Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-521 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հունվարի 2025թ. ՍԴԴԿՈ - 5 | «ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 հունվարի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով «ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գևորգ Չաքմիշյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի դեկտեմբերի 23-ին («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ընդունելության պահաջներին համապատասխանեցվելուց հետո վերստին ներկայացվել է 2025 թվականի հունվարի 9-ին), որով Դիմողը խնդրել է.

«(...) ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը, 64-րդ և 65-րդ հոդվածները»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/8248/02/20 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 30.10.2024թ. կայացված որոշմամբ խախտվել են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 74-րդ հոդվածի, 75-րդ հոդվածի և 80-րդ հոդվածի պահանջները, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/8248/02/20 քաղաքացիական գործով 30.10.2024թ. որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մեկնաբանությունն ու փաստացի կիրառությունը՝ համեմատած նույն քաղաքացիական գործով նույն դատարանի կողմից 22.09.2022թ. կայացրած որոշման հետ, հակասում է ՀՀ Սահմանադրության վերոնշյալ նորմերին։ Արդյունքում՝ խախտվել է նշված քաղաքացիական գործով հայցվորի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված և ամրագրված իրավունքները»։

Դիմողը գտնում է, որ «ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2024թ. որոշման մեջ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և 65-րդ հոդվածի մեկնաբանությունը և կիրառությունը, հաշվի առնելով նույն դատարանի կողմից վկայակոչված և գործում առկա ապացույցները, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին (…)»։

Դիմողը պնդում է, որ Վճռաբեկ դատարանը «Վճռաբեկը բողոքը մերժելու մասին» որոշմամբ հերքել է իր իսկ կողմից նախկինում կայացված՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը, որով դատական սխալը նույն դատարանի կողմից ճանաչվել է առերևույթ փաստ: Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ «Վճռաբեկ դատարանի երկու որոշումների հակասությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մեկնաբանության և կիրառության առումով, թույլ է տալիս ենթադրելու, որ նշված իրավանորմի «առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում» եզրույթը, որին հետևում է «սույն հոդվածի իմաստով՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը» արտահայտությունը, կարող է նույն դատարանի կողմից հերքվել՝ միևնույն գործով արդեն իսկ արձանագրված նյութական իրավունքի առերևույթ խախտումները, ինչն, ակնհայտորեն, չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, որը մաս է կազմում անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքի»։

Դիմողը նշում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 394-րդ հոդվածի՝ Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/8248/02/20 քաղաքացիական գործով կայացված երկու որոշումներում կիրառումը հակասում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին և արդար դատաքննության հիմնական իրավունքին, որի պատճառով խախտվել են իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքները։

Ըստ Դիմողի՝ իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի և արդար դատաքննության հիմնական իրավունքի տեսանկյունից խնդրո առարկա քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի և ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ Օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը, 64 և 65-րդ հոդվածները կիրառվել են դրանց ոչ բառացի մեկնաբանությամբ։

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 74, 75, 79 և 80-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 1-ին հոդվածին, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ այն ամրագրված է Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

3.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի, 64 և 65-րդ հոդվածների, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողը ներկայացրել է դիրքորոշում, որի համաձայն՝ «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2024թ. որոշման և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշման համեմատությունից պարզ է դառնում, որ մի դեպքում նույն դատարանը համարել է, որ առկա է նյութական իրավունքի առերևույթ խախտում, մյուս դեպքում նույն դատարանը հերքել է այդ փաստը: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2024թ. որոշումը չի կարող համարվել պատճառաբանված, արժանահավատ ու իրավաչափ՝ իր իսկ կողմից արձանագրված առերևույթ փաստին տրամագծորեն հակառակ կարծիք հայտնելու առումով»:

Դիմողը նշել է նաև. «Վարկային գծի պայմանագրերը փոխանցման ակտի միջոցով «Երևանշին ԳԱՄ» ՍՊ ընկերությունից «Երևանշին» ՍՊ ընկերությանը փոխանցվելու ՀՀ վճռաբեկ դատարանի պնդումը, բացի նրանից, որ չի հաստատվում գործում առկա քաղաքացիական գործում առկա փոխանցման ակտով, այլև, ընդհանրապես, իրավաչափ չէ, քանի որ փոխանցման ակտով գրավոր պայմանագիրը չի կարող փոխանցվել մեկ այլ իրավաբանական սուբյեկտի. նման հնարավորություն չի նախատեսված ոչ մի իրավանորմով»:

Միաժամանակ, Դիմողն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Իրավաբանական անձանց վերակազմակերպմանը վերաբերող իրավունքը կիրառելու և գործում առկա ապացույցները պատշաճ գնահատելու փոխարեն, խնդրո առարկա քաղաքացիական գործով բոլոր դատարանները, ըստ էության, նոր իրավունք են ստեղծել տվյալ գործի հետ առնչություն չունեցող մեկ այլ քաղաքացիական գործով «հայտնաբերել են», որ «Երևանշին» ՍՊ ընկերությունն «ընդունել է», որ իրավահաջորդն է «Երևանշին ԳԱՄ» ՍՊ ընկերության, ինչպիսի փաստը նշված է պետական գրանցման վկայականում և դատավարության կողմերի համար անվիճելի փաստ է: Նույն դատարանների կողմից անտեսվել է իրավաբանական անձի գործունեության դադարեցնելու և դրանից հետո նոր իրավահարաբերություններ ստեղծելու իրավական անհնարինության հանգամանքը, վարկային գծի պայմանագրի (որ կոնսենսուալ պայմանագիր է) կողմի փոփոխությունն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխի կանոնները հաշվի առնելու: (...)»:

Ելնելով վերոշարադրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԵԴ/8248/02/20 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը: Հետևաբար՝ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության, այլ Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Դ. Խաչատուրյան

21 հունվարի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել