Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7521 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-75)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 75 | ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 օգոստոսի 2026թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Արմեն Գևորգյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Գևորգյանը (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արամազդ Կիվիրյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 17-ին), խնդրել է հետևյալը.

«1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով չի նախատեսում «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման անմիջական բողոքարկման հնարավորություն վերաքննության կարգով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ փոխկապակցված ՀՀ Սահմանադրության 5-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածների հետ։

2. Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ վիճարկվող դրույթը ենթակա է սահմանադրահեն մեկնաբանության, ապա բացահայտել դրա սահմանադրաիրավական բովանդակությունն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է անմիջական բողոքարկման վերաքննության կարգով»։

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0210/02/25 դատական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Դիմողի նկատմամբ կիրառվել է այնպիսի մեկնաբանությամբ, որի արդյունքում կիրառված և շարունակաբար գործող գույքային սահմանափակման վերացման մերժումը որևէ վերադաս դատական ստուգման չի ենթարկվել: Դիմողը զրկվել է ոչ թե պարզապես դատավարական որևէ գործողություն կատարելու հնարավորությունից, այլ իր սեփականության իրավունքի նկատմամբ շարունակվող միջամտության հիմքերը, անհրաժեշտությունը և համաչափությունը վերաքննիչ դատարանում վիճարկելու իրական հնարավորությունից:

Դիմողը գտնում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով չի նախատեսում «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման անմիջական բողոքարկման հնարավորություն վերաքննության կարգով, առաջին հերթին հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ սեփականության իրավունքին, 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին և 75-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր նախատեսելու պահանջին՝ փոխկապակցված Սահմանադրության 5, 63, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների հետ։

Դիմողը նշում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման և հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման իրավական բնույթի ու հետևանքների համադրումը վկայում է իրավակիրառ պրակտիկայում ձևավորված տարբերակված մոտեցման իրավական հիմնավորման բացակայության մասին, մասնավորապես՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկելի է, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը բողոքարկելի է, հայցի ապահովման միջոցը փոխարինելու կամ ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1802 որոշման ուժով, բողոքարկելի է, մինչդեռ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը՝ իր հետևանքային ազդեցությամբ նույնական դատական ակտը, բողոքարկելի չէ:

Դիմողը հավելում է, որ օրենսդիրը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ամրագրել է հայցի ապահովման ինստիտուտի շրջանակներում կայացվող որոշումների բողոքարկման կազմակերպական կառուցակարգ, սակայն իրավակիրառ պրակտիկայում այդ նորմին տրված նեղ տառացի մեկնաբանության արդյունքում այդ կառուցակարգը հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու որոշումների նկատմամբ դարձել է անգործուն, ինչը հակասում է Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջներին:

Բացի դրանից, ըստ Դիմողի՝ գործող իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի պայմաններում ստեղծվել է դատավարական իրավահավասարության սկզբունքի ակնհայտ խախտում։ Մասնավորապես՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 134-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը կարող է բողոքարկել այն անձը, որի միջնորդությամբ կիրառվել էր հայցի ապահովման միջոց (այսինքն՝ հայցվորը), մինչդեռ արգելանքի բեռը կրող պատասխանողը հայցի ապահովումը վերացնելու միջնորդության մերժման դեպքում զրկված է բողոքարկման հնարավորությունից: Այսինքն՝ միևնույն դատավարական հարցի՝ արգելանքի պահպանման կամ վերացման կապակցությամբ մրցակցային դատավարության մի կողմն ունի վերադաս ատյան դիմելու իրավունք, իսկ մյուսը՝ ոչ, ինչը խաթարում է կողմերի դատավարական իրավահավասարության և մրցակցության սկզբունքները։

Ամփոփելով վերոնշյալը՝ Դիմողը գտնում է, որ ներկայիս իրավակարգավորումները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, չեն ապահովում հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության մերժման որոշման անմիջական բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը, իսկ այդ բացը լրացնող այլ համարժեք և արդյունավետ վերադաս դատական վերահսկողություն առկա չէ: Արդյունքում՝ ըստ Դիմողի՝ վերջինս զրկվում է իր սեփականության իրավունքի նկատմամբ շարունակվող միջամտության հիմքերը, անհրաժեշտությունն ու համաչափությունը ժամանակին վիճարկելու իրական հնարավորությունից, ինչը հանգեցնում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով և 75-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների ու պահանջների խախտման՝ փոխկապակցված Սահմանադրության 5, 63, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների հետ։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)։

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ (…) լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Տվյալ դեպքում Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ մերժել է Դիմողի կողմից ներկայացված՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը։ Միաժամանակ Հակակոռուպցիոն դատարանը հիշյալ որոշման եզրափակիչ մասում արձանագրել է նշված որոշման՝ կայացման պահից ուժի մեջ մտնելու և բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

Իսկ նշված օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ «բացակայում են կամ վերացել են սույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը» հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը վերաքննիչ դատարան կարող է բողոքարկել միայն այն անձը, որի միջնորդությամբ կիրառվել էր հայցի ապահովման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Միաժամանակ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Նույն օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսվում է, որ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին: Իսկ նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով թվարկվում են վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումները։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, 134-րդ հոդվածի 6-րդ մասի, 188-րդ հոդվածի 1-ին մասի, 199-րդ հոդվածի 3-րդ մասի, 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 361-րդ հոդվածի 1-ին մասի համակարգային վերլուծությունից հետևում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ է, և այն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

Ելնելով վերոնշյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական օրենքն անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը կապում է վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու հետ, ուստի՝ տվյալ դեպքում Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի դատական ակտի կայացման պահը, այն է՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ը, որպիսի պայմաններում էլ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2026 թվականի ապրիլի 6-ին (2026 թվականի ապրիլի 4-ը և 5-ը ոչ աշխատանքային օրեր են)։ Մինչդեռ սույն գործով դիմումը Սահմանադրական դատարան առաքելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 2026 թվականի օգոստոսի 14-ին (հիմք՝ դիմումին կցված ծրարի վրա առկա փոստային ծառայության դրոշմակնիքը՝ 2026 թվականի օգոստոսի 14-ին առաքանին փոստային ծառայությունում ընդունելու մասին): Նման պայմաններում Դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է սույն գործի քննությունը Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերի հիմքով մերժելու համար։

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 3-ին կայացրած հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը Դիմողի կողմից վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկելուն, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դատարանի կայացրած բողոքարկման ոչ ենթակա, վերջնական դատական ակտը Դիմողի կողմից վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը վերադաս դատական ատյանի կողմից որոշում կայացնելու հանգամանքով պայմանավորելու համար, քանի որ կողմի համար Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից ուղղակիորեն կանխատեսելի էր նման դատական ակտի բողոքարկման ոչ ենթակա լինելու հանգամանքը։ Ավելին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ Հակակոռուպցիոն դատարանը, ի կատարումն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջների, հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման եզրափակիչ մասում արձանագրել էր նշված որոշման վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը։ Բացի դրանից, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի նոյեմբերի 4-ի դատական ակտով ևս արձանագրել էր նշված դատական ակտի՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայությունը։

Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերին համապատասխան՝ Դիմողը չի պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը, Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերի համաձայն, անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արմեն Գևորգյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Է. Շաթիրյան

Հ. Հովակիմյան

21 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-75

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-75
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել