ՏԱԹԵՎԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 փետրվարի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 6 | ՏԱԹԵՎԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
18 փետրվարի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Տաթևիկ Բարսեղյանի և այլոց
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Տաթևիկ Բարսեղյանը և այլք դիմել են ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի հունվարի 29- ին)` խնդրելով.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 69-րդ 1-ին մասը Կամ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 83.5. և 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասը,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19, 83.5-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 65-րդ հոդվածի «հայց» եզրը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրանց տրված մեկնաբանության շրջանակներում:
Կամ
Բացահայտել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը»: Ըստ դիմողների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների ընտրությունը և ձևակերպումները պետք է ուղղված լինեին արդարադատության արդյունավետ իրականացմանը: Իրականում դրանք անորոշ են, ձևակերպված են ոչ հստակ, հնարավորություն են տալիս երկիմաստ, հայեցողական և հակասական մեկնաբանությունների, ինչի հետևանքով վարչական դատարանի կողմից հայցերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների առարկայի պայմանները չբավարարելու հիմքով վարույթ չեն ընդունվում, որով խախտվում են անձանց` դատական արդյունավետ պաշտպանության և արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքները և իրավական որոշակիության սկզբունքը:
Ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձևակերպված հիմնավորումներ, ինչպես նաև դիմողները չեն հիմնավորել իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը. դիմողները ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների
սահմանադրականության հարցը` ըստ էության բարձրացնում են այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` §...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 32 հոդվածի 1- ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ¦:
Բացի դրանից, քննության առարկա դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը փաստում է, որ Տ. Բարսեղյանի, Ա. Խաչատրյանի, Լ. Գևորգյանի, Վ. Մկրտչյանի, Մ. Ավագյանի, Մ. Սարգսյանի և Գ. Մելքոմյանի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 20-ի և Տ. Հակոբյանի, Ա. Գյոզալյանի, Հ. Հակոբյանի, Հ. Բալանյանի, Հ. Ղազարյանի և Վ. Մելքոնյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի §Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վերադարձնելու մասին¦ որոշումներով վերադարձվել են այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքները չեն համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին: ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ որոշումներով սխալները շտկելու և վճռաբեկ բողոքները կրկին բերելու համար սահմանվել են համապատասխանաբար` հնգօրյա և տասնօրյա ժամկետներ: Սակայն դիմողները, նախատեսված ժամկետների ավարտից հետո, կրկին չեն դիմել վճռաբեկ դատարան, չեն իրացրել վճռաբեկ բողոք բերելու իրավական հնարավորությունը և, ըստ էության, չեն սպառել դատական պաշտպանության միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Տաթևիկ Բարսեղյանի և այլոց անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
18 փետրվարի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/1-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 փետրվարի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
