Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՐԻՆԱ ՄԱՑԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 10.06.1999Թ. ԹԻՎ 432 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 12-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ, 15, 16 ԵՎ 17-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՐԻՆԱ ՄԱՑԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 10.06.1999Թ. ԹԻՎ 432 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 12-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ, 15, 16 ԵՎ 17-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1420 հունվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 հունվարի 2022թ. ՍԴԱՈ - 14 | «ՄԱՐԻՆԱ ՄԱՑԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 10.06.1999Թ. ԹԻՎ 432 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 12-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ, 15, 16 ԵՎ 17-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԱՐԻՆԱ ՄԱՑԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 10.06.1999Թ. ԹԻՎ 432 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 12-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ, 15, 16 ԵՎ 17-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մարինա Մացակյանի դիմումի հիման վրա ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի, 15, 16 և 17-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Մարինա Մացակյանի (այսուհետ` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«ՀՀ Սահմանադրության 50-րդ, 60-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «ա» ենթակետը, նույն կարգի 15-րդ, 16-րդ 17-րդ կետերը դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ վարչական վարույթի մասնակիցը/հասցեատերը «ընտանիքն է», որ վարչական վարույթի մասնակիցներին վարչական ակտի օրինակը տրամադրելու պարտականություն վարչական մարմինը չի կրում, և որ ընտանիքի մեկ անդամի բնակարանային պայմանների բարելավվումը սեփականության իրավունքով բնակելի տուն կամ բնակարան ունենալը, մեխանիկորեն պետք է հանգեցնի աղետի հետևանքով անօթևան մնացած անձանց հերթացուցակում հաշվառված ընտանիքի մյուս անդամների իրավունքի դադարեցման»:

2. ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշումը (այսուհետ նաև Կառավարության որոշում) ընդունվել է 1999 թվականի հունիսի 10-ին, վարչապետի կողմից ստորագրվել և Հանրապետության նախագահի կողմից վավերացվել է 1999 թվականի հունիսի 10-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունիսի 10-ից: Կառավարության որոշման 1-ին կետով հաստատված` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի (այսուհետ նաև Կարգ) 12-րդ կետի «ա» ենթակետով սահմանվում է. «12. Քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե`

ա) հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.»: Կարգի 15, 16 և 17-րդ կետերը սահմանում են.

«15. Բնակարանների բաշխման հրապարակայնությունն ապահովելու նպատակով քաղաքացիներին բնակարան հատկացնելու մասին որոշումները հրապարակվում են տեղական մամուլում:

16. Բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են սույն կետով սահմանված նորմաների սահմաններում, սակայն վարձակալի և նրա ընտանիքի անդամների կողմից նախկինում զբաղեցված բնակարանի սենյակների թվից ոչ ավելի: Բնակելի տարածությունը հատկացվում է`

1-սենյականոց բնակարանը` միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին. 2-սենյականոց բնակարանը` ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին. 3-սենյականոց բնակարանը` չորս-հինգ մարդուց բաղկացած ընտանիքին.

4-սենյականոց բնակարանը` վեց-յոթ մարդուց բաղկացած ընտանիքին:

4 և 5-սենյականոց բնակարան կորցրած քաղաքացիներին, որոնց ընտանիքները բնակարանի հատկացման պահին բաղկացած են ութ և ավելի մարդուց, կարող է հատկացվել 2 բնակարան: Ընտանիքներին մեկից ավելի բնակարան հատկացվելու դեպքում դրանք, հնարավորության դեպքում, տրվում են նույն մուտքում և նույն հարկում:

17. Բնակարան ստացող քաղաքացին և նրա ընտանիքի բոլոր անդամները պարտավոր են գրավոր ստանձնել պարտավորություն բնակարանի հատկացումից հետո տասն օրվա ընթացքում իրենց կողմից զբաղեցված ժամանակավոր կացարանը կամ ոչ հիմնական շինությունն ազատելու մասին: Նման պարտավորություն ստանձնած քաղաքացու ստորագրությունը վավերացնում է համայնքի ղեկավարը»:

3. Դիմողը գտնում է, որ Սահմանադրության 50-րդ հոդվածը վարչական մարմնի հետ հարաբերություններում երաշխավորում է յուրաքանչյուր անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը իր սահմանադրաիրավական բովանդակության մեջ ներառելով վարույթի նյութերին ծանոթանալու, լսված լինելու, առարկություն ներկայացնելու և գործին առնչվող վարույթի արդյունքում կայացվող որոշումն ստանալու իրավունքները: Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որ տվյալ իրավահարաբերությունում վարչական վարույթի հասցեատերը/մասնակիցը «ընտանիքն» է, այլ ոչ թե անհատը, հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածին, որը երաշխավորում է անհատի իրավունքի պաշտպանությունը: Դիմողի կարծիքով «ընտանիքն» ինքնուրույն սուբյեկտ չի կարող հանդիսանալ, ուստի և մասնակցել մասնավոր իրավահարաբերությանը, քանզի «ընտանիքը» չի կարող ինքնուրույն ձեռք բերել իրավունքներ և/կամ կրել պարտականություններ: Դիմողի գնահատմամբ «բնակարանային պայմանները բարելավվել են» ձևակերպումը որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է, քանզի քննարկվող նորմի կիրառման դեպքում անձը զրկվում է սեփականության իրավունքով գույք, բնակարան ստանալու իրավունքից, սակայն այդ նորմում բացահայտված չէ, թե ինչպիսի փաստական տվյալների համադրությամբ պետք է վարչական մարմինը և քաղաքացին պարզեն բնակարանային պայմանների բարելավման փաստի առկայությունը կամ բացակայությունը: Դիմողի պնդմամբ վիճարկվող նորմի դեպքում պարզ չէ, թե բնակարանային պայմանների բարելավումն ինչ չափանիշներով պետք է գնահատվի։ Այս առումով Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը խնդրո առարկա որոշմամբ տվել է այնպիսի մեկնաբանություն, «որ ընտանիքի մեկ անդամի կամ ընտանիքի նախկին անդամի բնակարան, բնակելի տարածություն ունենալու հանգամանքը պետք է գնահատվի որպես մնացածի բնակարանային պայմանների բարելավվում, և մյուսները պետք է զրկվեն բնակարան ստանալու իրավունքից»: Դիմողի կարծիքով նման մեկնաբանությունը համահունչ չէ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 60-րդ հոդվածներով երաշխավորված սահմանադրական իրավունքներին:

4. Պատասխանողը (ՀՀ կառավարությունը) արձանագրում է, որ «աղետի գոտու բնակավայրերում իրականացվող Ծրագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության մեկնաբանության հարցում կա որոշակի թյուրըմբռնում». խնդիրը պետք է ուսումնասիրել ոչ թե մեկ իրավական ակտի, այլ դրան վերաբերող օրենսդրության համատեքստում: Պատասխանողի գնահատմամբ աղետի գոտու բնակավայրերում իրականացվող բնակապահովման ծրագրերի (այսուհետ Ծրագիր) իրականացման գործում պետության առաջնային նպատակն ու խնդիրը ոչ թե երկրաշարժի հետևանքով անձանց սեփականությանը պատճառված վնասի վերականգնումը կամ այդ վնասի փոխհատուցումն է, այլ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը։ Պատասխանողը նշում է, որ նշված բնակարանները 1988 թվականին գործող օրենսդրությամբ հանդիսացել են պետական և հանրային բնակարանային ֆոնդի, ինչպես նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներ, որտեղ բնակելի տարածությունները քաղաքացիներին են հատկացվել ոչ թե սեփականության իրավունքով, այլ անժամկետ օգտագործման համար (2005 թվականի նոյեմբերի 26-ին ուժը կորցրած Բնակարանային օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս), ուստի խնդիրը վերաբերում է ոչ թե կորցրած սեփականության դիմաց տրվող փոխհատուցմանը կամ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանությանը, այլ պետության կողմից երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին պետության կողմից տրամադրվող աջակցությանը, հետևաբար` պետությունն իր նյութական միջոցների հնարավորության սահմաններում իրավասու է որոշել տրամադրվող աջակցության ծավալներն ու պայմանները։ Պատասխանողը գտնում է, որ ընտանիքի մեկ անդամի բնակարանային պայմանների բարելավումն ինքնաբերաբար չի հանգեցնում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց հերթացուցակում հաշվառված ընտանիքի մյուս անդամների աջակցություն ստանալու իրավունքի դադարեցմանը, այլ կատարվում է փաստաթղթային փաթեթի ուսումնասիրություն և դրա հիման վրա ընտանիքի բնակապահովման հարցի քննարկում հաշվի առնելով տվյալ բնակարանային գործի հանգամանքները: Անդրադառնալով «ընտանիք» հասկացության մեկնաբանմանը Պատասխանողը նշում է, որ իրավահարաբերության առանձնահատկությունն այն է, որ այն գործնականում իրականացվել է Կարգի 4-րդ կետով սահմանված կարգով, այն է Ծրագրի շահառու ճանաչվելու համար ընտանիքի անդամները ոչ թե առանձին-առանձին որպես վարչական վարույթի մասնակից, այլ նրանցից մեկը համայնքի ղեկավարին ներկայացրել է դիմում ներառելով ընտանիքի մյուս անդամների անունները։ Այդ հիմքով վարչական վարույթն իրականացվել է ընտանիքի վերաբերյալ, իսկ վարչական ակտի հասցեատեր հանդիսացել է դիմումը ներկայացրած անձը։ Պատասխանողի պնդմամբ` դիմումում չի ներկայացվել նաև Կարգի 15, 16 և 17-րդ կետերի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ որևէ հիմնավորում։

5. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից ելնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ. 5.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ նաև Օրենք) սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Այդ հիմքերն են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ Դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ըստ Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: ՀՀ կառավարության 10.06.1999 թ. թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 2-րդ կետի համաձայն բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բազմաբնակարան շենքի բնակարանը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները վերաբերում են Կարգի 12-րդ կետի վիճարկվող «ա» ենթակետով սահմանված «բնակարանային պայմանները բարելավվել են» բառակապակցության Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանության սահմանադրականությանը։ Մասնավորապես, Դիմողը նշում է, որ «(…) Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում ընդունելով դրան տվել է այնպիսի մեկնաբանություն, որ ընտանիքի մեկ անդամի կամ ընտանիքի նախկին անդամի բնակարան, բնակելի տարածություն ունենալու հանգամանքը պետք է գնահատվի որպես մնացածի բնակարանային պայմանների բարելավվում և մյուսները պետք է զրկվեն բնակարան ստանալու իրավունքից»։ Ըստ Դիմողի Վճռաբեկ դատարանը սույն գործով երկրաշարժի պահին ընտանիքի կազմում գտնվող անձի սեփականության իրավունքով բնակելի տան առկայությունը գնահատել է որպես Դիմողի և նրա ընտանիքի մյուս անդամների բնակարանային պայմանների բարելավման փաստ, ինչը, Դիմողի կարծիքով նաև ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 432 որոշմամբ սահմանված Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի «բնակարանային պայմանները բարելավվել են» բառակապակցության Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին անհամապատասխանության արդյունք է։ Բացի դրանից, Դիմողը կարծում է, որ «ընտանիքը»` որպես սուբյեկտ, չի կարող ինքնուրույն ձեռք բերել իրավունքներ և պարտականություններ, հետևաբար սույն իրավահարաբերություններում էլ «ընտանիքը» չէր կարող վարչական վարույթի հասցեատեր դիտարկվել։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1434/05/16 վարչական գործով 2021 թվականի մայիսի 21-ի կայացրած որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ սահմանված «քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները» հասկացությունը վերաբերում է երկրաշարժի օրվա դրությամբ տվյալ բնակարանում բնակվող անձանց: Հետևաբար աղետի հետևանքով քանդված բնակարանի վարձակալ Յուրիկ Սողոմոնյանը և Նորիկ Սողոմոնյանը հանդիսացել են միևնույն ընտանիքի անդամներ: Անհրաժեշտ է փաստել նաև, որ Յուրիկ Սողոմոնյանին և վերջինիս ընտանիքի անդամներին վարձակալության իրավունքով պատկանող բնակարանն աղետի հետևանքով քանդված լինելու հիմքով է Նորիկ Սողոմոնյանն ընտանիքի չորս անձով հաշվառվել հերթացուցակում: Սույն պարագայում Յուրիկ Սողոմոնյանի բնակարանային պայմանների բարելավումը դիտվում է նաև հաշվառված ընտանիքի մնացած անդամների բնակարանային պայմանների բարելավում (...)»։ Վերոգրյալից ելնելով` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են հանդիսանալ այն վեճերը, որոնց հիմքում ընկած են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող իրավանորմերի սահմանադրականության գնահատման հարցեր, մինչդեռ դիմումի հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանում, ըստ էության, բարձրացվել են Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող նորմերի կիրառման իրավաչափության, Դիմողի նկատմամբ կայացված, վերջինիս համար անբարենպաստ ելքով դատական ակտի օրինականության հարցեր, որոնց քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթից։ 5.2. Անդրադառնալով Դիմողի այն հարցադրմանը, թե արդյոք վարչական մարմնի կողմից վարչական ակտ կայացնելու դեպքում պետք է լինի «անձին» ծանուցելու պարտականություն, և արդյոք վարչական վարույթում «ընտանիքը» որպես մասնակից կամ հասցեատեր դիտարկելը չի հակասում Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետության գաղափարին և պատշաճ վարչարարության իրավունքին, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում փաստել, որ Դիմողը վիճարկում է Կարգի 15, 16 և 17-րդ կետերին իրավակիրառ պրակտիկայի կողմից տրված մեկնաբանության սահմանադրականությունը: Կարգի 15-րդ կետը կարգավորում է բնակարանների բաշխման գործընթացի հրապարակայնության ապահովման հարցը, 16-րդ կետը նախատեսում է քաղաքացիներին բնակելի տարածությունների հատկացման նորմատիվները, իսկ 17-րդ կետը կարգավորում է բնակարան ստացող քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին բնակարան հատկացնելու հետ կապված ընթացակարգային հարցեր: Դիմողը, վերլուծելով պատշաճ վարչարարության իրավունքը սահմանող Սահմանադրության 50-րդ հոդվածը, վարչական վարույթի մասնակիցների կազմը սահմանող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը և նշյալ օրենքի մի շարք այլ հոդվածներ, փորձել է Վճռաբեկ դատարանի գործողությունները դիտարկել այդ կարգավորումների լույսի ներքո և դրանով հիմնավորել իր սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտման փաստը։ Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը բավարարվել է միայն Կարգի 15, 16 և 17-րդ կետերի վկայակոչմամբ և նշումով, որ իրավակիրառ պրակտիկայի կողմից դրանց տրվել է հակասահմանադրական մեկնաբանություն, մինչդեռ անհրաժեշտ էր պատշաճ վերլուծության ենթարկել վերաբերելի իրավակարգավորումները և բավարար կերպով ներկայացնել համապատասխան հիմնավորումներ իրավակիրառ պրակտիկայի կողմից դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Դիմողը վիճարկվող բոլոր դրույթների (Կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի, 15, 16 և 17-րդ կետերի) սահմանադրականությունը դիտարկում է դրանց իրավակիրառ պրակտիկայի կողմից տրված մեկնաբանության համատեքստում, Սահմանադրական դատարանը շեշտում է, որ դիմումը հիմնավորված համարելու համար անհրաժեշտ է, որ այն միաժամանակ համապատասխանի, ի թիվս այլնի, հետևյալ պահանջներին. հստակ պարունակի իրավակիրառ պրակտիկայի կողմից նորմին տրված մեկնաբանությունը, այսինքն իրավակիրառի դատողության, վերլուծության, եզրահանգման այն հատվածը, որը, Դիմողի կարծիքով, հանդիսանում է վիճարկվող նորմի մեկնաբանություն, հիմնավոր փաստարկներ նախատեսի, որոնցով կմատնանշվի պատճառահետևանքային կապը` խախտված հիմնարար իրավունքի կամ ազատության և իրավակիրառ մեկնաբանության միջև, այսինքն պարունակի հիմնավորումներ, թե իրավակիրառի մեկնաբանությունն ինչպես է ազդել հիմնարար իրավունքի կամ ազատության վրա և ինչպես է հանգեցրել դրա ոչ իրավաչափ սահմանափակման, խաթարման կամ այլ կերպ խախտման: Այդ առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը չի հիմնավորել իր ենթադրյալ խախտված իրավունքների և իրավակիրառ պրակտիկայի կողմից վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապը։ Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի փաստարկներն ակնհայտ անհիմն են: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Մարինա Մացակյանի դիմումի հիման վրա ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «ա» ենթակետի, 15, 16 և 17-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

20 հունվարի 2022 թվականի

ՍԴԱՈ-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հունվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել