«ՀԱՅԿ ԱՐՇԻՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 փետրվարի 2023թ. ՍԴԴԿՈ - 8 | «ՀԱՅԿ ԱՐՇԻՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 փետրվարի 2023թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով «Հայկ Արշին» ՍՊԸ-ի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
«Հայկ Արշին» ՍՊԸ-ն (այսուհետ նաև Դիմող, ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Խաչիկի Գրիգորյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի փետրվարի 7-ին) խնդրելով. «Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ և 69-րդ հոդվածները և հաշվի առնելով Սահմանադրության 1-ին, 3-րդ, 75-րդ և 80-րդ հոդվածների պահանջները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 59-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր այնքանով, որքանով չի նախատեսում պայման, այն մասին, որ կապալառուի կողմից աշխատանքի արդյունքը Պատվիրատուին հանձնված է համարվում նաև աշխատանքի արդյունքը Պատվիրատուի փաստացի տիրապետմանն անցնելու պահից»: Դիմողը հայտնել է, որ որոշակի օբյեկտի կառուցման նպատակով կնքվել է շինարարական կապալի պայմանագիր, իսկ հետագայում այդ պայմանագրով կապալառուի և իր միջև կնքվել է պահանջի զիջման պայմանագիր, որով շինարարական կապալի պայմանագրով կապալառուի իրավունքները փոխանցվել են Դիմողին: Շինարարական կապալի պայմանագրի շրջանակներում կողմերի միջև չի կազմվել հանձնման-ընդունման ակտ, սակայն կապալառուի կողմից գույքը փաստացի հանձնվել է պատվիրատուին, որպիսի փաստը վերջինս ընդունել է: Դիմողը նշել է, որ շինարարական կապալի պայմանագրից բխող հետավարտման երաշխիքի գումարի, ինչպես նաև պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված վնասի և գոյացած տույժերի գումարի բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը 2021 թվականի դեկտեմբերի 2-ի վճռով բավարարվել է մասնակի (թիվ ԱՐԴ1/2780/02/18 քաղաքացիական գործ): Գործով կայացված վճռի դեմ պատասխանողը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի մարտի 18-ի որոշմամբ բավարարվել է, իսկ այդ որոշման դեմ Դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի 2022 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ։ Ըստ Դիմողի հիշյալ գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ իր նկատմամբ կիրառվել է Քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ մասը, որում առկա է Սահմանադրությանը հակասող օրենսդրական բաց, ինչը հանգեցրել է Դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված` սեփականության, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և արդար դատաքննության իրավունքների խախտմանը: Դիմողը վիճարկում է Քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ մասն այն առումով, որ դրանում ամրագրված նորմը չի նախատեսում պայման այն մասին, որ կապալառուի կողմից աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնված է համարվում նաև այն պատվիրատուի փաստացի տիրապետմանն անցնելու պահից: Ըստ Դիմողի պրակտիկայում շատ են դեպքերը, երբ կապալառուն պարտավորության պայմաններին, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան կատարում է աշխատանքը և հանձնում դրա արդյունքը պատվիրատուին: Վերջինս այն զննում և ընդունում է, սակայն դրա մասին չի կազմվում երկկողմ կամ միակողմ հանձման-ընդունման ակտ: Դիմողի համոզմամբ` նման դեպքերում կապալառուի կատարված աշխատանքի դիմաց հատուցում ստանալու իրավունքը չպետք է սահմանափակվի, և չի կարող օրենսդրական բացի հետևանքով փաստացի թույլատրվել, որ բարեխիղճ կապալառուները զրկվեն կատարված աշխատանքի դիմաց հատուցում ստանալու իրավունքից միայն այն պատճառաբանությամբ, որ օրենսդիրը կապալի պայմանագրով աշխատանքի արդյունքը փաստացի հանձնված է համարում հանձնման-ընդունման ակտի գոյության դեպքում: Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթում առկա օրենսդրական բացի և այդ բացով պայմանավորված դատարանի կողմից դրան տրված մեկնաբանության արդյունքում զրկվել է հանձնման-ընդունման ակտի բացակայության պայմաններում շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելու և այն փաստացի պատվիրատուի տիրապետման տակ գտնվելու հանգամանքի հաստատման վերաբերյալ այլ թույլատրելի ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, ինչը խախտում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իր արդար դատաքննության իրավունքը։ Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթում առկա օրենսդրական բացի և այդ բացով պայմանավորված դատարանի կողմից դրան տրված մեկնաբանության արդյունքում խախտվում է կապալառուների Սահմանադրության 59-րդ հոդվածով սահմանված տնտեսական, ներառյալ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, քանի որ նրանք պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում կատարում են աշխատանքը և հանձնում այն պատվիրատուին, սակայն այն պատճառով, որ պատշաճ կատարած աշխատանքի արդյունքն առանց հանձնման-ընդունման ակտի է հանձնվել, փաստացի զրկվում են շահույթ ստանալու իրավունքից։ Դիմողը գտնում է, որ անկախ համապատասխան փաստաթղթավորման հանգամանքից կապալառուն աշխատանքի արդյունքի դիմաց վճարվելիք գումարի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք։ Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային Դիմողը նշում է, որ սեփականություն կարող են համարվել նաև որոշ գույքային իրավունքներ և շահեր, ինչպես նաև անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքը, և եզրակացնում, որ վիճարկվող դրույթում առկա օրենսդրական բացով պայմանավորված դրան տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածներին, քանի որ բացի հանձնման-ընդունման երկկողմանի ստորագրված ակտի ներկայացումից կապալառուները որևէ այլ եղանակով չեն կարող հիմնավորել աշխատանքի արդյունքը պատվիրատուին փաստացի հանձնված լինելու հանգամանքը, ինչի արդյունքում առաջինները զրկվում են իրենց սեփականությունից: Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթում առկա բացը հանգեցրել է դրան տրված այնպիսի մեկնաբանության, որի համաձայն աշխատանքի արդյունքը ընդունելու հանգամանքը կարող է ապացուցվել միայն երկու կողմերի ստորագրած ակտով, որի բացակայության դեպքում պատվիրատուն չի կրում պայմանագրի գինը վճարելու պարտականություն։ Ըստ Դիմողի առկա է իրավակարգավորման թերություն, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի կամքը ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից. հակառակ դեպքում Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներում չէր սահմանվի, որ գույքը ձեռք բերողին հանձնված է համարվում այն վերջինիս կամ նրա նշած անձի փաստացի տիրապետմանն անցնելու պահից: Խոսքը իրավակարգավորման թերության մասին է, քանի որ ներկայացվող բացը հանգեցնում է քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների հավասարության սկզբունքի խախտմանը։ Դիմողի համոզմամբ օրենսդրական բացը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու կամ կիրառելու միջոցով, քանի որ դրա արդյունքում հնարավոր չէ բացահայտել այն չափանիշները և պահանջները, որոնք հիմք կտան հասկանալու, թե ինչպես է հնարավոր պատշաճ կերպով կատարված աշխատանքի դիմաց կապալառուին չվճարել միայն այն պատճառով, որ աշխատանքի արդյունքը հանձնվել է առանց երկկողմանի ստորագրված հանձնման-ընդունման ակտի, իսկ վիճարկվող նորմով աշխատանքի արդյունքը փաստացի պատվիրատուի տիրապետմանը հանձնելը չի համարվում աշխատանքի արդյունքի հանձնում: Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերն ու մյուս փաստաթղթերը, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 6-րդ մասով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է. «Կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնումը և պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձևակերպվում է երկու կողմերի ստորագրած ակտով: Ակտն ստորագրելուց կողմերից մեկի հրաժարվելու դեպքում ակտում նշվում է այդ մասին, և ակտն ստորագրում է մյուս կողմը: Աշխատանքի արդյունքը հանձնելու կամ ընդունելու միակողմանի ակտը դատարանը կարող է անվավեր ճանաչել, եթե հիմնավոր են ճանաչվել ակտն ստորագրելուց հրաժարվելու շարժառիթները»: Դիմողն առաջադրում է Քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ մասում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարց նշելով, որ հիշյալ դրույթը չի նախատեսում կարգավորում առ այն, որ կապալառուի կողմից աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնված է համարվում նաև այն վերջինիս փաստացի տիրապետմանը հանձնելու պահից: Ըստ Դիմողի նշվածը հանգեցնում է հանձնման-ընդունման ակտից բացի աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելու մասին որևէ այլ ապացույցով պահանջը հիմնավորելու և կապալառուի պատվիրատուից համապատասխան վարձատրություն ստանալու պահանջն իրացնելու անհնարինությանը խախտելով կապալառուի Սահմանադրության 59, 60 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը կապալառուի կողմից հանձնելը և պատվիրատուի կողմից ընդունելը ձևակերպելու եղանակը, այն է կազմվում է հանձնման-ընդունման ակտ երկու կողմի ստորագրությամբ, իսկ եթե կողմերից մեկը հրաժարվում է այն ստորագրել, ապա ակտում նշվում է այդ մասին, և այն ստորագրում է մի կողմը։ Օրենսդրական նման պահանջի սահմանումը նշանակում է, որ շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը հանձնելու և այն ընդունելու գործընթացի տարր է նաև հանձնման-ընդունման ակտի կնքումը: Միաժամանակ, պայմանագրի բարեխիղճ կողմի շահերի պաշտպանությունը երաշխավորելու նպատակով հիշյալ դրույթը հանձնման-ընդունման միակողմ ակտն ապահովում է նույն իրավաբանական ուժով և դրա կայացման հետ կապում է միևնույն իրավական հետևանքները, ինչ երկու կողմերի ստորագրած ակտի պարագայում է. բացառություն է կազմում այն դեպքը, երբ հետագայում միակողմ ակտը դատարանի կողմից ճանաչվում է անվավեր պայմանավորված մյուս կողմի ակտը ստորագրելուց հրաժարվելու շարժառիթները հիմնավոր ճանաչվելու հանգամանքով։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ քաղաքացիական շրջանառության մասնակիցների միջև ծագող պայմանագրային պարտավորությունների իրավական կարգավորումը` դրանց շրջանակներում որոշակի հանգամանքների ապացուցմանը վերաբերող պայմանների սահմանումը վերապահված է օրենսդրի իրավասությանը: Այդ առումով Քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես հատուկ կարգավորում, սահմանում է շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը կապալառուի կողմից հանձնելը և պատվիրատուի կողմից ընդունելը հանձման-ընդունման ակտով ձևակերպելու հրամայական պահանջ չնախատեսելով այդ կանոնից որևէ բացառություն: Դիմողը հայտնում է, որ իր գործով կապալառուն հանձնել է, իսկ պատվիրատուն ընդունել է շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը, բայց հանձնման-ընդունման ակտ չի կազմվել: Մինչդեռ դիմումը չի պարունակում որևէ հիմնավորում առ այն, թե ի՞նչն է եղել հանձման-ընդունման ակտ չկազմելու պատճառը, ինչպես նաև տեղեկություն այն մասին, թե որքանո՞վ և ի՞նչ պատճառաբանությամբ է կապալառուի համար անհասանելի եղել օրենսդրի կողմից նախատեսված միայն կապալառուի ստորագրությամբ միակողմ հանձնման-ընդունման ակտի կազմման հնարավորությունը, որի բացակայությունը կխոչընդոտեր կապալառուի Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված իրավունքների կամ ազատությունների արդյունավետ իրականացմանը: Այլ խոսքով` դիմումում բացակայում է հիմնավորում առ այն, թե որքանով է Դիմողի կողմից վիճարկվող իրավական նորմերի ենթադրյալ հակասահմանադրականությունը հանգեցրել իր որևէ սահմանադրական իրավունքի կամ ազատության խախտման։ Հետևաբար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Հայկ Արշին» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ա. Թունյան
Ե. Խունդկարյան
27 փետրվարի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
