Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-715 փետրվարի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 փետրվարի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 7 | ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

15 փետրվարի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղ. Գևորգ Դավթյանի դիմումով գործը

քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղ. Գևորգ Դավթյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «...ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 92-րդ հոդվածի 2- րդ մասերին, 94-րդ հոդվածին հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հինգերորդ բաժնի իրավանորմերը ընդհանրապես, և 223-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, 234-րդ հոդվածը, 226-րդ հոդվածը, 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը մասնավորապես, այնքանով, որքանով չեն նախատեսում միմյանց հակասող դատական ակտերի իրավակարգավորումները և/կամ միմյանց հակասող դատական ակտերի առկայությամբ օրենքի միատեսակ կիրառության ապահովմամբ Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու վերաբերյալ պարտադիր պայմանը»։

1. Ըստ դիմումի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (Ընկերություն) աշխատակիցների կողմից հանվել է դիմումատուի բնակարանը սպասարկող գազահաշվիչը և դադարեցվել է գազամատակարարումը։ Դեպքի կապակցությամբ դիմում-բողոք է ներկայացվել Ընկերությանը, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (Հանձնաժողով)։ Հանձնաժողովի կողմից Ընկերության նկատմամբ հարուցվել է վարույթ, որը հետագայում կարճվում է, սակայն պարտավորեցվում է Ընկերությանը վերականգնել դիմումատուի բնակարանի գազամատակարարումը։ Գազամատակարարման չվերականգնման, ինչպես նաև դադարեցմամբ պատճառված վնասների հատուցման հայցով դիմումատուն դիմում է դատարան։ Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով հայցապահանջը բավարարվել է մասնակի։ Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Վերջինս իր 15.08.2012թ. որոշմամբ մերժել է բողոքը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ։ Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.09.2012թ. որոշմամբ վերադարձվել է։

Ըստ դիմումատուի, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացնելիս կիրառվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժնի նորմերն «ընդհանրապես, և 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, 234- րդ հոդվածի 1-ին կետը, 226-րդ հոդվածը, 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը մասնավորապես»։

Դիմումատուն գտնում է, որ վերոհիշյալ նորմերում առկա է իրավական բաց, որպիսի պարագայում խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության հիմնական առաքելությունը, և ինչն էլ ըստ նրա, հակասահմանադրականության խնդիր է առաջացնում այնքանով, որքանով այն ամբողջությամբ չի ապահովում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության առաքելությունը։

2. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։ Հակառակ դիմումատուի պնդման, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժնի 222-225, 227-230, 232, 235-241.3 հոդվածները չեն կիրառվել դիմողի նկատմամբ։ Մինչդեռ, անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումն է։ Այս պայմանը, ի թիվս այլոց, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին կետով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4- րդ և 5-րդ ենթակետերի, 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և 234-րդ հոդվածի առնչությամբ դատական կազմն արձանագրում է, որ դրանց վերաբերյալ առկա են ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-690, ՍԴՈ-754, ՍԴՈ-765 որոշումները։ Հետևաբար, վերոնշյալ դրույթների մասով առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմք, և բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և վերոհիշյալ նորմերի մասով դիմումն ակնհայտ անհիմն է նաև այն հիմնավորմամբ, որ դիմողը նորմատիվ այդ դրույթների հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացը մատնանշելով։

Օրենսդրական բացի կապակցությամբ սահմանադրական դատարանի դատական կազմն անհրաժեշտ է համարում նշել, որ այն որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները, սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14- ի թիվ 914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Այսպիսով, սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, երբ կոնկրետ գործով միաժամանակ առկա են օրենսդրական բացի սահմանադրական դատարանի կողմից մատնանշված վերոհիշյալ չափանիշները, այն է կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում կամ այդ խախտման պոտենցիալ հնարավորություն և օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքների բացակայություն կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկա։

Ինչ վերաբերում է դիմումատուի այն հիմնավորմանը, ըստ որի առկա է հակասական իրավակիրառական պրակտիկա, այն է. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի միմյանց հակասող առնվազն երկու դատական ակտեր, որի պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկնաբանությամբ չի վերացրել այդ հակասությունը, ապա դատական կազմը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում խնդիրը վիճարկվող դրույթների բովանդակության և առավել ևս դրանց սահմանադրականության հետ չի առնչվում։ Բերված օրինակում խոսքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսինքն նյութական իրավունքի) դրույթների ենթադրյալ հակասական մեկնաբանության մասին է, և եթե նույնիսկ նման հակասականություն առկա է, ապա դա ամենևին չի առնչվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների (այսինքն ընթացակարգային նորմերի) սահմանադրականության խնդրին։ Տվյալ դեպքում, դիմողի փաստարկները հիմնականում պայմանավորված են նյութական նորմին դատարանների կողմից տրված ենթադրյալ հակասական մեկնաբանություններով (փաստական հանգամանքների գնահատում և իրավունքի կիրառում), որը տեսականորեն կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով, սակայն ոչ վիճարկվող դրութների բովանդակությամբ։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ, 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Գևորգ Դավթյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

15 փետրվարի 2013թ.

ՍԴԴԿՈ/1-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 փետրվարի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել