներ: Մասնավորապես, նրա փաստարկները վերաբերում են դատարանների կողմից օրենսգրքի վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափությանը, այսինքն` վերջին հաշվով, դատարանների գործողությունների իրավաչափությանը: Հետևաբար, դիմողի փաստարկներն ակնհայտ անհիմն են և սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում:
Միաժամանակ, դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի
«հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:
4. Դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ: Փաստորեն, դիմողը վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց, որն էլ, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման, ըստ որի` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, հանդիսանում է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Ֆլորա Հակոբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող`
Անդամներ`
29 սեպտեմբերի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/2-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 սեպտեմբերի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
