ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 նոյեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 20 | ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 16 նոյեմբերի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Լիլիթ Մուսեյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Լիլիթ Մուսեյանը 26.10.2015թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.
«ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 18 և 19, 27.1-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 75-րդ հոդվածի «Հայցադիմումը հայցվորը ներկայացնում է վարչական դատարան առձեռն կամ ուղարկում է փոստով» և ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի` «Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական հասցեով» դրույթների «փոստով» ու «ուղարկվում են» դրույթների իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ, ... ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի` «Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական հասցեով» դրույթի «պաշտոնական հասցեով» դրույթը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ, որով պաշտոնական հասցե չի համարում պետական մարմնի կամ պաշտոնատար անձի էլեկտրոնային պաշտոնական հասցեն, կամ
բացահայտել` ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 75-րդ հոդվածի «Հայցադիմումը հայցվորը ներկայացնում է վարչական դատարան առձեռն կամ ուղարկում է փոստով» և ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի` «Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական հասցեով» դրույթների «փոստով» ու «ուղարկվում են» դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը, բացահայտել` ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի` «Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական հասցեով» դրույթի` «պաշտոնական հասցեով» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը»:
2. Դիմողը նշում է, որ ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին կամ գործը քննող դատարան ուղարկելու հիմնական միջոց է դիտարկում փոստը։ Համապատասխան սուբյեկտը դատավարական փաստաթղթերը կարող է դատավարության մասնակիցներին կամ գործը քննող դատարան առաքել էլեկտրոնային փոստի միջոցով միայն այն դեպքում, երբ դրա իրավական հնարավորության մասին ուղղակիորեն ամրագրված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում։ Դիմողի կարծիքով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 75-րդ, 76-րդ հոդվածները հակասում են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ, 27.1-րդ հոդվածներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածներին, քանի որ խոչընդոտում են անձի դատավարական իրավունքների իրացմանը, ինչպես նաև խախտում են արդարադատության մատչելիության և հասանելիության սկզբունքները: Ըստ դիմողի` դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա. տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 75-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումը ողջամիտ չէ և միայն ձևական պահանջների պահպանմամբ խոչընդոտում է անձի` Սահմանադրությամբ երաշխավորված դատավարական իրավունքների իրացմանը:
3. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի դրույթը չի կիրառվել իր նկատմամբ: Դատական համապատասխան ակտերում այս դրույթը վկայակոչվել է այն կտրվածքով, որ վերաքննիչ դատարանը, իր իրավական վերլուծությունները կատարելիս, հիմնվել և վկայակոչել է, ի թիվս այլնի, նաև նշյալ դրույթի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային դիրքորոշումները: ՀՀ սահմանադրական դատարանը 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված` ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին որպես պարտադիր պայման ներկայացվող պահանջներն ինքնանպատակ չեն: Դրանք կոչված են ապահովելու սահմանադրական արդարադատություն իրականացնելու` սահմանադրական դատարանի պատշաճ և արդյունավետ գործառույթի իրականացումը` դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին: Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Դիմում կարող է ներկայացվել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից` որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի առնչությամբ դատական կազմը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Լիլիթ Մուսեյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի մասով մերժել: «Լիլիթ Մուսեյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության: Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
16 նոյեմբերի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 նոյեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
